Պիտակներ

, , , ,

Կան մի շարք կարծիքներ, որոնք մեզնից շատերին ստիպում են «հեռու մնալ» ոչ ավանդական կողմնորոշվածության տեր մարդկանցից:

Որո՞նք են այդ պատճառները և դրանցից որո՞նք են հիմնավորված: Այս պատճառները ամենաշահարկվողներն են մեր իրականության մեջ: Դրանց մի մասը հնչել են հեռուստաեթերներից, ռադիոհաղորդումներից, մի մասն էլ հավաքվել են տարբեր աղբյուրներից՝ գրքեր, շփումներ տարբեր մարդկանց հետ: Եթե դուք ունեք այլ պատճառներ կամ մտահոգություններ, կիսվե՛ք:

  1. Դա հակաբնական է. բնության մեջ (ինչպես և մարդկանց բնական աշխարհում) կան միայն արական և իգական սեռեր, որոնք արարվել են միմյանց համար, ոչ թե` արու+արու կամ էգ+էգ, այլ` արու+էգ:
  2. Դա ՁԻԱՀի է հանգեցնում կամ ՁԻԱՀը նույնասեռականությունից է ծագել:
  3. Նույնասեռականությունը վարակիչ է:
  4. Նույնասեռականությունը հակադրվում է տարասեռականությանը:
  5. Նույնասեռականությունը հակահասարակական է և անբարոյական:
  6. Նույնասեռականությունը հակադրվում է տարասեռ ընտանիքի մոդելին և հանդիսանալով հակաընտանեկան՝ հանդիսանում է հակապետական:
  7. Նույնասեռականությունը կենսակերպ է, ընտրություն:
  8. Նույնասեռականներն ունեն հատուկ քաղաքականություն, նրանք ուզում են բոլորին գեյ դարձնել:

1 Դա հակաբնական է: Սա համեմատաբար հնագույն կարծրատիպերից է: Համեմատաբար, որովհետև խոսքը գնում է մոտավորապես վերջին 1500-2000 տարիների մասին, այն էլ՝ տարբեր մշակույթներում եղել են տարբեր արձագանքներ: Այս կարծիքն ամենաշահարկվողներից է: Այսօր էլ կան տեղեկատվության պակաս ունեցող շատ մարդիկ, որոնք երբեմն ազնվորեն խոստովանում են ( անհատական զրույցների ժամանակ), որ առաջին անգամ են լսում, որ այդ երևույթը հանդիպում է նաև կենդանիների մոտ: Այս առաջին և ամենատարածված թյուրիմացությունը բավականին տարածված է և մարդկանց խանգարում է հասկանալ, որ բնությունը դա արհեստածին, սևի ու սպիտակի, թացի ու չորի համադրում չէ, որոնք մեկը մյուսից առանձնացված են հստակ սահմանագծով: Բնությունը դա բազմազանություն է: https://ourmine.wordpress.com/2010/03/08/gayinnate/

Բնության մեջ կան կենդանիներ, որոնք չեն մտնում արական-իգական, սև-սպիտակ բաժանման մեջ: Ավելին. կան կենդանիներ, որոնք փոխում են իրենց սեռը, հատկապես բազմանալու համար: Կան նաև հերմոֆրոդիտներ. ունենալով և՛ ձվարաններ, և՛ «սերմ»՝ նրանք փոխանակում են սերմը և երկուսն էլ ձվադրում են կատարում: Այդպիսիք են խխունջները, օրինակ, ինչպես նաև որդերը: Նրանք, ովքեր ունեն ակվարիում և ջրային խխունջներ, գուցե ականատես են եղել այս գործընթացին:

Հետաքրքիր է, որ երկար հարյուրամյակներ օգտագործելով այս նախապաշարմունքը՝ վերջերս այն փոփոխվել է: Եթե նախկինում նույնասեռականությունը ծայրահեղականները համարվում էին զուտ «մարդկային արատ», ապա այժմ, երբ հայտնի է, որ այդպես չէ, այլ պատճառաբանություն է բերվում. «հետո՞ ինչ, որ կենդանիների մեջ էլ դա կա: Մենք հո կենդանի՞ չենք»: Մենք կաթնասուններ ենք, ինչպես, ասենք, կետերը, դելֆինները, թռչունները, և այլ կենդանիներ, «բարձրագույն» կաթնասուններն ենք մենք. անգրագիտություն է մարդուն չհամարել կենդանական, այլ «աստվածային» ծագում ունեցող արարած: Նույնն է ասել` բոլորը մարդ են, բայց մենք` հայերս, մարդ չենք, մենք ավելի բարձր ենք մարդկանցից: Մենք էլ ունենք կենդանական ծագում և մեր գոյությունն ամբողջովին կախված է բնությունից: Իհարկե, դա դեռևս չի նշանակում, որ պետք է մեզ իրոք անասունների պես պահենք: Ոչ, բնականաբար:

2 Դա ՁԻԱՀի է հանգեցնում կամ ՁԻԱՀը նույնասեռականությունից է ծագել: Սա էլ մի կարծրատիպ էր, որ այսօր էլ առկա է և շահարկվում է: Սակայն տվյալները ցույց են տալիս, որ դա այդքան էլ ճշմարիտ չէ: Ավելին. ահա թե ինչ է գրում «Սեդա Ղազարյանի Հիշատակի Հիմնադրամը». …«ՄԻԱՎ-ի վտանգը մեծանում է հետերոսեքսուալ դեռահասների մոտ: Երբ դեռահասները գնում են այդ վտանգին, նրանց վարակվելու հավանակությունը մեծ է»: Սակայն, ցավոք, որոշ անհատներ, ովքեր հատկապես աշխարհին նայում են «կրոնական ակնոցներով» ապատեղեկատվություն են տարածում՝ ՁԻԱՀը ներկայացնելով որպես նույնասեռական մարդկանց «պատիժ»: Եթե իրոք այդպես լիներ, ապա (1) ոչ մի տարասեռական չպետք է ունենար ՄԻԱՎ, որն էլ կհանգեցներ ՁԻԱՀի, (2) բոլոր նույնասեռական մարդիկ պետք է վաղ թե ուշ ՁԻԱՀից մահանային՝ «պատժվեին», (3) ոչ մի անմեղ երեխա չպետք է «պատժվեր» (չնայած կրոնական աշխարհայացք ունեցողները գուցե չհամաձայնվեն՝ ասելով, որ իրենց Աստված օրհնյալի մոտ 100 սերունդ է օրհնում, և նզովյալի մոտ 10 սերունդ պատժում, ուստի անմեղ նորածինները, իրենց կրոնով ևս կարող են մեղավոր լինել… դաժանություն): Բայց այդպես չէ: Ըստ Վիքիպեդիայի, պատմականորեն ՄԻԱՎ/ՁԻԱՀը պաշտոնապես (ԱՄՆ)ում առաջին անգամ արձանագրվել է 1981թ. հունիսի 5ին, Լոս Անջելեսում, 5 նույնասեռ տղամարդկանց մոտ: Վարկած կա, որ ԱՄՆ ներթափանցել է Հաիթիից, իսկ Հաիթի՝ Աֆրիկայից: Թե որտեղից է այն ծագել՝ կան տարբեր վարկածներ, դա ուսումնասիրման առարկա է: Սառը Պատերազմի գաղտնի զենքի փորձարկման արդյունք, նացիստական Գերմանիայի ստեղծագործություն… չենք կարող միանշանակ կերպով ասել: Բայց հստակորեն կարող ենք հերքել այն, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն անքակտելի կերպով կապված է նույնասեռականության հետ և պատիժ է նույնասեռական մարդկանց համար: Սուտ է:

3 Նույնասեռականությունը վարակիչ է: Այս կարծրատիպը նույնպես հիմնավորված չէ: Շատերը կարծում են՝ նույնասեռականությունը վարակիչ է, ինքս «բախվել եմ» հետևյալ արտահայտությանը՝ արված մի դասախոսի կողմից. «Մեկ-երկու անգամ Եվրոպա գնացիր-էկար ու փչացար»: Բլոգիս հենց սկզբում ակնարկ եմ ներկայացրել՝ թեթևակիորեն ցույց տալով, որ նույնասեռականությունը տարածված է եղել և՛ ժամանակի, և՛ տարածության մեջ: Դա XXրդ դարում, կամ միջնադարյան Եվրոպայում, կամ էլ Սոդոմում և Գոմորում հանկարծակի ծագած երևույթ չէ: Որպես այդպիսին, նույնասեռականությունը չի կարող գալ «փչացած» արևմուտքից, և, առավել ևս վարակիչ լինել: Եթե տարասեռական տղամարդը Եվրոպա և Ամերիկա գա-գնա, և շփվի նման մարդկանց հետ, նա այդպիսի՞ն կդառան: Ուրեմն մենք «փչացած» սերունդներ ունե՞նք: Խոպանչիներ, որ անգործության պատճառով ստիպված են լինում լքել իրենց երկիրը, բոլորը «փչանո՞ւմ են»: Համաձայնվե՛ք, որ ոչ: Եթե դա զոմբիատիպ ինչ-որ երևույթ լիներ, ապա այժմ աշխարհը բնակեցված կլիներ գեյ-զոմբիներով, որոնք կորսային և «կծելով» ;))) հետերոներին հոմոների կվերածեին: Լինելով բնական, գիտության կողմից փաստված լինելով մոտ 1500 տեսակի կենդանիների մոտ՝ նույնասեռականությունը մարդու սեռական կողմնորոշվածության բնական տեսակներից է, և ցանկանում ենք, թե չենք ցանկանում՝ այն, մյուս սեռական կողմնորոշվածությունների հետ մեկտեղ, կպահպանվի որպես այդպիսին բնության մեջ, նույնիսկ եթե ողջ մարդկությունը ոչնչանա: Այսպիսով, նույնասեռությունը եղել է, կա և կլինի և՛ մարդկային աշխարհում, և՛ կենդանական աշխարհում: Եվ այն փաստը, որ մարդիկ և կենդանիները դեռևս կան և բազմանում են, վկայում է՝ նույնասեռականությունը վարակովի կամ անբնական չէ:

4 Նույնասեռականությունը հակադրվում է տարասեռականությանը: Այսպես են մտածում շատ տարասեռականներ: Արդյո՞ք այդպես է: Ո՛չ: Ավելին. աշխարհում կան “GSA”ներ՝ Gay-straight alliances՝ «նույնասեռականների և տարասեռականների ալյանսներ» կամ դաշնակցություններ: Դրանք ուսանողական կազմակերպություններ են, որոնք միավորում են նույնասեռականներին և այն տարասեռականներին, ովքեր կողմ են հավասարությանը և հավասար քաղացիական և այլ իրավունքներին: Նման երևույթի գոյության փաստն իսկ բավական է հերքելու համար վերոնշյալ մտահոգությունը: Մեր իրականության մեջ էլ կան նման հանդուրժող և գիտակից մարդիկ, ոմանք նույնսիկ չեն վախենում արտահայտել իրենց մոտեցումը հասարակայնորեն: Նույնասեռականությունը և տարասեռականությունն իրար հակադիր բևեռներ չեն, ինչպես ոմանք են կարծում և ներկայացնում: Ամեն ինչ կախված է մեր մոտեցումից. երբ ռադիոյի գյուտը «թարմ» էր, պահպանողական ուժերն այն անվանեցին պոչավոր սատանա: Երբ ի հայտ եկան հեռուստացույցները՝ իրենց անտենաներով (մեզնից ոմանք գուցե և չեն տեսել հեռուստացույցների այդ հին «մակնիշները»), պահպանողական ուժերը դրանց անվանեցին պոզավոր սատանա: Եվ այսպես շարունակ: Բայց այսօր այդ պահպանողականներից շատերն են օգտագործում և՛ ռադիոն, և՛ հեռուստատեսությունը, և՛ բջջային հեռախոսները, և՛ ինտերնետը, և´ մեքենաները… ամեն ինչ կախված է մեր մոտեցումից: Լավատե՞ս, վատատե՞ս, թե՞ իրատես: Իրականությունն այն է, որ նույնասեռական և տարասեռական անհատները գոյություն են ունեցել և գոյություն ունեն ողջ աշխարհում:

5 Նույնասեռականությունը հակահասարակական է և անբարոյական: Դիտարկենք մեկ օրինակ.

Տարասեռական զույգը հասարակության մեջ Նույնասեռական զույգը հասարակության մեջ
1 Հրապարակայնորեն զբաղվում են սեքսով 1 Հրապարակայնորեն զբաղվում են սեքսով
2 Կազմակերպում են շքերթներ՝ ցույց տալով իրենց մարմինների բարեմասնությունները 2 Կազմակերպում են շքերթներ՝ ցույց տալով իրենց մարմինների բարեմասնությունները
3 Բղավում են, աղմկում, ֆետիշացնում իրենց տարաասեռականությունը 3 Բղավում են, աղմկում, ֆետիշացնում իրենց նույնասեռականությունը
4 Հայհոյում են, հակադրվում մյուսներին, խախտում են հասարակական անդորրը 4 Հայհոյում են, հակադրվում մյուսներին, խախտում են հասարակական անդորրը

Վերոնշյալ օրինակները բերվեցին ցույց տալու համար, որ անբարոյականության դեպքում սեռը և սեռական կողմնորոշվածությունը կապ չունեն: Եթե մի տղամարդ բռնաբարում է մեկ այլ տղամարդու և մեկ այլ տղամարդ՝ կնոջ, արդյո՞ք երկրորդի դեպքում պետք է լինել ավելի «հանդուրժողական» հանցագործի նկատմամբ, քան առաջինի նկատմամբ: Հանցագործությունը չի´ ճանաչում ո´չ սեռ, ո´չ էլ սեռական կողմնորոշում: Հակահասարակական և վտանգավոր կարող են լինել ինչպես որոշ նույնասեռականներ, այնպես էլ որոշ տարասեռականներ: Սակայն, համաձայնվեք, որ դա դեռևս չի նշանակի, որ բոլոր նույնասեռականները կամ բոլոր տարասեռականներն էդպիսին են:

Սեռական կողմնորոշվածությունն ընտրություն չէ, այդ կողմնորոշվածության արտահայտման ձևն ու վարքագիծն է ընտրություն: Կան ծայրահեղականներ, ֆետիշիստներ, և կան ավելի մեղմ և ոչ ցուցադրական ձևեր նախընտրողներ և´ տարասեռականների, և´ նույնասեռականների, և´ կանանց, և´ տղամարդկանց շրջանում: Կապ չունի՝ նույնասեռական ես, թե տարասեռական:

6 Նույնասեռականությունը հակադրվում է տարասեռական ընտանիքի մոդելին և հանդիսանալով հակաընտանեկան՝ հանդիսանում է նաև հակապետական:

Նորից, սրանք որոշ մարդկանց վախերն են, և ոչ թե իրականությունը: Հատկապես, երբ գործը հասնում է երեխաների որդեգրմանը: Մարդիկ վախենում են, որ եթե երեխան փոքր հասակից տեսնի երկու հայր մեկ հոր և մեկ մոր փոխարեն, դա նրա համար ընդունելի կդառնա, ավելին. այդ երեխան հենց այդպես էլ կկազմի իր ապագա ընտանիքը: Մոտ երեք տասնամյակ է, ինչ գոյություն ունեն նման ընտանիքներ, և նման ընտանիքներում մեծացած երեխաները, համենայն դեպս, հիմնականում նման վարք չեն ընտրում: Հիշենք՝ սեռական կողմնորոշվածությունն ընտրություն չէ: Անհատը կարող է ընտրել ում հետ լինել, ում հետ համբուրվել, սակայն մենք չենք կառավարում մեր ֆանտազիաները, երազանքները, կրքերն ու ցանկությունները. մենք կառավարում ենք դրանց դրսևորումը կամ չդրսևորումը, այլ ոչ թե` առկայությունը կամ բացակայությունը:

Համոզված եմ՝ եթե նույնասեռականը տարասեռ ընտանիք կազմի, տառապելու է նույն կերպ, ինչպես եթե տարասեռականը նույնասեռ ընտանիք կազմի:

Ընտանիքը հիմնարար է, դա լուրջ պատասխանատվություն է: Եվ նույնասեռ ընտանիքը նույն բարդությունները, պարտականություններն ու խնդիրներն ունի, ինչ և տարասեռը:

Դա երկու հասուն անհատների ընտրությունն է՝ լինել միասին, շարունակել օգտակար լինել հասարակությանը, կյանքն անց կացնել կողք կողքի, «մի բարձի ծերանալ»: Ինչո՞ւ նրանք չեն կարող դա իրենց թույլ տալ:

Հարկ է նաև հաշվի առնել. եթե նույնասեռ ընտանիքում կմեծանան նույնասեռական երեխաներ, ապա տարասեռ ընտանիքում այդ դեպքում պետք է որ մեծանան միայն տարասեռական երեխաներ: Այդ դեպքում, ինչո՞ւ են տարասեռ ընտանիքներում ծնվում նույնասեռական երեխաներ: Սա ևս մեկ ապացույց է. սեռականությունը խորն է և նույնիսկ ծնողները չեն կարող երեխայի սեռական կողմնորոշվածության վրա ազդել` ո´չ տարասեռական, ո´չ էլ նույնասեռական:

Ինչո՞ւ է դա հակապետական: Դա ընդհանրապես անհասկանալի է: Մեր՝ որպես կենդանական տեսակի մեծագույն նպատակն է գոյատևելը: Հետո՝ վերարտադրվելը: Այսօր աշխարհում կա 6մլրդից ավելի մարդ: Հայաստանում կա մոտ 3-3,5 մլն հայ (գոնե` պաշտոնապես), աշխարհում՝ ամենաքիչը երեք անգամ շատ հայ կա: Ուստի, գոյատևելու խնդիրը որպես կենդանական տեսակ մենք լուծել ենք: Այնպես ենք լուծել, որ գերբնակեցման խնդրի մասին ենք արդեն մտածում և ուղիներ փնտրում` ինչպես խուսափել գերբնակեցումից: Բայց արդյո՞ք ապրել նշանակում է միայն վերարտադրվել: Չէ՞ որ ունենալով կենդանական սկիզբ, մենք արարում ենք նաև մեր մարդկային եզակի քաղաքակրթությունները. մեզ արդեն պետք է գոյատևել ոչ միայն որպես մարդ արարած, այլև` որպես հայ/ռուս/թուրք և այլն: Կան հազարավոր անծնող երեխաներ: Իսկ նրա՞նք:  Դաստիարակել, կրթել, մշակել (մշակույթ սովորեցնել), չէ՞ որ սաել է գոյատևել, ապրել և ապրեցնել: Անշուշտ, Մայրը անփոխարինելի սրբություն է, վեհագույն Աստվածուհի, Կյանքի Աղբյուր… սակայն կան մայրեր, որոնք լքում են իրենց նորածիններին, կան մայրեր, որոնք հրաժարվում են իրենց Հարստությունից, տարբեր պատճառներով: Ես չեմ կարող քննադատել կամ փնովել նման մայրերին… մայրը մայր է…  ծնող կարող են լինել նաև նույնասեռականները, որդեգրությունը հասու է նաև նույնասեռ ընտանիքներին, և այդ առումով, նույնասեռ ընտանիքները և նույնասեռականները, ինչպես և տարասեռականները, մեծ օգուտ են մատուցում և´ մարդկային ցեղին, և´ տվյալ հասարակությանը Ծնող լինելը նաև պահանջմունք է: Սիրել, կիսել քո սերը: Նվիրվել, ինքնազոհաբերվել, արարել, օգնել, օժանդակել: Նույնասեռ ծնողներն էլ կարող են դաստիարակել և դաստիարակում են արժանի և հայրենասեր զավակներ:

7 Նույնասեռականությունը կենսակերպ է, ընտրություն: Կենսակերպ… իսկ տարասեռական կյանքով ապրելը կենսակերպ չէ՞: Չգիտես ինչու՝ ոմանք նշում են, որ նույնասեռականությունը կենսակերպ է և դրանով փորձում են հիմնավորել, որ դա կեղծ է, սխալ է, վտանգավոր, վարակիչ, անբարոյական… այդ առումով կենսակերպ է ինչպես նույնասեռական,այնպես էլ տարասեռական կյանքով ապրելը: Կարևոր է հասկանալ, որ և´ նույնասեռականը, և´ տարասեռականը կարող են վարել նույն կենսակերպը կամ միմյանց նման լինեն շատ ասպարեզներում: Կարծում եք կյանքում երբեք ոչ մի նույնասեռականի հետ նույն երթուղային տաքսով չե՞ք ճանապարհորդել, հեռուստատեսությամբ ոչ մի նույնասեռականի չե՞ք տեսել, ոչ մի նույնասեռականի հետ չե՞ք շփվել: Ավելի ուշադիր եղեք🙂

Եթե դուք անհատին չափում եք նրա սեռական կողմնորոշվածությամբ, եթե ձեզ համար անհատը բնորոշվում է իր անկողնային կյանքով, ապա… դուք նույնասեռականին նայելով տեսնում եք միայն նույնասեռականի. մոռանալով և չնկատելով նրա ողջ գործունեությունը և էությունը՝ դուք ընդամենը տեսնում եք նրա մի մասնիկը, և դա ձեզ սահմանափակում է: Իսկ տարասեռականի դեպքո՞ւմ: Եթե դուք նայում եք ինչ-որ մեկին, դուք առաջին հերթին մտածում եք այն մասին, թե ում հետ է նա անկողին մտնո՞ւմ: Այո, լինել նույնասեռական նշանակում է տարբերվել հատկապես սեռական կյանքում սեռական զուգընկերոջ նախապատվության հարցում: Այնուամենայնիվ հարկ է հիշել` բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ հավասար ենք, բոլորս էլ արժանապատվություն ունենք: Նմանություններն ու ընդհանրություններն ավելի շատ են, քան տարբերությունները. բոլորս էլ երազում ենք լինել երջանիկ, ընդունված, հարուստ, հաջողակ, սիրված, հասկացված… բոլորս էլ ունենք սեռական կյանք, բոլորս էլ ունենք սեռականություն և սեռազգացողություն: Նորից, մեզնից է կախված՝ որի վրա կկենտրոնանանք. նմանություննե՞ր, թե՞ տարբերություններ: Ինչպես մի գեղեցիկ խոսք է ասում, միշտ էլ ավելի հեշտ է ատել չարը, քան թե սիրել բարին: Ատել, թե սիրել` յուրաքանչյուրն ինքն է ընտրում:

Նույնասեռականությունը որպես երևույթ բնական է: «Ընտրովի» նույնասեռություն կարող է լինել, օրինակ, աստղերի մոտ, որպեսզի իրենց մասին ավելի շատ խոսեն, իրենք ավելի տեսանելի դառնան, և այլն: Պետք է տարբերել իրական նույնասեռականությունը և «աղմկահարույց» նույնասեականությունը մեկը մյուսից: Նույն հաջողությամբ նույն օրինակը կարող ենք կիրառել տարասեռականների վրա. կանանց և տղամարդկանց մեծամասնությունը սեռական հարաբերություններ են ունենում միմյանց հետ, և դա բնական է: Սակայն մեծ աղմուկ բարձրացավ, երբ Բիլ Քլինթոնը սեռահարաբերություն ունեցավ Մոնիկա Լեվինսկու հետ: Դա քննադատվեց: Արդյո՞ք դա նշանակում է, որ քննադատվում է սեռահարաբերությունը կնոջ և տղամարդու միջև: Իհարկե ոչ: Նույն ձևով, երբ հոդվածներ են դուրս գալիս այս կամ այն անհատի «ոչ ավանդական» սեռական կողմնորոշման մասին, դա դեռևս չի նշանակում` նույնասեռականությունն է վատաբանվում որպես ընդհանուր և համատարած երևույթ: 

8. Նույնասեռականներն ունեն հատուկ քաղաքականություն, նրանք ուզում են բոլորին գեյ դարձնել:

Քաղաքականություն… շատ բան է կարելի քաղաքականացնել և օգտագործել սեփական կամ մի կուսակցության, կամ էլ մի երկրի շահերի համար: Նույնասեռությունը նույնպես հաճախ հանդես է գալիս որպես քաղաքականացված թեմա, ինչպես և բազմաբնույթ այլ թեմաներ: Անցյալում որոշ երկրներում նույնասեռ զինվորներն օգտագործվել են ռազմական գործում: Եվ նման փորձի արդյունքները դրական են: Թեբեի զորախումբն ամենահայտնիներից է (https://ourmine.wordpress.com/2010/03/04/dangerousgay/): Երկրորդ Աշխարհամարտից առաջ և հետո «Անտանտայի» երկրներին, ինչպես նաև իր հայրենիքին ու մարդկությանը մեծ ծառայություններ է մատուցել Ալան Թյուրինգը, մեկ այլ նույնասեռական, ստացել է կոչումներ, պատիվների է արժանացել և … ինստիտուցիոնալ հոմոֆոբիայի զոհ է դարձել: Հաճախ արդարացնելու համար արյունահեղությունները, արշավանքներն ու թալանը, նաև հսկայական գումարներ հայթայթելու համար որոշ պետություններ ընտրում են թիրախներ և «պայքարում» դրանց դեմ: Եկեղեցիները և կրոնական կազմակերպությունները (ոչ միայն քրիստոնեական) հիմնականում, ցավոք, կամ աջակցում են, կամ էլ լռում: Նման թիրախ կարող են հանդիսանալ հատկապես անդեմ մարդկային խմբերը՝ տեռորիստներ, այլ կրոնների ներկայացուցիչներ, օտարերկրացիներ, և իհարկե նույնասեռականներ…

Ասենք, Էյնշտեյնը պայքարում էր Գերմանիայի դե՞մ: Փարաջանովը հայ չէ՞ր: Դա Վինչին վնասում էր Իտալիայի՞ն: Սոկրատեսի նպատակն էր ոչնչացնել հույն ազգի՞ն: «Նույնասեռականներն ունեն հատուկ քաղաքականություն, զգուշացե´ք» և նման արտահայտություններն ընդամենը անհիմն մեղադրանքներ են, ոմանց հիվանդագին երևակայության արդյունքը: Նույն հաջողությամ կան թուրք գործիչներ, որ ասում են` բոլոր հայերի նպատակն է ոչնչացնել թուրքերին, և հայկական գաղութներն էլ գաղտնի ռազմական բազաներ են, որտեղ սովորեցնում են` ինչպես ոչնչացնել թուրքերին… նմանատիպ մեղադրանքներ կան նաև հրեաների դեմ` դրանք ուզում են բոլորին ոչնչացնել, և այլն: Կարմիր գլխարկի հեքիաթի պատճառով պետք է ոչնչացնենք բոլոր գայլերի՞ն: Հարկ է տարբերակել հեքիաթը, հիվանդագին խեղաթյուրումներն ու իրականությունը. ծայրահեղականներ ամեն տեղ էլ կան. եթե մենք` հայերս ունենք ԱՍԱԼԱ, դա դեռևս չի նշանակում` բոլոր հայերը տեռորիստներ են կամ ողջունում են պայքարի ծայրահեղական մեթոդները:

Նույնասեռականների մեջ էլ կան տարբեր սոցիալական և ինտելեկտուալ խմբերի պատկանող անհատներ: Եվ պետության կողմից պաշտպանված լինելու դեպքում, նման մարդիկ իրենց ավելի ապահով զգալով ավելի են արժևորում և աջակցում նման պետությանը և հասարակությանը: Հոմոֆոբիայի դեպքում, շատերն են ցանկանում լքել նման պետությունը և առավել հանդուրժողականի հովանու ներքո հայտնվել: Բացի դրանից, դա կարող է դառնալ նաև եկամտի աղբյուր: ԱՄՆ-ում, Իսրայելում, տարբեր ևրոպական երկրներում բանակում կարող են ծառայել ինչպես նույնասեռական, այնպես էլ տարասեռական զինվորները: Հայաստանում էլ բանակում ծառայում են և´ տարասեռական, և´ նույնասեռական զինվորներ, ուստի սուտ է և անհիմն վարկածը` իբր նույնասեռականներն անպիտան են ու վնասակար և´ հասարակության, և´ պետության համար: Մեծ Բրիտանիան շատ է պարծենում իր նույնասեռականներով և իր հանդուրժողականությամբ, այնտեղ նաև ծաղկում է գեյ տուրիզմը` եկամուտներ բերելով պետությանը, նաև անհատ ձեռներեցներին: