Պիտակներ

, , , ,

Միքելանջելո Բուոնառոտի* Michelangelo di Lodovico Buonarroti Simoni (Անունն ամբողջությամբ՝ Michelangelo di Francesci di Neri di Miniato del Sera i Lodovico di Leonardo di Buonarroti Simoni)

Բառացի նրա անունը նշանակում է Միքայել Հրեշտակ, և որոշ լեզուներում (իսպաներեն, ֆրանսերեն, հուներեն, և այլն) հենց այդպես էլ գրվում է:

Ծնվել է՝ 1475թ. մարտի 6ին:

Ծննդավայրը՝ Կապրեսե, Տուսկանիա, Իտալիա:

Նրա ստորագրությունը

Գործունեության ոլորտները՝ քանդակագործություն, նկարչություն, ճարտարապետություն, գրականություն:
Մտերմիկ ընկերներ (և/կամ կողակիցներ)՝ Գերարդո Պերինի, Սեչինիո դեի Բրաչի, Թոմմասո դե’Կավալիերի, Վիտտորիա Կոլոննա, և շատ անհայտ մարդիկ:
Մահացել է՝ 1564թ, փետրվարի 18, Հռոմ, Իտալիա:

...մի՞ստիկա, թե՞ Գնոսիս (գիտելիք) Լոգիկայի մասին, որ մեզ է փոխանցվել: Աղբյուրը՝ http://scienceblogs.com/bioephemera/2008/02/god_is_more_than_a_flying_brai.php

Մարդ, ով հաճախ օր ու գիշեր տքնում էր մի ստեղծագործության վրա. հաճախ զոհաբերելով հիգիենան և, «ձեռքի հետ էլ», առողջությունը՝ նա մարմարից կռել և ընդամենը իր երկու ձեռքերի օգնությամբ նկարել է աշխարհի ամենահրաշագեղ ստեղծագործություններից որոշները:

Միքելանջելո Բուոնառոտին ծնվել է «ցածր ռանգի» ազնվականների ընտանիքում: Ի սկզբանե ընտանիքը տառապել է մոր վատառողջության պատճառով: Ի վիճակի չլինելով խնամել նրան՝ Բուոնառոտի ընտանիքի զավակները շուտով խնամքի տրվեցին իրենց ազգականներից շատերին: Միքելանջելոյին հանձնել էին քարտաշների մի ընտանիքի, ինչի հետևանքով էլ հիմք դրվեց նրա նշանավոր կարիերային: Մինչ 10 տարին լրանալը Միքելանջելոն արդեն հստակորեն գիտեր ինչ է ասել՝ լավ կտրված մարմարի կտոր, ինչպես նաև ինչպես այն նախապատրաստել քանդակման: Այդ փոքր տարիքից նա արդեն «մոտիկից էր ճանաչում» այն նյութը, որն իրեն հետագայում վերածննդյան գերաստղ էր դարձնելու:

Նրա հայրը հեռվից հոգ տանելով իր զավակների մասին՝ ուրախ էր տեսնել՝ ինչպես էր Միքելանջելոն դառնում գրագետ, և ինչպես ժամանակի շատ ազնվականներ, նա էլ արվեստը համարում էր ոչ ավել, քան առևտուր, ուստի նա պնդում էր, որ Միքելանջելոն սովորեր լատիներեն, մաթեմատիկա և դասական հեղինակներին՝ Բուոնառոտի ազնվականների հետզհետե ավելի քիչ լսվող ազգանունն ավելի լսելի դարձնելու հեռանկարներով: Բայց համառ տղան այլ գաղափարներ ուներ: Նա հրաժարվեց դասերից և փոխարենը դարձավ արվեստի ուսանող՝ վեցը տարի ուսանելով: 13 տարեկանում նա գերազանցեց իր ուսուցչին և գնաց մասնագիտական կրթություն ձեռք բերելու՝ որպես Դոմենիկո Գհիրլանդէոյի ուսանող, ում մոտ նա ուսանեց մեկ տարի՝ սովորելով որմնանկարի կերպարվեստը:

Տարածվում են ասեկոսներ երիտասարդ տղայի տաղանդի մասին, և նա հրավիրվում է Լորենցո դե Մեդիչիի՝ Ֆլորենցիայի Հանրապետության իշխանի և արվեստների հանրահայտ հովանավորի արքունիք: Լորենցոն ուներ դպրոց հատուկ հեռանկարային երիտասարդ արվեստագետների (արտիստների) համար՝ նրանց տալով սովորելու, փորձարկելու և ծաղկելու հնարավորություններ…

Շարունակելով իր առաջընթացը՝ նա ցանկանում էր արարել մարդկային կերպարներ՝ ինչքան որ հնարավոր էր կյանքին ու իրականությանը մոտ: Այդ նպատակին հասնելու համար նա չէր բավարարվում մարդու միայն արտաքինի զննմամբ, այլև՝ ներքինի, նույնիսկ ապօրինի համագործակցելով հոգևորականների հետ…

Սա արդեն Ռենեսանսյան ոճ չէ (ոմանք նշում են). տղամարդու դիրքը բնական չէ, ինչպես որ Ռենեսանսի ոճում էր ընդունված. սա մաներիզմի ոճն է, որ եկավ Ռենեսանսից հետո: Այստեղ էլ հոմոէրոտիզմն անթաքույց է: Ignudo, Սիստինյան Կապելլայի հատված: Աղբյուրը՝ http://www.terminartors.com/artworkprofile/Michelangelo-Ignudo-1511-VII

1496թ. Միքելանջելոն առաջին անգամ ճանապարհորդեց դեպի Հռոմ՝ արվեստի աշխարհի կենտրոն: Բացի իր ժամանակակիցների և դասական քանդակագործությունն ուսումնասիրելու հնարավորությունից, նրան հնարավորություն ընձեռվեց նաև առաջին անգամ լուրջ առաջադրանք ստանալ, և իր ժամանելուց մեկ ամիս անց մի հռոմեացի ազնվական նրան հանձնարարեց կերտել Բաքոսի արձանը: Տպավորված լինելով այս ստեղծագործությամբ՝ Մայր Աթոռի (Վատիկանի) ֆրանսիայի դեսպանը հանձնարարեց նրան կերտել դրամատիզմով լի արձան իր մահակոթողի համար:

Ignudo, մեկ այլ հատված Կապելլայից: http://dardel.info/museum/Museum1.html

Արդյունքը հանդիսացավ Պիետան՝ իր ձեռքերում վախեցնելու չափ իրականակերպ Հիսուսին ամփոփած Կույս Մարիամի ներկայացումը:  Պիետան այնքան լիավարտ էր, որ քչերն էին հավատում, որ դա կարող է լինել մի քսանամյա երիտասարդի ստեղծագործություն: Երբ Միքելանջելոն լսեց, թե ինչպես են երկու անհատ դա ներկայացնում որպես մեկ այլ արտիստի ստեղծագործություն, նա կատաղեց:  Գիշերվա կեսին նա ներխուժեց եկեղեցի և իր անունը կոպտորեն քերթեց Մարիամի կրծքի վրա՝ ի ցույց ամբողջ աշխարհին: Միջադեպը տիպիկ էր Միքելանջելոյի բնավորության համար: Երիտասարդ տարիքից սկսած նրան կոչում էին «բարդ», «կամակոր» և «մոլեռանդ»:

Երբ Միքելանջելոն պատանուց վերաճեց հասուն տղամարդու, իր ամբողջ կյանքը կենտրոնացավ իր աշխատանքների շուրջ այն աստիճանի, որ նա հաճախ ամիսներով չէր լվացվում և օրերով հաց չէր ուտում:

Գայթակղում

Հոմոէրոտիզմն ու անդրոգենությունը, որոնց գաղափարը գալիս է անտիկ ժամանակներից և լայնամասշտաբորեն գովերգվել է Վերածննդի դարաշրջանի տարբեր ստեղծագործողների կողմից, ակնհայտ են ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ մարմնում:

Այնուամենայնիվ, այլ կրքերել էին երևան գալիս: «Նույնասեռական» լինելու գաղափարն այն գաղափարը չէ, որ Միքելանջելոն կընկալեր: Չնայած, միգուցե եթե այդ տերմինն օգտագործվեր իր ժամանակներում, նա գրեթե հաստատ անձնական, նեղ շրջանակներում կհաստատեր իր նույնասեռական լինելը: Իր ուսուցիչների նկատմամբ պաշտողական կապվածությունից՝ նա մեծացավ որպես մի տղամարդ, ով դյութված էր տղամարդու մարմնով, և՛ իր աշխատանքում, և՛ իր անկողնում: Ֆլորենցիայում նա լավ հայտնի էր որպես «Սոդոմական» և հաճախ էր «վայելքների տրվում» իր բնորդների (մոդելների) գրկում: Ընդհանրապես, Ֆլորենցիան հայտնի էր իր ազատամիտ բարքերով. գերմաներենում նույնասեռական ասելու համար ասում էին «ֆլորենտին»՝ ֆլորենցիացի: Իր ստեղծագործությունները՝ լի արական գեղեցկության կատարելական (իդեալիստիկ) պատկերներով, կատարյալ ձևով են մարմնավորում իր անձնական կրքերը և գործնական ստեղծագործական կյանքը:

Հոմոէրոտիզմով շնչող մեկ այլ հրաշագեղ ստեղծագործություն՝ «Մահացող ստրուկը»: Հուլիոս Բի դամբարանի համար:

Տեղացի բրդավաճառների համքարությունը որոշեց պատվիրել արձանների շարք՝ խորհրդանշելու համար Ֆլորենցիայի զորությունը: Արձաններից մեկն արդեն սկսվել էր կերտվել և լքվել մի տեղացի արվեստագետի կողմից:  Մարմարի բեկորն արդեն քսան տարեկան էր, երբ առաջին փորձն էր արվել, ևս քսան տարի դրան չէին դիպել դրանից հետո: Միայն Միքելանջելոն էր, որ կարող էր այդ աղքատիկ քսանամյա քարը վերածել գլուխգործոցի: Նրան հանձնարարեցին դա անել, և նա ուրախությամբ ընդունեց պատվերը:
Արդյունքը եղավ շատ ավելի լավը, քան ֆլորենցիայում ցանկացած ոք կարող էր ակնկալել: Հինգ մետր բարձրությամբ՝ արձանը տղամարդկային մարմնին անաղարտ ձոներգ էր, կատարյալ՝ բոլոր առումներով: Բամբասանքներ էին պտտվում, որ արձանն իրականում Միքելանջելոյի բնորդներից մեկի պատկերն էր՝ Դավիթ անունով, և որ Աստվածաշնչյան վկայակոչությունն արվել էր թաքցնելու համար գեղեցիկ կերպարի ծագման իրական պատմությունը: Այնուամենայնիվ, սա երբեք չի ապացուցվել որպես փաստ:

Եվ չնայած Լեոնարդո Դա Վինչինել էր հայտնի որպես «սոդոմիտ», նրանց փոխհարաբերությունները խիստ թշնամական էին. ասում են՝ բնության կողմից արտաքնապես ոչ շռայլորեն պարգևատրված Միքելանջելոն մեծ նախանձով էր լցված իր գեղեցկությամբ հայտնի Դա Վինչիի նկատմամբ, նա նաև չէր սիրում Դա Վինչիին, որովհետև վերջինիս գրեթե ամեն ինչ հեշտությամբ էր տրվում, այնինչ ինքը՝ Միքելանջելոն, ստիպված էր այդ նույն բաներին հասնել մեծ տառապանքների և ծանր աշխատանքի միջոցով (այնուամենայնիվ, վերջին տեսակետը կարող է լինել սուբյեկտիվ, նույնիսկ հնարավոր է՝ մեր ժամանակակիցների վերլուծության արդյունք): Նրանց մեջ կար նաև բնավորությունների տարբերություն. Միքելանջելոն կրքոտ էր, հաճախ էր տրվում երկրային վայելքների, իսկ Դա Վինչին՝ ոչ: Կան նույնիսկ վարկածներ, որ Դա Վինչին իրականում լատենտ նույնասեռական էր, և երբեք էլ սեռական հարաբերություններ չի ունեցել ոչ ոքի հետ (իսկ կնոջ և տղամարդու միջև սեռական ակտն իր համար նողկալի էր, ինչպես ինքն է գրել): Նրանց փոխհարաբերությունների վրա դրական ազդեցություն չթողեց նաև Դա Վինչիի որոշումը՝ Դավթի արձանը տեղադրել ոչ թե մայր տաճարում, ինչպես որ նախատեսված էր, այլ, «մարմարի վատ որակի պատճառով»՝ քաղաքից դուրս:

Ժամանակակից արվեստ. ինչպես հեղինակն է ասում՝ այս նկարը (և մյուսները, որ կարող եք գտնել իր կայքում, որը նշված կգտնեք հոդվածի վերջում) ստեղծված է հատուկ համակարգչի ետնանկար ծառայելու համար, արվեստագետի ծննդյան օրվա կապակցությամբ:

Հռոմի Պապ Հուլիոս IIը նրան կանչեց Հռոմ՝ ստեղծելու քանդակներ իր շիրիմը զարդարելու համար: Սակայն ֆինանսավորումը շուտով ավարտվեց: Հուլիոս IIը մտածեց՝ քանի դեռ երիտասարդ քանդակագործը «քաղաքում էր», նրան կարող էր հանձնարարվել Սիստինյան Կապելլան նկարազարդելու գործը: Իմանալով, որ Միքելանջելոն մասնագիտացված էր քանդակների ոլորտում, և ոչ թե՝ նկարելու, Հռոմում նրա հակառակորդները Հռոմի Պապին դրդեցին նրան այդ աշխատանքն անհապաղ հանձնարարելուն՝ հուսալով, որ Միքելանջելոյի հեղինակությունը կոտնահարվեր տգեղ աշխատանքով: Միքելանջելոն սկզբում մերժեց առաջարկը, սակայն Հուլիոս IIը համոզված էր՝ Միքելանջելոն տվյալ աշխատանքը կատարելու համար ամենահամապատասխանն էր: Իմանալով, որ իր թշնամիներն իր ետևում են, դանակները ձեռքներին, Միքելանջելոն ռիսկի դիմեց և Պապից խնդրեց «carte blanche»: Հուլիոս IIը համաձայնեց և Միքելանջելոն սկսեց ծրագրել պատմության մեջ գրանցված ամենաաշխատատար ներսակողմային (ինտերիերին առնչվող) դիզայնի աշխատանքը:

Նա սկսեց գործը՝ արվեստագետների մի խմբի հետ: Այնուամենայնիվ, գործը հարթ ձևով չէր, որ առաջ էր ընթանում: Քիչ անց՝ նա բացթող արեց իր խմբին և աշխատում էր միայնակ՝ պահելով միայն մի օգնական: Հինգ տարի շարունակ, երկրի մակերեսից 20մ բարձրության վրա, նա, պառկած լինելով մեջքի վրա, զօր ու գիշեր նկարում էր որմնանկարներ՝ իր դեմքից մի քանի սանտիմետր հեռավորության վրա միայն: Այդ գործը նրան սահմանափակեց՝ ստեղծագործելու, էմոցիոնալ և ֆիզիկական առումներով: Իմանալով, որ վերջնական տեսքը կշլացներ աշխարհին՝ նա համառորեն թաքցնում էր իր աշխատանքը օտար աչքերից՝ թույլ տալով, որ միայն Պապն այն հետաքննի: Երբ առաստաղը դարձավ հանրությանը բաց, ոչ ոք չէր հավատում, որ դա միայն մի մարդու գործ է: Շատերը կարծում էին՝ Աստծո ձեռքն էր իրական արարիչը: Այսօր ամսական 50 միլիոն այցելու է հավաքվում այդտեղ: Այսօր մարդկային պատմության մեջ այն իր արժանի տեղն է զբաղեցնում որպես ստեղծագործ աշխարհի հրաշքներից մեկը:

«Դավիթն» ըստ Միքելանջելոյի

Սակայն տեղի էին ունենում նաև ռոմանտիկ ողբերգականությամբ լի իրադարձություններ: 1532թ. Միքելանջելոն հանդիպեց մի երիտասարդ ազնվականի՝ Տոմմասո դէ Կավալիերիին: Միքելանջելոն խոցվել էր ռոմանտիկ զգացմունքով, որն ուղղակի չէր հեռանում իրենից: Այդ տղամարդու համար նա գրում էր սոնետը սոնետի ետևից՝ 300 սոնետ և մադրիգալ, ինչպես նաև ստեղծում էր բավականին «անձնական» և գաղտնի էսքիզներ՝ նախատեսված միայն իր աչքի համար: Հենց այս 300 սոնետներն էին, որ կազմում էին նրա ստեղծած բանաստեղծությունների ամենամեծ շարանը, և որոնք տպագրվել էին նրա ազգականի կողմից՝ փոփոխված դերանուններով (արականների փոխարեն իգականներ գործածելով): Սակայն հետագայում բրիտանացի նույնասեռական ակտիվիստ Ջոն Էդինգտըն Սայմընդսը թարգմանեց վերահրատարակեց դրանք՝ չեզոքացնելով կեղծարարությունը և հրատարակելով Միքելանջելոյի երկհատոր կենսագրություն՝ հրատարակված 1893թվին: 30 արտասովոր տարի նրանք եղել են անբաժան ուղեկիցներ, բայց Միքելանջելոյի կրքին այդքանով հագուրդ չէր տրվել: Կավալիերիի հետ իր հարաբերությունների ժամանակ նա գրել է նաև իր կյանքում այլ տղամարդկանց նկատմամբ տածած խորը զգացմունքների մասին՝ ներառյալ 16ամյա վաղամեռիկ Կեչինո դեի Բրաչին (Cecchino dei Bracci), ում համար նա գրել է 48 շիրիմյան էպիգրամ: Ահա դրանցից մեկը միայն.

La carne terra, e qui l’ossa mia, prive
de’ lor begli occhi, e del leggiadro aspetto
fan fede a quel ch’i’ fu grazia nel letto,
che abbracciava, e’ n che l’anima vive.

The flesh now earth, and here my bones,
Bereft of handsome eyes, and jaunty air,
Still loyal are to him I joyed in bed,
Whom I embraced, in whom my soul now lives.

Մարմինը՝ հող, և ահա իմ ոսկորները,

Զրկված գեղեցիկ աչքերից, և կայտառ տեսքից,

Դեռևս նվիրված են իրեն, ում ես վայելեցի անկողնում,

Ում ես գրկեցի, ում մեջ հիմա ապրում է իմ հոգին:**

Հետաքրքիր է, որ նման մի համեմատություն էլ կատարվում է բիբլիական Դավթի և Հովնաթանի միջև՝ նշելով, որ Հովնաթանն այնքան սիրեց Դավթին, որ ինքը մերկացավ նրա առջև, հանեց գոտին, և հաջորդ պահին նրա հոգին Դավթի հոգու մեջ էր:

Ավելի ուշ, երբ նա (Միքելանջելոն) արդեն մոտ 60 տարեկան էր, նա ընկերացավ նաև Վիտտորիա Կոլոննա անունով մի այրի կնոջ հետ: Շատ պատմիչներ՝ փորձելով ապացուցել, որ Միքելանջելոն տարասեռական էր, մեջբերում են Կոլոննային որպես իր սիրուհի, չնայած նա հավանաբար եղել է Միքելանջելոյի խիստ մտերմիկ ընկերուհին՝ «fag hag»ը. տարասեռական կին, ով նախընտրում է նույնասեռականների ընկերակցությունն ու ընկերությունը:

Հետաքրքիր է, որ Վիտտորիան միակ կինն է, ում անունն ամուր կերպով կապում են Միքելանջելոյի անվան հետ: Ըստ Միքելանջելոյի անձնական կյանքը հետազոտողների՝ նրա եռանդուն կիրքը Վիտտորիայի նկատմամբ հանդիսանում էր ենթագիտակցական ընտրության արդյունք, քանզի այդ կնոջ սրբանման կենսակերպը չէր կարող սպառնալիք լիներ Միքելանջելոյի նույնասեռական բնազդներին:«Նա  նէրան (Վիտտորիային) պատվանդանի վրա բարձրացրեց, բայց դժվար թե նրա սերը նէրա նկատմամբ կարելի է անվանել տարասեռական. նա նէրան  անվանում էր «տղամարդ կնոջ մեջ» (un uoma in una donna): Նրա բանաստեղծությունները նէրա նկատմամբ… միանգամից դժվար է տարբերել պատանի Տոմմազո Կավալյերիին նվիրված սոնետներից, բացի դրանից հայտնի է, որ Միքելանջելոն ինքն էլ հաճախ «սինյոր» (պարոն) դիմելաձևը փոխարինում էր «սինյորա»ով (տիկին) մինչ իր բանաստեղծությունները ժողովրդի դատին հանձնելը»(Հետագայում նրա բանաստեղծությունները ենթարկվել են ցենզուրայի իր ծոռնակից եղբորորդու կողմից մինչ դրանք տպագրելը՝ արական դերանունները փոխարինելով իգականներով): Ռիչարդ Նորթըն «Միքելանջելոյի կրքերը»:

Հարկ է նաև հաշվի առնել, որ երիտասարդ տարիքում նա երկու անգամ ենթարկվել է շանտաժի իր նույնասեռականության պատճառով, և արդեն սովորել էր զգուշանալ: Երբ մի պատանու հայր, ով ցանկանում էր իր որդուն «դասավորել» Միքելանջելոյի մոտ որպես աշակերտ առաջարկեց նաև իր տղային անկողնում օգտագործել, Միքելանջելոն տխրությամբ հրաժարվեց: Ինչո՞ւ. զգուշանալու համար, թե՞ այլ պատճառներով՝ մեզ անհայտ է:

Երբ արդեն ծեր էր, նրան նորից կանչեցին Հռոմ՝ ստեղծելու մեկ այլ որմնանկար Սիստինյան Կապելլայի համար՝ Ահեղ Դատաստանի պատկերը: Արդյունքը եղավ երբևէ ստեղծված ամենամեծ որմնանկարը և մեծ իրարանցման պատճառ հանդիսացավ, հատկապես մերկությունն արբշիռ կերպով ներկայացնելու համար (իր որմնանկարների պատկերներից շատերին իր մահվանից մի քանի տարի անց «հագցրել են» «ներքնազգեստներ»):

Ահեղ Դատաստանը: Այս կերպարներից շատերին «հագցրել են» Միքելանջելոյի մահվանից հետո:

Այստեղ Բարդուղիմեոսի ձեռքում գտնվող մաշկի վրա կարող ենք տեսնել Միքելանջելոյի դեմքը:

Տարիների գլորվելու հետ Միքելանջելոն դառնում էր ավելի առույգ և ավելի ուժեղ, քան իր տարիքի շատ տղամարդիկ: Այնուամենայնիվ, իր երկարակեցությունը և՛ օրհնանք էր, և՛ անեծք: Չնայած դա նրան թույլ տվեց ստեղծել արվեստի նույնիսկ ավելի շլացուցիչ գործեր, նա շատ ավելի երկար ապրեց, քան իր բոլոր ընկերները և շուտով դարձավ շատ միայնակ մարդ: Հաջորդիվ նրան անհարմարություն սկսեցին պատճառել իրեն չենթարկվող ձեռքը և հետզհետե թուլացող տեսողությունը, չնայած ժամանակակիցները պնդում են, որ նա կարող էր երիտասարդ պատանու հետ համեմատած կրկնակի արագությամբ աշխատել (քարը մշակել), նույնիսկ երբ արդեն ութսուն տարեկան էր: 1564թ. փետրվարին նա մահացավ «դանդաղ տենդից»: Չնայած նրա մարմինը հողին էր հանձնվել Հռոմում, նրա հեռատես եղբորորդին գողացավ այն օրեր անց և բերեց Ֆլորենցիա, այն տեղը, որը միշտ հարազատ էր Միքելանջելոյին:

Միքելանջելոյի դամբարանը Ֆլորենցիայում

Երբ այցելուն առաջին անգամ է գլուխը վեր բարձրացնում Սիստինյան Կապելլայում, միայն փայլուն աշխատանքը չէ, մարդկային ձևերի ճշտակերպությունը կամ նույնիսկ լայնատարած գեղեցկությունը չէ, որ աչքի է զարնում միանգամից. այն փաստն է զարնում, որ դա մի մարդու աշխատանք է, որ աշխատել է պառկած իր մեջքի վրա՝ հինգ տարի: Սա ավելին է, քան ստեղծագործական հանճար. նա հասել է ակնհայտորեն անհնարին: Միքելանջելոն զանց արեց մարդկային ունակությունները և ինքն իրեն ստիպեց հասնելու մի այնքան մեծ բանի, որ շատերը կարծեցին՝ Աստծո ձեռքն էր իրական արարիչը:

*** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** *** ***

* Սովորաբար հայերենում գրում են Բուոնարոտի, սակայն «ր»ի դեպքում պետք է որ գրվեր մեկ “r”. երկու «r»ը համապատասխանում է հայերեն ռ-ին: Հայերեն Վիկիում նրա ազգանունը (առանց որևէ հղման ու բացատրության) երկու «տ»ով է գրված՝ Բուոնարոտտի: Նման տենդենց կա նաև ռուսական գրականության մեջ (երկու «т»): Քանի որ իր մայրենի լեզվով երկու r է, ապա հայերենում գրում եմ Ռ՝ Բուոնառոտի:

** Քառատողը հայերեն թարգմանեցի ինքս: Մի կողմից դա մեծ պատիվ ու հատկապես պատասխանատվություն է, մյուս կողմից էլ, եթե ռիսկի չդիմենք՝ չենք ունենա այն, ինչ կարող ենք ունենալ: Եթե կա հայերեն թարգմանած տարբերակ (ինչը գրեթե ֆանտաստիկ է թվում ինձ), շատ լավ կլինի, որ դրա մասին տեղյակ լինենք:

http://www.fyne.co.uk/index.php?item=163

http://www.iangilman.com/birthdays/index.html

http://www.telegraph.co.uk/culture/art/3669056/Antony-Sher-The-genius-and-the-virgin.html

http://en.wikipedia.org/wiki/Michelangelo

http://rictornorton.co.uk/michela.htm

http://ru.wikipedia.org/wiki/Микеланджело

Վիկիպեդիաներից ինձ հասանելի լեզուներից նրա մասին ամենալիարժեք հոդվածն իսպաներենով էր: