Պիտակներ

, , , ,

Շարունակում ենք ոչ այնքան դյուրին և ոչ այնքան հեշտամարս այս թեման: Մենք՝ հայերս, այն ազգերից ենք, որոնք անցել են ցեղասպանության միջով: Շատերիս համար այս թեման ցավալի է: Այսպիսով, մենք գիտենք, մեր նախնիներն իրենց  մաշկի վրա են զգացել այդ դժոխքը: Մեզնից շատերը կարող էին եղբայրներ ու քույրեր, հարազատներ, ազգականներ, ընկերներ ու ծանոթներ ունենալ, որոնք պետք է ծնվեին և իրենք էլ երեխաներ լույս աշխարհ բերեին: Դժբախտաբար… … … Այսօր էլ Երևանի և այլ քաղաքների փողոցներով կարող էին քայլել երիտասարդներ, որոնք սովորական միջին երիտասարդից քիչ բանով է, որ կտարբերվեին: Բայց նրանք չկան… առաջին դեպքում պատճառն էր ցեղապաշտությունը. Թյուրք ցեղը վեր էր դասվում մյուսներից: Նույնն էլ Գերմանիայում եղավ, ավելի ուշ՝ հակասեմականության շրջանակներում, երբ, նորից, նշվում էր մի խմբի բնական, բարոյական, ճշմարիտ, կատարյալ լինելը մյուս խմբերի նկատմամբ, և այլ վայրերում, տարբեր ժամանակահատվածներում:

Երկրորդ դեպքում պատճառը հոմոֆոբիան էր: Նորից, առանձնացվում է մի խումբ, որոնց դեմ սկսվում է հակաքարոզ. տվյալ դեպքում հոմոֆոբերը նույնասեռականներին չեն համարում ճիշտ, բնական, բարոյական՝ հարցի տակ դնելով նրանց գոյության բնական իրավունքը:

Դա հոմոֆոբիա է: Դա հանգեցնում է ծանր և լուրջ բացասական արդյունքների, մարդկային կորուստների: Դա դատապարտելի երևույթ է, ինչպես և ցեղասպանությունը: Հատկապես մի ժողովուրդ, որն ինքն է անցել ցեղասպանության մսաղացի միջով… անհասկանալի է, եթե մարդիկ գիտակից են և առողջ իրենց դատողություններում, ինչպե՞ս կարող են մեկ այլ մարդկային խմբի դեմ ցեղասպանություն մտադրել:

Հայերս փոքրամասնություն ենք աշխարհում, իսկ եթե չհարգենք մեր միջի փոքրամասնություններին, մե՞զ ինչու պետք է հարգեն: Փոքրամասնությունը փոքրամասնություն է: Կրոնական լինի, սեռական, թե` ազգային. ծաղիկը ծաղիկ է, ուղղակի տեսակներն են տարբեր. վարդ, կակաչ, շուշան, մեխակ, երիցուկ, մանուշակ… շատ են: Նույնն է փոքրամասնությունների դեպքում. բոլորս մարդ ենք, բոլորս հավասար ենք: Հարգի՛ր, եթե հարգանք ես պահանջում դիմացինիցդ:

Արհեստական կարծրատիպերի մեջ խորանալով, շատ մարդիկ վախենում են ոչ թե իրական մարդկանցից, այլ իրենց պատկերացումներից: Սեռական կյանքը, կողմնորոշվածությունը դա մարդու մի բաղկացուցիչն է միայն: Մեզնից շատերը սովոր են դատել մանրուքների հիման վրա: Չըմբռնելով համընդհանուր պատկերը՝ մենք սիրում ենք դատել մեր նեղ տեսադաշտի սահմաններում: Իսկ հայոց դեպքում դա կրկնակի ողբալի է «գերանի և ցլեպի», նաև «փչացած հեռախոսի» սկզբունքի պատճառով. սեփական աչքիդ գերանը հեչ, դիմացինիդ աչքի ցլեպը՝ մեջ

: Կամ փոփոխվել է պետք, կամ էլ կճահճանանք՝ դառնալով իսկական ավանդական և պատմական, հարուստ անցյալով մի երևույթ՝ անշարժ և, հետևաբար, անկենդան, առանց ներկայի և առանց ապագայի: