Պիտակներ

, , ,

Ցեղասպանություն (հուն. γένος — ցեղ և լատ. caedo) — ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված կոնվենցիայի՝ որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված սիստեմատիկ ոչնչացումն է հետևյալ կերպ`

  • Խմբի անդամների սպանություն,
  • Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
  • Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
  • Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
  • Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը:

1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համարվում է միջազգային հանցագործություն:

Իսկ այժմ նույնը դիտարկենք ԼԳԲՏԻՔԱ անձանց նկատմամբ.

  • Խմբի անդամների սպանություն. անժխտելի է, որ շատ նույնասեռականներ ուղղակի սպանվում են նույնասեռական լինելու համար` հանցանք, որ հիմնված է սեռական կողմնորոշվածությամբ խտրականության վրա:
  • Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում. իրագործվում է տարբեր ձևերով` ատելությամբ լի ելույթներ, ոչնչացնելու, վտարելու, բուժելու, և այլ կոչեր, սպառնալիքներ, և այլն: Հոմոֆոբիկ ելույթները խիստ բացասաբար են ազդում հատկապես ԼԳԲՏԻՔԱ երիտասարդների վրա` նրանց երբեմն գցելով սթրեսների ու դեպրեսիաների գիրկը, ծայրահեղ դեպքում` ինքնասպանության:
  • Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը.գեյերի շրջանում ինքնասպանության բարձր ցուցանիշի հիմնական պատճառն է հոմոֆոբիան, որի հետևանքով մարդկությունը և տվյալ ազգը կորցնում են ոչ միայն անհատներ, աշխատավոր ուժ, տաղանդավոր և խոստումնալից անհատականություններ, այլև՝ հանճարներ և առաջնորդներ: Ժամանակ առ ժամանակ լսվում են կոչեր. «դրանց պետք է վառել», «ոչնչացնել», «եթե հանդուրժող լինենք, ապա կբազմանան», և այլն:
  • Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը. իհարկե, եթե նման հնարավորություն լիներ… Հայաստանում հայտնի են դեպքեր, երբ մայրերը հրաժավում են իրենց երեխաներից միայն վերջիններիս սեռական կողմնորոշվածության պատճառով: Մեկը նույնիսկ հրաժարվել էր սեփական զավակներից՝ պարզելով, որ իր ամուսինն է նույնասեռական: Իսկ որոշ գիտնականներ արտերկրում փորձում են ստեղծել դեղահաբեր հղի կանանց համար, որոնք ընդունելու դեպքում երեխան, իրենց ասելով, նույնասեռական չի ծնվի:
  • Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը. այսօր որոշ դասախոսներ և մասնագետներ խորհուրդ են տալիս երեխային ամեն գնով հեռու պահել «նույնասեռական դառնալու վտանգից»: Ավանդական հայրիշխանությունը և գերիշխող հետերոսեքսիզմի ոգին պահպանելու համար խորհուրդ են տալիս տղա երեխաների՝ տղամարդկանց միջավայրում մեծացնելը և դաստիարակելը: Երբ որոշ ծնողներ պարզում են իրենց երեխայի նույնասեռականությունը, նրանք զավակին փակի տակ են պահում, փորձում կառավարել նրան, որպեսզի «հանկարծ» նորից «կեղտոտների հետ» չշփվի, «չվարակվի»: Ուստի, ոչ ուղղակի կերպով, այնուամենայնիվ նույնասեռականին մյուս նույնասեռականներից հեռու պահելը կիրառվում է շատերի կողմից:

Նման ավանդական մոդելը, համենայն դեպս, չի աշխատում: Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ գոյություն պիտի ունենային առնական և հաճախ լատենտ գեյերը, տղաներ, որոնք դաստիարակվել են խստագույն պայմաններում, հոր հովանու ներքո, և ոչ մի դեպքում չեն հանդգնի իրենց հայրերին ճշմարտությունն ասել իրենց սեռական կողմնորոշվածության մասին: Կամ էլ գեյեր, որոնց ավագ եղբայրները  «քյարթուներ» են, և նրանք անգամ իսկ պատրաստ են ամուսնանալու կնոջ հետ, միայն թե ճշմարտությունը չբացահայտվի իրենց «քյարթ» եղբայրների կողմից :

Այսպիսով, վերոնշյալի հիման վրա կարելի է հստակորեն պնդել, որ գենոցիդը հավասարազոր է հոմոֆոբիային:

Վանեսա Բէյրդն իր «Սեռական բազմազանության արժանահավատ ուղեկից» հետաքրքրաշարժ աշխատության մեջ նշում է հետևյալ

«Հետապնդման արդիական ձևերը, որոնց մեր օրերում տարբեր երկրներում պարբերաբար ենթարկվում են սեռական փոքրամասնությունները՝

  • անարդարացի ձերբակալում,
  • անարդարացի և անբավարար մեղադրանքներ՝ հատկապես դեռահասների հետ սեռական շփումների վերաբերյալ,
  • ծեծ, կտտանքներ և բռնաբարություններ,
  • հետապնդումներ աշխատանքի վայրում, հեռացումներ,
  • ծաղրանք դպրոցներում և այլ վայրերում,
  • ներխուժում անձնական կյանք,
  • բանտարկություն, տուգանքներ, գանակոծում
  • մահապատիժ»:

«Որտեղի՞ց է գալիս հոմոֆոբիան» հարցն ուսումնասիրելիս նա գրում է. «Հոմոֆոբիայի պատմությունը վկայում է այն անթիվ փորձանքների մասին, որոնք թափվել են տարասեռ օրինաչափությունից շեղվածների գլխին: Նույնասեռականներին անվանում են մեղսագործներ, հանցագործներ, այլասերվածներ, հիվանդներ, վարակիչներ, ոչ հայրենասերներ: Նրանք ժանտախտ, թույն են բերում և սպառնում ընտանիքին, պետությանը, բնական կարգին և, առհասարակ, մարդկային գոյությանը: Մարդկային հասարակությունը հարուստ է մշտնջենական նախապաշարմունքներով, սակայն դրանցից քչերը նույնքան կայուն ազդեցություն ունեն մարդկանց բնական մտածողության վրա: Էլիզաբեթ Յանգ-Բրույեհլն իր «Նախապաշարմունքների կազմախոսությունը» աշխատության մեջ քննում է այնպիսի հիմնական նախապաշարմունքներ, ինչպիսիք են կանանց «երկրորդական լինելը», ցեղապաշտությունը, հակասեմականությունը և հոմոֆոբիան: Հեղինակն ապացուցում է, որ վերը նշված նախապաշարմունքներն ընկնում են այս կամ այն տեսակի համակցության մեջ՝ սևեռուն, հիստերիկ կամ նարցիսական:

Սևեռուն նախապաշարմունքների դեպքում, Յանգ-Բրույեհլի նկարագրության համաձայն՝ նրանք դավադիրներ կամ թշնամիներ են, որոնց նպատակն է ավերումը, և, բնականաբար, նրանցից պետք է ազատվել: Հիստերիկ նախապաշարմունքների ժամանակ այն մարդիկ, որոնց դեմ ուղղված են դրանք, բնորոշվում են որպես «օտարականներ, ստորագույններ, սեռականորեն սպառնացողներ»: Նրանք, որոնց հատուկ են նարցիսական նախապաշարմունքները, չեն հանդուրժում այն միտքը, որ աշխարհում կան մարդիկ, ում նրանք դուր չեն գալիս: Հեղինակը կարծում է, որ միայն հոմոֆոբիան է ներգրավվում բոլոր երեք տեսակների մեջ, և այս փաստը կարող է օգնել հասկանալու, թե ինչու է հոմոֆոբիան այդչափ տարածված և կայուն նախապաշարմունք դարձել:

Կան նաև շատ այլ տեսություններ: Ժողովրդական իմաստությունը հայտնում է, որ հոմոֆոբերի մեծամասնությունը այն մարդիկ են, ովքեր զսպում են իրենց սեփական թաքուն նույնասեռականությունը, և կա դրա զվարճալի հաստատումը: Իրականում հոմոֆոբիան հատկապես սուր է արտահայտված «մաչո» տղամարդկանց նեղ շրջանում: Նման խմբերում տղամարդիկ զորեղացնում են իրենց համերաշխությունը՝ համախմբվելով ընդդեմ «պեդիկների և գոմիկների»: Ֆենոմենը բնորոշ է դեռահասների հրոսակներին, ինչպես նաև ոստիկանական և զինվորական ստորաբաժանումներին:

Բոլոր պատմական շրջաններում հոմոֆոբիան առավելապես ուղղված է եղել տղամարդկանց, քան կանանց դեմ, չնայած դա բնավ չի նշանակում, որ լեսբիությունը ստացել է առավել հասարակական ճանաչում: Ամենից հավանական է, որ տվյալ փաստը կապված է կնոջ պատմականորեն ցածր սոցիալական կարգավիճակի հետ. կանայք հասարակությունում եղել են ավելի քիչ նկատելի, քան տղամարդիկ: Դա պայմանավորված է եղել նաև նրանով, որ իշխում էր սեքսի «ֆալոսապաշտական» ըմբռնումը, ըստ որի՝ «Ուր չկա առնանդամ՝ չկա և սեքս»: Երբ կանանց պատժում էին լեսբիական սեռական հարաբերությունների համար, նրանց հանցագործությունը ամենից հաճախ «խաբեություն» էր դիտվում, քանի որ նրանք զավթել են տղամարդու դերն ու արտոնությունները: Այդ են վկայում նաև այն տեղեկությունները, որ լեսբուհիները, ովքեր հարձակումների են ենթարկվում կամ գտնվում են բանտերում, առավել են ենթակա բռնաբարված լինելու ռիսկին տղամարդկանց կողմից, ովքեր ուզում են «նրանց իրենց տեղը ցույց տալ» կամ էլ «փոխել նրանց սեռազգացությունը»:

Ամենից հաճախ հոմոֆոբիայի հիմնական պատճառ են անվանում այն, որ նույնասեռականությունն «անբնական» է: Բայց եթե իրոք այդպես է, ապա ինչու աշխարհում այդքան շատ մարդիկ ունեն իրենց համար բնական նույնասեռական հակում և ոչ միայն մեր օրերում, այլև պատմական բոլոր ժամանակներում: Անվիճելի է, դա փոքրամասնության նախապատվությունն է, բայց չէ՞ որ կուսակրոնության մասին էլ կարելի է նույնն ասել:

Պատճառները, որոնք առաջ են քաշվում նույնասեռականների նկատմամբ հետապնդումներն արդարացնելու համար, կարող են անգամ զարմանալի թվալ: Օրինակ, երբ Սան Ֆրանցիսկոյի դեռահասների խմբին, որը հարձակվել էր գեյերի վրա, հարցրին, թե պատճառը որն է, նրանք իրենց գործողություններն այսպես բացատրեցին. «Մեզ դուր է գալիս ադրենալինը, որ զգում ենք հարձակման ժամանակ, և այն, որ դա մենք միասին ենք անում»:  Նրանք զգում են, որ գեյերի հետապնդումներում իրենք անպատիժ կմանան այն դեպքում, երբ դա չեն մարսի, եթե ծեծեն, ասենք կանանց կամ մուգ գույնի մաշկով մարդկանց: Նրանք համարում են, որ «պեդիկներին» ծեծելով, իրենք կարժանանան տարասեռականների հավանությանը: Իսկ նրանցից ոմանք էլ ասում են, որ իրենք առանձնապես դեմ չեն նույնասեռականներին, պարզապես գեյերը հեշտ զոհեր են:

Նման անձնական պատճառները կարող են միանգամայն ճշմարտանման թվալ, սակյան նրանք չեն բացատրում շատ հասարակություններում և մշակույթներում գոյություն ունեցող սեռական բազմազանության դեմ նախապաշարմունքների զանգվածային տարածումը: Նույնասեռականների հանդեպ ատելության նման տարածումը ուղիղ կապ ունի քաղաքականության հետ: Եվ այս հարցը մենք կդիտարկենք հաջորդ գլխում», նշում է հեղինակը: