Պիտակներ

, , ,

«Եթե մենք քննության առնենք այն, թե ինչ սարսափելի վնաս է պատճառում նույնասեռականությունը պետությանը և թե ինչպիսի լայն տարածում ունի այդ նողկալի ու ծածուկ մեղքը, ապա կհասկանանք, որ նրա համար սահմանված մահապատիժը շատ մեղմ պատժամիջոց է»: Այս արտահայտությունը պատկանում է XVIIIրդ դարի  գերմանացի աստվածաբան-բողոքական Ջոան Միխայելսին: Սակայն նույն հաջողությամբ այն կարող էր պատկանել ցանկացած ուրիշ հեղինակի, ով կապրեր վերջին երկու հազարամյակի դարերից մեկում, մի ուրիշ երկրում: Հարյուր հազարավոր մարդիկ իրենց կյանքի գնով են վճարել և շարունակում են վճարել այն բանի համար, որ իրենց սեռազգացությունը ներդաշնակ չէ հասարակության կողմից ստեղծված կանոններին: Միաժամանակ նույնասեռական վարքագծի համար պատիժները հաճախ էին ուղեկցվում հատկապես կատաղի, ծայրահեղ չարացած տրամադրություններով, որոնք այսօր մենք «հոմոֆոբիա» տերմինով ենք կոչում:

Ներկայումս մենք ապրում ենք փոքր-ինչ այլ աշխարհում, որը սկսեց ծնունդ առնել 1960-ականներին: Գեորգ Վեյնբերգն իր 1972 թվականին լույս տեսած «Հասարակություն ու առողջ նույնասեռականություն» գրքում հոմոֆոբիան բնորոշում է որպես նույնասեռականի կողքին գտնվելու վախ: Մարկ Ֆրիդմանն այդ բնորոշմանն ավելացնում է հոմոֆոբիայի բնութագրումը որպես «ռեակցիա նույնասեռականների նկատմամբ, որն ուղեկցվում է կատաղությամբ և մեծ վախով»: Իսկ Օդրի Լոդրեն 1978 թվականին էապես ընդլայնում է այդ հասկացությունը և հոմոֆոբիան բնորոշում որպես «իր իսկ սեռի ներկայացուցչի նկատմամբ սիրո զգացմունք ապրելու վախ և, հետևաբար, ատելություն բոլոր նրանց հանդեպ, ովքեր դրսևորում են նման զգացմունքներ»:

Ժանտախտ, երկրաշարժ և սով

Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում Հունաստանում և Հռոմում գոյություն չունեին ո՛չ նույնասեռականությանն ուղղված օրենքներ, ո՛չ էլ պատիժներ նույնասեռական հարաբերությունների համար: Սակայն Եվորպայում և Միջին Արևելքում նույնասեռականության նկատմամբ վերաբերմունքն արմատապես փոխվեց մ.թ.ա. I դարից մինչև մ.թ. IVդարն ընկած ժամանակաշրջանում: Այն, ինչը ուշ անտիկ դարաշրջանում համարվում էր սիրո վեհագույն դրսևորում, կորցրել էր իր հանդեպ հանդուրժողականությունը: Ավելի համբավավոր էր դառնում ասկետիզմը, որը ծագում էր ինչպես նեոպլատոնականների և հրեաների հակասեռական փիլիսոփայությունից, այնպես էլ քրիստոնեական աղանդների ուսմունքներից, որոնք դեմ էին դուրս գալիս «հեթանոսական ուղիներին»: Հրեական և քրիստոնեական գրավոր աղբյուրները նույնասեռական վարքագծի և հակառակ սեռի զգեստներ կրելու հանդեպ ավելի ու ավելի մեծ զզվանք էին ցուցաբերում: Նման վերաբերմունքն առավել շատ քարոզվում էր Պողոս առաքյալի կողմից:

Այնուամենայնիվ, վաղ քրիստոնեական որոշ հասարակություններում նույնասեռականությունը բարգավաճում էր: Անտիոքի քրիստոնեական ընկերության մեջ տիրող բարքերի վերաբերյալ հունական եկեղեցու քահանա Ջոն Քրիսոստոմն արտահայտվում է հետևյալ կերպ. «Այս խայտառակությունները բացահայտ են արվում: Առանց որևէ ամոթի, իրենցից գոհ, քաղաքի ուղիղ կենտրոնում, տղամարդիկ միմյանց հետ աներևակայելի բաներով են զբաղվում, կարծես անմարդաբնակ անապատում են գտնվում»: Քրիստոստոմը ելույթ էր ունենում նման գործողությունների դեմ մահապատիժ սահմանելու օգտին:

313 թվականին Հռոմի Կոնստանտինոս կայսրն իր կայսրությունը քրիստոնեական հայտարարեց, իսկ 342 թվականին նա իր հրովարտակով կարգադրեց, որ իրենք իրենց «կին» առաջարկող տղամարդիկ պետք է «նրբենի պատժամիջոցների» ենթարկվեն: 390 թվականին նույնասեռականությունը ոչ օրինական հայտարարվեց, և եկեղեցին նույնասեռ կապերը մեղք համարեց իրենց «ոչ բնական լինելու» պատճառով:

Նույնասեռականության նկատմամբ քրիստոնեության վերաբերմունքի ձևավորման վրա չափազանց մեծ ազդեցություն ունեցավ Ավգուստինոսը, ով չորրորդ դարում հյարավաֆրիկյան Հիպոյի եպիսկոպոսն էր: Երիտասարդ տարիներին Ավգուստինոսը կրքոտ սիրում էր մի տղամարդու, իսկ ավելի հասուն տարիքում սկսեց դեմ հանդես գալ սեռական ցանկություններին, փորձերին ու հատկապես նույնասեռական կապերին: Նա համոզված էր, տղամարդու համար կնոջ դերում հանդես գալը սեփական մարմնի ապականում էր նշանակում՝ մարմին, որն աստվածային նախագծով ավելի կատարյալ էր, քան կնոջ մարմինը: «Այդ անբնական կեղտոտ հանցանքները,-գրում էր նա,- բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում պետք է նողկանք առաջացնեն և պատժվեն այնպես, ինչպես դա Սոդոմում է եղել»: Երկար դարեր Ավգուստինոսի տեսակետով բնորոշում էր քրիստոնեական բարոյականությունը:

527 թվականին Կոստանդնուպոլսում (ժամանակակից Ստամբուլում) սկսվել էր Հուստինիանոս կայսեր երկարաժամկետ իշխանության ժամանակահատվածը: Իր առջև  խնդիր դնելով արմատախիլ անել հեթանոսական ինտելեկտուալ ազատության վերջին բաստիոնը՝ նա փակեց աֆրիկյան ակադեմիան, որը մ.թ.ա. 347 թվականին հիմնել էր Պլատոնը, ինչպես նաև օրինակարգեց և վերամշակեց հռոմեական օրենսդությունը: Նրա վերանայած օրենքներից էր անտիկ Lex Julio-ն, որը պատիժ էր նախատեսում ամուսնական դավաճանության համար: 533 թվականին Հուստինիանոսը էապես ընդլայնեց Lex Julio-ն՝ նրա մեջ ավելացնելով նույնասեռական կապերի համար սահմանված մահապատժի իր դիրքորոշումը: Աստվածանարգության և նույնասեռականության դեմ պետք էր պայքարել այնպես, ինչպես տարերային աղետների՝ ժանտախտի, երկրաշարժի և սովի դեմ…

II հազարամյակի սկզբին եկեղեցին գլխավորում է պապը, և սկսվում է եկեղեցական իշխանության կենտրոնացման գործընթացը: Այդ գործընթացի մի մասն էր կազմում վերջին հազարամյակում մշակված օրենքների և ուսմունքների օրինակարգը:

Դա հնարավորություն տվեց եկեղեցուն ավելի հստակ տարբերակել հավատքի թշնամիներին:  Սկսվեցին դասակարգումներն ու հետապնդումները հերետիկոսների և նրանց հանդեպ, ում սեռական փորձառությունները որպես անբնական էին դիտվում:

Խաչակրաց արշավանքներով ոգեշնչված՝ եկեղեցին քրիստոնեության իշխանության տարածման ուղիներ էր փնտրում այլ ժողովուրդների շրջանում, երազում էր միապետերի և հասարակ ժողովրդի հնազանդեցման մասին: Սակայն դրան  հասնելու համար քրիստոնեության լիդերներն իրենց հոտի աչքին պետք է բարոյականության կատարելություն երևային. չէ՞ որ նրանցից շատերն ամուսնացած էին, ոմանք անգամ սիրուհիներ, այդ թվում՝ տղա սիրեկաններ ունեին: Հակաեկեղեցական տրամադրություններն ուժեղ էին, իսկ եկեղեցու բարոյական հեղինակությունը թուլանում էր:

Ռեֆորնմերի նախանձախնդիր պաշտպան քահանա Փիթեր Դամիանը կոչ արեց Գեորգի VII պապին խստացնել եկեղեցու վերաբերմունքը նույնասեռականության հանդեպ: Որպես պատժամիջոց՝ Դամիանն առաջարկում էր եթե ոչ ցմահ, ապա 15 տարվա ապաշխարանք, ինչպես նաև համարում էր, որ նույնասեռականներին պետք է ճիպոտահարության և հրապարակային թքոտման ենթարկել, շղթայել, բանտ նստեցնել, սովամահ անել: Բարենորոգիչները նույնասեռականությունը գրեթե նույնքան ահավոր մեղք էին համարում, որքան սպանությունը:

Պատմաբան Բայրն Ֆոնը գրում է, որ այդ ժամանակ եկեղեցին սկսեց սեռական շեղումները դասել եկեղեցական ուսմունքի հարցերին, նույնասեռականությունը՝ հերետիկոսության: Իսկ բոլոր նրանք, ովքեր քրիստոնեական կրոնին ոչ ուղղափառ դիրքերից էին վերաբերում, այսինքն՝ քաղաքական չեզոքության մեջ կասկածյալներն ու պարզապես բոլոր «օտարները»՝ մահմեդականները, հուդայականները, հերետիկոսները, նույնպես մեղադրվում էին սեռական հանցագործությունների, այդ թվում նույնասեռականության մեջ:

Նույնասեռակության մեջ մեղադրանքները որպես քաղաքական զենք օգտագործում էին թշնամիների դեմ: Այդպիսով, եկեղեցու լիդերներն ու դասային էլիտան հարստանալու հնարավորություն էին ստանում՝ բռնագրավելով մեղադրված հերետիկոսների ունեցվածքն ու հողերը:

XIII դարի ընթացքում սեռական շեղումների հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքն ավելի էր ուժեղանում, և դա հաստատվում է գրական տեքստերով ու սարսափազդու նկարներով, որոնցում պատկերված են նույնասեռականները: Լեսբուհիների մասին ամենավաղ հիշատակումները հանդիպում են 1207 թվականին գրված ֆրանսիական օրենքների ժողովածուի փաստաթղթերում: Li livres di justice et de plet հոդվածը կարգադրում է՝ «նույնասեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց առաջին հանցագործության դեպքում հեռացնել ամորձապարկը, երկրորդի դեպքում՝ առնանդամը, երրորդի դեպքում՝ մահապատիժ խարույկի վրա»: Լեսբուհիների համար կարգադրվում էր հետևյալը՝ «կտրտել նրանց սեռական օրգաններն առաջին և երկրորդ դեպքերի ժամանակ, երրորդի դեպքում՝ ողջակիզում»:

Հայտնի չէ՝ իրականում քանի մարդ է նույնասեռականության համար մահապատժի ենթարկվել Xից XIII դարերի ընթացքում: Ստույգ թվերն անհայտ են մասամբ այն պատճառով, որ, համաձայն դատավճիռների, նույնասեռականների հաճախ հողին էին հանձնում նրանց վերաբերող դատական գործընթացների արձանագրությունների հետ միասին. նրանց կատարած արարքներն «այնքան այլանդակ էին, որ չէին կարող արձանագրվել»: Այդպիսով՝ գրավոր ապացույցների բացակայությունն ամենևին էլ չի նշանակում, որ նույնասեռականներին մահապատժի չեն ենթարկել:

Նույնասեռականների մահապատժի հետ կապված գրառումներ սկսում են հայտնաբերվել սկսած 1292 թվականից, իսկ մոտավորապես XIV հարյուրամյակից սուրբ հավատաքննության բարգավաճման շրջանն է սկսվում, որն արմատապես ոչնչացնում է հերետիկոսներին: Սուրբ հավատաքննության տեսադաշտում է հայտնվում տաճարականների ասպետական միաբանությունը՝ հզոր, հարուստ խաչակիրների էլիտար մի խումբ, որը շատերի մոտ նախանձի և վախի զգացում էր առաջացնում: Ֆարանսիայի թագավոր Ֆիլիպ IV-ի զինվորներից ընդամենը գիշերային մեկ ստուգայց պահանջվեց, որպեսզի 1307 թվականին բանտարկեն բոլոր տաճարականներին՝ աստվածանարգության, հերետիկոսության և նույնասեռականության մեղադրանքով: Անտանելի տանջանքների ազդեցությամբ՝ ասպետներից շատերը խոստովանեցին, որ մեղավոր են իրենց վերագրած բոլոր հանցանքներում, սակայն տանջալից մահապատժի իրականացման պահին՝ խարույկի վրա, նրանք հրապարակավ հրաժարվեցին իրենց խոստովանություններից:

…Սակայն… պարզվում է, որ նույնասեռականությունը ծաղկում էր վառ գույներով: Այդպես, 1432 և 1502 թվականների ընթացքում Ֆլորենցիայում Գիշերային հեծյալները մոտ 15000 տղամարդ ու պատանի էին բռնել և ավելի քան 2000 հոգու դատապարտել:

…(Իսպանիայում) ավելի ուշ՝ 1574 թվականին ի հայտ եկած օրենքում ասվում է. «Եթե կինը գործում է այդ հակաբնական արատավոր մեղքը, ապա որպես պատիժ պետք է մերկացնել և հրապարակի մեջտեղում գամել նրան անարգանքի սյունին ու վստահելի պահակի հսկողության տակ թողնել այնտեղ մի ամբողջ օր ու գիշեր, իսկ հաջորդ օրը մեղսավոր կնոջը պետք է այրել քաղաքից փոքր-ինչ հեռու»:

Իսպանիայում կաթոլիկ հավատաքննությամբ հազարավոր մարդիկ են դարապարտվել նույնասեռականության և սեռական այլ հանցանքների համար: Երեք քաղաքների՝ Բարսելոնի, Վալենսիայի և Սարագոսայի գրառումները ցույց են տալիս, որ 1560-ից մինչև 1640 թվականները 1600 մարդ է դատապարտվել: Չորրորդ՝ Սևիլյա քաղաքում, 1567-ից 1616 թվականների միջև ընկած ժամանակահատվածում սոդոմական մեղքի համար խարույկի է հանձնվել 70 մարդ:

արգելված սեր

Վերոնշյալ տեղեկությունները բերված են Վանեսա Բեյրդի «Սեռական բազմազանության արժանահավատ ուղեկից» աշխատությունից: Գրքում հեղինակը շատ ավելի մանրամասն ու հետաքրքիր տեղեկություններ է բերում, հետաքրքրաշարժ փաստեր և, ինչպես Րաֆֆին էր սիրում ասել՝ «պատմական անցքեր» է ներկայացնում:

Վերոնշյալ փաստերն իրենք իրենցով խոսուն են: Եկեղեցու պատմականորեն հրեշավոր վերաբերմունքը (հիմնավորված կարծրատիպերի և նախապաշարմունքների վրա)` ակնհայտ:

Շատ կարևոր է այս ամենն իմանալ, որովհետև ոմանք կարծում են, իբր նույնասեռականությունը ժամանակակից երևույթ է և իբր այն ներթափանցել է Եվրոպայից:

Կարևոր է իմանալ, որ ժամանակակից Եվրոպայի դրական վերաբերմունքը պատմական կոնտեկստ ունի. նրանք երկար դարերի իրենց սխալների վրա են սովորել, որ ոմանք փորձում են այսօր կիրառել ՀայաստանուՄ: