Պիտակներ

,

Վիճակագրություն
 Ի տարբերություն տարածված կարծիատիպերին, թվերն այլ պատկեր են ներկայացնում: Քանի որ սրանք պաշտոնական թվեր են, վստահելի ու ներկայացուցչականության առումով 100% վստահելի չեն: Այնուամենայնիվ, պաշտոնական թվերն այլ բան են ասում: Հեռու մնացեք նրանցից, ովքեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ներկայացնում են որպես նույնասեռականների պատիժ: Դա ճշմարիտ չէ և հիվանդությունը կարող է մեզնից ցանկացածին «դիպել», եթե լինենք անզգույշ ու չպաշտպանված:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը Հայաստանի ՀանրապետությունումՀայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝

1988 ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեքսուալ ճանապարհ
1988 ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքը
1989 մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից
1990 թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
1996 կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը
2000 հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
2001 երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքերը
2001 ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը
2002 թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 15%
2007 թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,8%:

1988թ. մինչև 2010թ. փետրվարի 28-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 831 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 149-ը` 2009թ. ընթացքում:

ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 608 մարդ (73,2%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 223 դեպք (26,8%): ՄԻԱՎ վարակի 17 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների 60%-ը 25-39 տարիքային խմբում է:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (50,1%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (40,8%): Սրանցից բացի Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.

Հետերոսեքսուալ փոխանցման ուղի 50,1%
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով 40,8%
Հոմոսեքսուալ փոխանցման ուղի 1,9%
Մորից երեխային 1,8%
Արյան միջոցով 0,4%
Անհայտ 5,0%

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 383-ի մոտ (կին` 89, երեխա` 9) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 84-ի մոտ՝ 2009թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 206 դեպք: Մահացածների թվում կան 35 կին և 4 երեխա:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (56,2%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98%):

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 357 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 43%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի և Լոռու մարզերն են՝ 10,1%:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2300 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:

Տվյալները` ՁԻԱՀի կանխարգելման հանրապետական կենտրոն, ՀՀ առողջապահության նախարարություն: http://www.armaids.am/main/index.php