Պիտակներ

,

Ողջույն և բարի գալուստ: Այստեղ խոսվելու է նույնասեռականության մասին: Շատերը, տվյալ թեմայի շուրջ լինելով անգրագետ, հանդիպում են նրանց, ովքեր տվյալ թեմայի շուրջ տգետ են, և դրանից ստացվում է ահավոր շիլա-շփոթ: Բոլորս էլ եղել ենք անգրագետ, և շատ բնագավառներում էլ անգրագետ ենք, դա բնական է: Իսկ լինել տգետ անբնական է և ոչ ողջունելի, եթե չասենք՝ դատապարտելի: Տվյալ բլոգում ես իմ հիմնական նպատակն եմ համարում առավել հանրամատչելի դարձնել տվյալ թեմային առնչվող նյութեր, հիմնականում՝ թարգմանելով դրանք օտար լեզուներից, նաև ներկայացնելով տարբեր քիչ թե շատ «իրավասու» մարդկանց, մտավորականների կարծիքներ (երբեմն՝ իրարամերժ): Ցանկալի է լսել նաև պահպանողականների կարծիքները և փորձել գալ մեկ ընդհանուրի, ինչքանով որ դա հնարավոր լինի: Շատ են խեղաթյուր կարծիքները նույնասեռականների և նույնասեռականության մասին: Հայաստանի պես երկրի համար դա նույնիսկ բնական է, բառի նեղ իմաստով: Երկար տասնամյակներ երևույթն ինքը եղել է օրենքով պատժելի ԽՍՀՄում, հետո, որոշ ժամանակ, Երրորդ Հանրապետությունում: Այսօր էլ, որպես արդյունք, մարդիկ (շատերը) դեռևս բացասական են վերաբերվում և´ երևույթին, և´ նման անհատներին: Երբեմն կարծիքները և հայտարարություններն ուղղակի ծիծաղելի են: Նույնիսկ դասախոսներ, որոնք իրենց համարում են գիտակ, երբեմն անգետ կամ էլ տգետ են դուրս գալիս տվյալ հարցում` հենվելով սովետական ցենզուրայի ու գաղափարախոսության վրա հիմնված, երկար տասնամյակներ առաջ գրված ոչ հավաստի գրականության վրա: Այսպես, մեկը, որ հայտարարեց, իբր ժամանակին շատ է շփվել և աշխատել նման մարդկանց հետ, կարծում էր (միգուցե՝ կարծում է), որ հոմոսեքսուալ նույնն է ինչ՝ տրանսսեքսուալ, նա չգիտեր ինչ է ասել՝ լատենտ գեյ /<թաքնված> նույնասեռական, ընդհանրապես իմպոտենցիան կապկպեց նույնասեռականության հետ, և այլն:

Կփորձենք մտցնել պարզություն և հանրամատչելիություն:

Բացի դրանից, կլինեն նաև հետաքրքիր և բազմագույն այլ նյութեր ու նորություններ` առնչվող տվյալ թեմային:

Շնորհակալ եմ ձեր հատկացրած ժամանակի համար:

Լույս լինի բոլորիս վրա և բոլորիս ներսում` գիտելիքի լույսը: