Պիտակներ

, , ,

Մենք այն կոչում ենք Աստվածաշունչ: Իսկ սովորաբար այն կոչում են Բիբլիա (հուն. βιβλία — գրքեր)՝ գրերի և գրքերի հավաքածու: Ամենաշատ տպագրվող, ամենավաճառվող, ամենաընթերցվող, ամենահաճախ գողացվող… բազմազան և հակասական:

Քրիստոնեությունը շատ գրավիչ կրոն էր սկզբում, որովհետև այն սոցիալիզմի պես էր. քարոզում էր հավասարություն բոլորի համար` անկախ ամեն ինչից: Աստված նունն է բոլորի հանդեպ… Քրիստոսն ազատել է մեզ մեր մեղքերից, ուստի մեղավոր չենք, և այլն: Սակայն հետո եկավ հիերարխիան` ստորադասներ — վերադասներ, մեղավորներ — սրբեր…

Իսկ ի՞նչ է ասվում նույնասեռականների և նույնասեռ հարաբերությունների և հարակից այլ թեմաների մասին:

Նույնասեռականության թեմային անդրադառնալիս քրիստոնյա քարոզիչներից շատերը հաճախ են մեջբերումներ և հղումներ կատարում գրերի տվյալ հավաքածուի վրա` նշելով, որ սրանք են այն հատվածները, որ իբր խոսում են նույնասեռականության մասին.

  1. Ծննդոց 19:5 «Եւ Ղովտը կանչեցին ու անոր ըսին. «Ո՞ւր են այն մարդիկը, որոնք այս գիշեր քեզի եկան. զանոնք դուրս հանէ մեզի, որ գիտնանք զանոնք»»:
  2. Ղեւտացւոց 18:22 «Եւ արուի հետ՝ կնոջ հետ պառկելու պէս մի՛ պառկիր՝ պըղծութիւն է այդ»:
  3. Ղեւտացւոց 20:13 «Եւ եթե մարդ մը իր կնոջ հետ պառկելու պէս արուի հետ պառկի, երկուքն ալ պղծութիւն ըրին. անշուշտ պետք է մեռցուին: Անոնց արիւնը իրենց վրայ ըլլայ»:

Նոր Կտակարանում Պողոս առաքյալն է մատնանշում.

Թուղթ առ հռովմայեցիս 1:26 «…Իրենց էգերն անգամ բնական պէտքը բնութեան դէմ եղող պէտքի փոխեցին»:

Թուղթ առ հռովմայեցիս 1:27 «Նույնպէս ալ արուները կնոջ բնական պէտքը թողուցած՝ իրենց ցանկութիւնովը իրարու հետ վառուեցան. արուները արուներու հետ խայտառակութիւն կը գործէին…»:

Ա. թուղթ առ կորնթացիս 6:9-10 «Չէ՞ք գիտեր թէ անիրաւները Աստուծոյ արքայութիւնը պիտի չժառանգեն: ՄԻ՛ խաբուիք: Ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, (10) Ո՛չ իգացեալները, ո՛չ արուագէտները…Աստուծոյ թագաւորութիւնը պիտի ժառանգեն»:

Ա թուղթ առ Տիմոթէոս 1:8-10 «Արդ գիտենք թէ օրենքը աղէկ է, եթէ մէկը զանիկա օրինավոր կերպով գործադրելու ըլլայ:(9)Բայց ա՛յս թող գիտնայ թէ արդարներուն համար չէ օրէնքը, հապա անօրէններուն ու անհնազանդներուն համար…(10) Պոռնիկներուն, արուագէտներուն…եւ թէ ուրիշ որեւէ բանի որ հակառակ է ողջամիտ վարդապետութեան»:

Ահա այն հիմնական մասերը, որոնք, ըստ մեկնաբանողների, վերաբերում են նույնասեռ սեռական վարքագծին:

Այժմ անդրադառնանք դրանց հերթով: Հարկ է հիշել` փաստ է, որ այս տողերը բերված են բիբլիայից, այնուամենայնիվ դրանց մեկնաբանությունները տարբեր են: Մենք մի կողմ ենք դնում ծայրահեղական ու պահպանողական մեկնաբանությունները` ներկայացնելով այլ մեկնաբանություններ, որոնք կամ անհայտ են շատերին, կամ էլ որոնց մասին լռում են ծայրահեղական պահպանողականները:

1. Ծննդոց 19:5 «Եւ Ղովտը կանչեցին ու անոր ըսին. «Ո՞ւր են այն մարդիկը, որոնք այս գիշեր քեզի եկան. զանոնք դուրս հանէ մեզի, որ գիտնանք զանոնք»: (արևելահայերենով` Ղովտին դուրս կանչեցին ու հարցրին նրան. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մօտ եկան։ Նրանց բե՛ր մեզ մօտ, որ կենակցենք նրանց հետ»։) Ի՞նչ է կատարվում: Ղովտին այցելում է երկու տղամարդ, որոնց նա ընդունում է և տեղ է տալիս իր տան մեջ: Արվագետների մի ամբոխ գալիս է և պահանջում հյուրերին «գիտենալ»: Ի պատասխան Ղովտն աղերսում է քաղաքացիներին չարություն չանել, առաջարկում իր երկու կույս աղջիկներին հյուրերի փոխարեն՝ նշելով. (Ծննդոց 19:8)«… բայց միայն այս մարդոցը բան մը մի՛ ընեք. քանզի անոնք իմ յարկիս շուքին տակ մտան»:

Ա. Մենք՝ հայերս, շատ ենք սիրում մատնանշել մեր հյուրասեր լինելու փաստը, գիտեցողները հպարտանում են այն փաստով, որ մենք նախաքրիստոնեական ժամանակներում ունեինք Վանատուր անունով Աստված, որ  հյուրերի հովանավոր Աստված էր: Արդյո՞ք Ղովտի դեպքն էլ հյուրասիրության մասին չէ: Նա իր հյուրերին պաշտպանելու համար նույնսիկ իր կույս աղջիկներին է դեմ տալիս անբարոյական ամբոխին. միայն թե ՀՅՈՒՐԵՐԻՆ, իր ՀԱՐԿԻ կամ ՏԱՆԻՔԻ ՇՈՒՔԻ ՆԵՐՔՈ ՄՏԱԾՆԵՐԻՆ չանարգեն: Այո, դա պատիժ էր (Գոմորի անբարոյական բնակիչների կործանումը): Այո, դա պատիժ էր հյուրերին անարգելու համար: Այո, դա պատիժ էր բռնաբարության փորձի համար. բնակիչները փորձեցին բռնի կերպով մտնել Ղովտի տուն և «գիտենալ» հյուրերին: Դա պատիժ էր անբարոյականության համար: Դա նաև պատիժ էր ընդդեմ քսենոֆոբիայի (օտարավախության). նույն տեղի 9-րդ խոսքում բնակիչներն են Ղովտին սպառնում. «Հեռո՛ւ կաց։ Դու ﬔր երկիրը մտար իբրև պանդուխտ բնակուելու. ﬕթէ դատաստա՞ն էլ ես ուզում տեսնել։ Հիմա քեզ աւելի շատ կը չարչարենք, քան նրանց»: Արդյո՞ք դա պատիժ էր նույնասեռական վարքի և նույնասեռ սիրո համար: Ո՛չ մի բան չի ասվում դրա մասին (կամ էլ ես չեմ տեսնում դա): Չէ՞ որ նույնասեռական վարք Սոդոմի բնակիչները ցուցադրել էին նաև մինչև հյուրերի ժամանելը. նրանք միմյանց վաղուց էին «գիտեցել». այնքան շատ, որ նույնիսկ խմբերով էին վխտում և խմբով եկան Ղովտի մոտ՝ բացեիբաց: Ուստի, սա պատիժ էր պոռնկության, արվագիտության և արվամոլության համար, բայց ոչ՝ նույնասեռական վարքի և, առավել ևս, նույնասեռ սիրո համար: Այսօր էլ դա պատժելի է, և այդպես էլ պետք է լինի` անկախ մարդկանց սեռական կողմնորոշումից: Արվամոլությունը, ինչպես և ցանկացած մոլուցք, պատժելի է և ողջունելի չէ:

Բ. Հիշենք, որ նրանք, ում Սոդոմի բնակիչները ցանկանում էին «գիտենալ» հրեշտակներ են: Իսկ արդյո՞ք հրեշտակներն ունեն սեռ: Արդյո՞ք հրեշտակներն ունեն մարմին, սեռական և արտաթորանքի և այլ օրգաններ: Եթե ոչ, ապա ինչպե՞ս կարող ենք Սոդոմի պատմության հիման վրա խոսել նույնասեռականությունից: Եթե մի տղամարդ փորձի բռնաբարել մեկ այլ տղամարդու, նրան կարող ենք պայմանականորեն անվանել արվամոլ: Եթե մի տղամարդ փորձի բռնաբարել կնոջ, ապա նրան կարող ենք պայմանականորեն անվանել կնամոլ: Իսկ եթե ինչ-որ մեկը փորձում է բռնաբարել հրեշտակի… ինչպե՞ս կարող ենք նրան արվամոլ անվանել: Հետևաբար, Սոդոմի պատմությունը նույնասեռական անառակ վարքագծի մասին չէ, որովհետև տղամարդիկ ուզում էին ոչ թե այլ տղամարդկանց «գիտենալ», այլ` հրեշտակների, որոնք անսեռ են: Չնայած, ըստ արևելահայերեն գրվածքի, բնակիչները կարծում էին, որ Ղովտի տուն եկել էին ոչ թե հրեշտակներ, այլ` տղամարդիկ: Բայց հիշենք, որ բիբլիան փոփոխվում է, և հարց է` արդյո՞ք հին հեղինակները գործածել են «տղամարդ» բառն այս հավտածում, թե՞ այլ բառ է գործածվել: Եվ ընդհանրապես, կախված է, թե մենք այս պատմվածքը բառացի կմեկնաբանենք, թե ալեգորիկ, վերացական իմաստով… ի՞նչ է նշանակում «գիտենալ»: Արդյո՞ք «գիտենալ» և «բռնաբարել» նույնն են, հատկապես, երբ խոսք է գնում հրեշտակների մասին:

Գ. Ղովտն այդ անբարո տղամարդկանց պես անբարոյական չէ՞ր, երբ առաջարկեց իր իսկ աղջիկներին բռնաբարել հյուրերի փոխարեն… պարկեշտ ինչ-որ մի տղամարդ կառաջարկե՞ր իր իսկ աղջիկներին բռնաբարել սեփական հյուրերի փոխարեն: Ձեր աչքին նման տղամարդը Մեծ կթվա՞ր:

2. Ղեւտացւոց 18:22 «Եւ արուի հետ՝ կնոջ հետ պառկելու պէս մի՛ պառկիր՝ պըղծութիւն է այդ» (արևելահայերենով` «Այր մարդու հետ չպառկես, ինչպէս պառկում ես կնոջ հետ, որովհետեւ դա պղծութիւն է»։):

Ա. Այստեղ դատապարտվում է տղամարդու հետ կնոջ պես պառկելու երևույթը: Կան նման տղամարդիկ, ում դուրը գալիս է պառկել տղամարդու հետ և այդ տղամարդուն պատկերացնել կին: Նման տղամարդկանց համար, եթե սեքսում «ակտիվն ես», ուրեմն գեյ չես, առավել ծայրահեղականներն իրենց անվանում են «գ7 ք*նող» (ներողություն նման ժառգոնի համար, դրանք իրենց օգտագործած տերմիններն են):  Այդ տղամարդիկ իրենց երբեք նույնասեռական չեն անվանի կամ համարի: Նման մի ծանոթ տղա ունեմ. գ7 ք*նողներն իրեն համար հերոսների պես բան են: Ինքը հայհոյում է գ7երին, բայց և վեհացնում է գ7 ք*նողներին: Չխոսեմ նրա անունից, բայց բավականին հավանական է (նման արտահայտություններ անելուց հետո), որ ինքն էլ գ7 կք*ներ, եթե ձեռքն ընկնեին: Իսկ պատմականորեն եղել են դեպքեր, որ տղաներին թլպատել են՝ տարբեր դրդապատճառներով, այդ թվում և՝ առավել կանացի դարձնելու համար: Այսպիսով, Բիբլիայի այս հատվածը դատապարտում է նման վարքագիծը:

Բ. Կարևոր է հիշել, որ այս խոսքերը բերված են Ղևտական կամ Ղևտացոց գրքից, որը ստեղծվել է Ղևտացիների համար: Ղևտացիները հատուկ հոգևորականների դաս էին, որ ապրում էին Հին Իսրայելում: Նրանք ունեին իրենց սեփական քաղաքներն ու կալվածքները: Ղևտական գրքում կան շատ ծայրահեղական օրենքներ, որոնք մենք այսօր չենք կիրառում: Ուստի, ինչո՞ւ պետք է հետևենք այս կետին, եթե չենք հետևում մյուս կետերին: Ասենք` Ղևտական 19:19 «Պիտի պահպանէք իմ այս օրէնքները. Չթողես, որ քո անասունը այլ տեսակի անասունի հետ խառնակուի։ Քո այգում տարբեր սերմեր մի՛ ցանիր։ Երկու տարբեր նիւթերից գործուած գարշելի զգեստներ մի՛ հագիր»: Կամ Ղևտական 19:27 «Ձեր գլխի մազերը մի՛ հիւսէք եւ ձեր մօրուքին ձեւ մի՛ տուէք»: Երկա՞ր եք պահում ձեր մազերը և չեք էլ սափրվո՞ւմ: Ղևտական 20:10 «Եթէ որեւէ տղամարդ շնանայ ամուսնացած մի կնոջ կամ իր ընկերոջ կնոջ հետ, մահապատժի թող ենթարկուեն ե՛ւ շնացողը, ե՛ւ շնացեալը»: Մահվան կդատապարտե՞ք ձեր հարազատին կամ ծանոթին, եթե իմանաք, որ նա «շնացել է»: Արդյո՞ք հետևում եք այս օրենքներին:  Իսկ եթե ոչ, ինչո՞ւ պետք է հետևենք Ղևտականի ցանկացած մեկ այլ օրենքի:

3. Ղեւտացւոց 20:13 «Եւ եթե մարդ մը իր կնոջ հետ պառկելու պէս արուի հետ պառկի, երկուքն ալ պղծութիւն ըրին. անշուշտ պետք է մեռցուին: Անոնց արիւնը իրենց վրայ ըլլայ» (արևելահայերենով` Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն։ Երկուսն էլ մահուան թող դատապարտուեն, որովհետեւ մահապարտ են»:):

Ա. Այստեղ էլ արդեն ակնառու է, որ խոսվում է ամուսնացած տղամարդկանց մասին: Եթե ինչպես կնոջդ հետ ես պառկում անկողին, այնպես էլ՝ արուի, մեղք ես գործում: Այսպիսով, այս խոսքն արգելում է ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ սեռական հարաբերություններ ունենալ արուների հետ: Հետաքրքիր է, որ արևելահայերեն տեքստը ենթարկվել է փոփոխության: Եթե արևմտահայերենից պարզ է, որ խոսքն ամուսնացած տղամարդկանց է վերաբերում, ապա ըստ արևելահայերենի, խոսքը բոլոր տղամարդկանց է վերաբերում… ինչո՞ւ այսքան մեծ տարբերություն կա երկու տեքստերի միջև:

Բ. Փաստ է, որ Հին Կտակարանն ընդունում է մահապատժի գաղափարը: Այսպես,

— Ղևտական 20:9 «Եթէ որեւէ մէկը անիծի իր հօրը կամ իր մօրը, նա մահապատժի թող ենթարկուի»:

— Ղևտական 20:10, որ արդեն մեջբերվել է վերևում,

— Ղևտական 20:11 «Այն տղամարդը, որ կը պառկի իր հօր կնոջ հետ, ուրեմն նա բացած է լինում իր հօրը ամօթոյքը։ Երկուսն էլ թող մահուան դատապարտուեն, քանի որ նրանք ամբարշտացել են եւ մահապարտ են»,

— Ղևտական 20:27 «Եթէ որեւէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհմայ լինի, թող մահապատժի ենթարկուի. թող նրանց քարկոծեն, որովհետեւ մահապարտ են»:

— Ղևտական 24:13-16 «Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 14«Հայհոյող այդ մարդուն հանեցէ՛ք բանակատեղիից դուրս, եւ նրանք, ովքեր լսել են նրա հայհոյանքը, որպէս վկայ թող իրենց ձեռքերը դնեն նրա գլխին, եւ ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։ 15Կը խօսես Իսրայէլի որդիների հետ եւ նրանց կ՚ասես. «Ով որ կը հայհոյի Աստծուն, իր մեղքի պատիժը կը կրի։ 16Ով որ կը հայհոյի Տիրոջ անուան, թող մահապատժի ենթարկուի։ Ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։ Աստծուն հայհոյողը, օտարական լինի նա թէ տեղաբնակ, մահապատժի թող ենթարկուի»:

— Ղևտական 24:17 «Եթէ որեւէ մէկը մարդ ծեծի, եւ սա մեռնի, ծեծողը մահապատժի թող ենթարկուի»:

Հետևելո՞ւ եք բոլոր այս վերոնշյալ օրենքներին:

Այսպիսով, Հին Կտակարանն արգելում է արվամոլությունը, արվագիտությունը: Կան տղամարդիկ և կանայք, որոնք սիրում են «թարմ միս» կամ «թարմ արյուն» ճաշակել (այլասերել այլոց): Դա նման է որսի իրենց համար: Արվագետ — արու որսացող կամ արու գիտեցող (ցանկացած արու՝ անկախ տարիքից, սոցիալական ստատուսից, սեռական կողմնորոշվածությունից և այլ հատկանիշներից): Պատճառները կարող են տարբեր լինել. փող, ուղղակի շեղվածություն կամ այլասերվածություն, անբավարարվածություն, հոգեկան խնդիրներ:Այս առումով կան ինչպես արվագետներ, այնպես էլ` կնագետներ, և առողջ դատողությամբ անհատը, լինի նույնասեռական, տարասեռական թե անսեռակՆ, կհամաձայնի, որ սա շեղում է և չի վերաբերվում միայն նույնասեռականներին: Արդյո՞ք ավելի հանդուրժող պետք է լինել աղջիկներին այլասերող տղամարդկանց նկատմամբ, քան տղաներին այլասերող տղամարդկանց նկատմամբ: Իհարկե, ոչ. երկուսն էլ դատապարտելի են: Եվ ցանկացած նույնասեռական չէ, որ արվամոլ է, ինչպես որ ցանկացած տարասեռական և անսեռական չէ, որ կնամոլ է:

Հետևաբար տեսանք, որ Հին Կտակարանը դատապարտում է արվամոլությունը, արվագիտությունը, սակայն ոչ` նույնասեռականությունը:

Իսկ այժմ Նոր Կտակարանը: Նոր Կտակարանում Պողոսն է, որ դատապարտում է արվամոլությունը: Միգուցե արվագետ ասելով՝ նա ի նկատի ուներ բոլոր նույնասեռականներին, հատկապես եթե հաշվի առնենք, որ նա խոսում է նման կապերի «անբնական» լինելու մասին: Նույնասեռականության անբնական լինելը երկաաար դարեր է, ինչ օգտագործվում է որպես «փաստ»՝ ընդդեմ նույնասեռականների: Մեր օրերում մենք արդեն գիտենք, որ դա անբնական չէ. մոտ 230 տեսակի կաթնասուն և ընդհանուր թվով մոտ 1500 տեսակի կենդանիներ դրսևորել են տվյալ տեսակի վարք: Օրանգուտանները ոչ միայն ծառի կեղևներից են ստեղծում դիլդոներ՝ սեռական ակտի իմիտացիայի համար, այլև զբաղվում են օրալ (բերանային) սեռահարաբերությամբ: Հավանաբար, Քրիստոսի Պողոս աշակերտը չգիտեր դրա մասին (ոչ թե օրանգուտանների, այլ ընդհանրապես նման կենդանիների գոյության մասին:)), հակառակ դեպքում տվյալ երևույթը չէր անվանի հակաբնական, բնական կարգի դեմ: Այսօր էլ շատերը կամ չիմանալու պատճառով, կամ ապատեղեկատվության, կամ էլ արմատավորված հոմոֆոբիայի պատճառով խաբնվում են՝ կարծելով նույնասեռականությունն անբնական է, դեմ է բնական կարգին: Հենց այս մեղադրանքով էր, որ հարյուր հազարավոր (եթե ոչ միլիոնավոր) մարդիկ են խոշտանգվել, պատժվել, մահապարտվել: Այստեղ պետք է երեք կարևոր բան հիշել.

Ա. Նույնասեռականությունը բնական է, ինչպես և տարասեռականությունը և երկսեռականությունը:

Բ. Մարդկային քաղաքակրթության մեջ շատ «անբնական» ու «հակաբնական» բաներ կան, որ մենք գործածում ենք. բջջային հեռախոսներ, ավտոմեքենաներ, ինտերնետ և համակարգիչներ, ակնոցներ, հագուստ, տներ, եկեղեցիներ, քաղաքներ… բոլորն վերոնշյալները անբնական և հակաբնական են, որովհետև վնասում են բնությանը և բնությունը կործանելով է, որ մենք արարում ենք մեր մարդկային քաղաքակրթությունը: Հետևաբար, լինել ինչ-որ բանի դեմ միայն պատճառաբանելով, որ հակաբնական է նշանակում է լինել դեմ ամբողջ մարդկային պատմությանը և գոյությանը:

Գ. Եթե պաշտպանում են տարասեռականությունը և դատապարտում նույնասեռականությունը միայն հիմնվելով «բնական» և «անբնական» լինելու վրա, ապա կարող ենք պաշտպանել սպանությունը, մանկապղծությունը, կանիբալությունը և մի շարք այլ երևույթներ, որովհետև դրանք ևս բնական են և հանդիպում են շատ կենդանիների (այդ թվում` մարդկանց) մոտ:

Մենք` մարդիկ, լինելով կենդանիներ (բարձրագույն կաթնասուններ), այնուամենայնիվ ինքներս մեզ նաև բանական էակներ ենք համարում: Ուստի, հրաժարվում ենք մի շարք բնական երևույթներից և ընդունում բազմաթիվ և´ բնական, և´ անբնական երևույթներ: Հետևաբար, դատապարտել կամ ողջունել ինչ-որ բան միայն ասելով, որ դա բնական է կամ հակաբնական, խելամիտ չէ:

Առաջին երկու խոսքում է, որ Պողոսը խոսում է նման կապերի և հարաբերությունների անբնական լինելու մասին՝ դրանք դատապարտելով:

Թուղթ առ հռովմայեցիս 1:26 «…Իրենց էգերն անգամ բնական պէտքը բնութեան դէմ եղող պէտքի փոխեցին»:

Թուղթ առ հռովմայեցիս 1:27 «Նույնպէս ալ արուները կնոջ բնական պէտքը թողուցած՝ իրենց ցանկութիւնովը իրարու հետ վառուեցան. արուները արուներու հետ խայտառակութիւն կը գործէին…»:

Ինչպես տեսանք, նույնասեռականությունը բոլորովին էլ անբնական չէ: Ուստի կամ Պողոսը սխալվել է, կամ էլ նա խոսում է ոչ թե նույնասեռականության, այլ սեռական անբարոյականության ու անառակության մասին:

Երրորդ դեպքում նա հիշեցնում է, որ արվագետները, ինչպես և, օրինակ, պոռնիկները, չեն ժառանգելու Աստծո թագավորությունը: Հետաքրքիր է՝ Քրիստոսն ինքը, Մարիա Մագդաղենացի պոռնիկին պաշտպանած մարդ-Աստվածը, կարդարացնե՞ր Պողոսի նման կոշտ հայտարարությունը: Հիսուսը չթքեց Մագդաղենացու երեսին, այլ վեր հանեց նրան և մյուսներին էլ արգելեց նրան դիպել, որովհետև ոչ ոք կատարյալ չէր: Իսկ Պողոսն արդեն հեռացավ Քրիստոսի ուսմունքից. հավանաբար Մագդաղենացու երեսին էլ նա նույնը կասեր, ինչը և իր խոսքում է ասում` հակառակվելով Քրիստոսի օրինակին:

Չորրորդ դեպքում նա ընդգծում է օրենքի կարևորությունը բոլորի համար, այդ թվում և` արվագետների կամ արվամոլների համար: 1 Տիմոթեոս 1:8-10 «Գիտենք, որ օրէնքը լաւ է, եթէ մէկն այն գործադրի օրինաւոր կերպով։ 9Բայց այս բանը թող իմանայ, որ արդարների համար չէ օրէնքը, այլ՝ անօրէնների եւ անհնազանդների…10պոռնիկների, արուամոլների…այլեւ ամէն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետութեան»: Այստեղ էլ, բացասական գաղափարների դեմ է հանդես գալիս Պողոսը, նաև` արվամոլության: Իսկ նույնասեռականություն և արվամոլություն նույն բանը չեն, ինչպես որ նույն բանը չեն կնասիրությունն ու կնամոլությունը:

Որպես ամփոփում տվյալ կարևոր թեմայի՝ ասենք.

Բավականին ողջամիտ դիրքորոշում է. արվամոլությունը մոլուցք է, որը չպետք է ողջունել կամ պաշտպանել: Առաջին դեպքում արվագետները փորձել են բռնաբարել հյուրերի, երկրորդ դեպքում  դատապարտվում է տղամարդու հետ կնոջ պես պարկելը, որը ոմանք անում են, երրորդ դեպքում ամուսնացած տղամարդիկ են դավաճանել իրենց կանանց: Եվ բոլոր երեք դեպքերն էլ ճշմարիտ և արդար կերպով են դատապարտում արվագիտությունը, արվամոլությունը:  Բայց և պետք է հիշել՝ նույնասեռական և արվամոլ/արվագետ/տարբեր են:

Պողոսը մատնանշում է, որ արվագիտությունը ընդունելի չէ, դեմ է օրենքին, դրանով զբաղվողները չեն ժառանգելու Աստծո թագավորությունը: Նույնիսկ եթե Պողոսն ի նկատի ուներ նաև նույնասեռականությունը, ապա նրա հիմնական փաստարկը նույնասեռականության «հակաբնական» լինելն է, ինչը սխալ է: Գուցեև Պողոսը չէր դատապարտում նույնասեռականությունը, այլ` այլասերվածությունը, արվամոլությունը:  Նույնասեռականներն իրենք էլ, ինչպես և բոլոր մյուս անհատները, պետք է պաշտպանված լինեն արվամոլներից, արվագետներից, անառակությունից, սանձարձակություններից:

Ահա և վերջ: Բոլոր քրիստոնյա նույնասեռականները, որոնք հետևում են 10 պատվիրաններին, ազնիվ են, բարի, բարեկամ, արդար, իրենց սրտի դուռը բաց են պահում Քրիստոսի առջև, բոլոր նման անհատները վախենալու կամ ամաչելու, թաքցնելու ոչինչ չունեն:

Լույս, Սեր, Խաղաղություն բոլորիս: