Պիտակներ

, , ,

Մեր ընտանիքը և ընկերները մեզ համար մի ամբողջ աշխարհ արժեն, և երբեմն իրոք մեր աշխարհն են: Երբ մենք «պահարանի» մեջ ենք, այդ հարաբերությունները կարող են թվալ այնքան փխրուն, հատկապես երբ մենք համոզված չենք՝ ինչպիսի վեաբերմունքի կարժանանանք նրանց կողմից մեր սեռական կողմնորոշվածության բացահայտման կամ արտագալստի պատճաոով: Մերժված լինելու վախն անհիմն չէ: Ոչ ոք չի ցանկանում կորցնել սիրելիներին, ուստի կարող է թվալ, որ չարժե արտագալստի դիմել:

"Coming out of the closet" կամ "Արտագալուստ պահարանից"

Շատ հաճախ մենք այնքան ենք կենտրոնանում այն բանի վրա, թե ինչ կարող ենք կորցնել, որ մոռանում ենք՝ ինչ կարող ենք շահել. բացահայտություն և ազատություն, որպեսզի վերջապես կարողանանք ինքներս մեզ ազատորեն դրսևորել: Շատ արտագալուստ արած նույնասեռականներ կարող են հաստատել, որ արժեր ռիսկի դիմել և արտագալուստ անել, և որ իրենք այժմ վարում են առողջ, երջանիկ և կայուն կյանք:

Մինչև արտագալուստը

Դո՛ւ էլ կարող ես երջանիկ լինել: Սա ինչ-որ գովազդից վերցրած հայտարարություն չէ, դա ճշմարտությունն է: Կար ժամանակ, երբ ես էլ խեղդվում էի միայնակությունից և վախից, երբ «պահարանի» մեջ էի: Մի պահ եկավ, երբ ես այլևս չէի դիմանում: Ես որոշեցի արտագալուստ անել: Որոշ մարդկանց արտագալուստ անելն ավելի հեշտ էր, քան մյուսներին, բայց ընդհանուր առմամբ ես չեմ զղջում բացահայտ ապրելու իմ որոշման համար: Ես վերջապես ինքս եմ՝ ազատ եմ: Այս քայլերն ինձ օգնեցին: Նրանք կարող են քեզ էլ օգնել:

Ի՞նչ է նշանակում «արտագալուստ անել»

 
Պատասխան: Արտագալուստը դա ինքդ քո նույնասեռականությունն ընդունելու և դրա մասին ընտանիքիդ, գործընկերներիդ և ընկերներիդ պատմելու գործընթացն է: Արտագալուստը յուրօրինակ է (միանման չէ) յուրաքանչյուր նույնասեռականի կամ երկսեռականի համար: Ոմանց համար այդ փորձը լի է ցավով ու տառապանքով, իսկ մյուսների համար՝ ավելի հեշտ է: Դու կարող ես զգալ վախ, կասկած, միայնակություն, զայրույթ, և նույնիսկ դեպրեսիա: Դրա համար էլ լավ կլինի քեզ շրջապատես այն մարդկանցով, որոնք նույն ճանապարհով են ընթանում կամ արդեն անցել են: Նրանք կարող են լինել ընտիր աջակիցներ: Եթե չունես ոչ մի նույնասեռական ընկեր կամ չես ճանաչում այլոց, ով արտագալստի միջով է անցնում, գոյություն ունեն բազմաթիվ (ինտերնետային) չաթեր և քննարկումների ֆորումներ (ցավոք, հայերեն լեզվով դրանց հասանելիությունը խիստ սահմանափակ է): Այնուամենայնիվ, եղի՛ր զգույշ, ոմանք (չաթերում և ֆորումներում) կարող են հետաքրքրված լինել միայն սեքսով կամ կարող են փորձել չարաշահել կամ վնաս պատճառել քեզ: Միշտ ողջամիտ դատիր:

Ոմանք դա անում են քայլ առ քայլ, մյուսները` միանգամից: Չկա ճիշտ ու սխալ, կա հարմար ու անհարմար, ըստ քո դրության:


 

Արտագալստի չորս ձև, որոնցից արժե խուսափել.

Արտագալուստը մրցավազք չէ: Չկա ոչ մի պատիժ ուշ «ժամանելու» դեպքում. չկա ոչ մի դրոշ, որ ցույց է տալիս ավարտը. ո՛չ էլ դու ես ետ մնում, եթե դանդաղ արագությամբ սլանաս: Չկա արտագալուստ անելու կոնկրետ մի ձև, բայց կան ձևեր, որոնք օգտագործելու դեպքում կարող ես որոշ չափով խուսափել ցավից և դժբախտությունից, որ շատերն են զգում, երբ արտագալուստ են անում իրենց ընտանիքներին, ընկերներին և գործընկերներին: Խուսափի՛ր արտագալուստ անել, երբ.

Ա. Զայրացած ես:

Հուզականությամբ լի իրադրություններն անկանխատեսելի են, իսկ զայրույթի ժամանակ արած արարքները հաճախ անտրամաբանական են: Ես արտագալուստ հորս արեցի մի կռվի ժամանակ, և իրադրությունը միայն ավելի վատթարացավ: Ես այնքան էի ջղայնացած, որ հնարավորություն չունեցա իրոք արտահայտել այն, ինչ զգում էի, իսկ ինքն այնքան էր շփոթված, որ ամբողջությամբ փակեց այդ թեման (միայն դրան հետո անդրադառնալու համար): Երբ արտագալուստ ես անում պարզ ու թարմ ուղեղով, կարողանում ես կառավարել իրավիճակը և արտահայտել այն բաները, որ ցանկանում ես արտահայտել՝ ամբողջովին հարգելով դիմացինիդ:

Բ. Որպես վրեժ:

Հոմոֆոբ հարևանիդ նկատմամբ «գեյ» քարտը (ինչպես ֆուտբոլում՝ կարմիր քարտը) կիրառելու հնարավորություն ունենալը նման է պատերազմում միակ ատոմային ռումբն ունենալուն: Քո նույնասեռ սիրային զգացմունքները քո մասն են և պետք է բացահայտվեն քո ցանկության դեպքում: Ինչո՞ւ բացասական զգացմունքներ հրավիրել քեզ վրա կամ քո կյանքի նման թանկարժեք մանրամասներ կիսել որպես պատասխան կռվի ժամանակ: Եթե ինչ-որ մեկը հայհոյանքներ է շպրտում կամ գիտես, որ ատում է նույնասեռականներին, թող էդպես էլ ապրեն: Անգրագիտության դեմ պայքարելու լավագույն ձևը կլինի նրանց ցույց տալը, որ քո աշխարհը լի է սիրով և հանդուրժողականությամբ:

Գ. Երրորդ անձանց օգնությամբ:

Արտագալստի համար երրորդ անձանց միջամտությունն օգտագործելը միշտ էլ վատ գաղափար է: Փաստերն ու զգացմունքները կարող են տատանվել (հիշեք «փչացած հեռախոս» խաղը:) )…  Երբեմն քո (արտագալստի) մասին նորությունները մյուսներին կհասնեն բամբասանքի միջոցով, բայց քո սիրելիները կգերադասեն դրանք հենց քեզնից լսելը: Ուրիշներին մի՛ ներառիր, ու մի՛ վատնիր ժամանակդ «բամբասանքների կրակի» մեջ յուղ ավելացնելով: Նման կարգի կարևոր տեղեկատվությունը պետք է փոխանցվի «տետ-ա-տետ»՝ մի անհատից մյուսին: Եթե խուսափում ես դեմ առ դեմ հանդիպումից, բացատրվի՛ր անձնական նամակով:

Դ. Երբ պատրաստ չես:

Դու ինքդ պիտի նախապատրաստես արտագալուստդ: Իհարկե, չես կարող դա կառավարել ու նախապատրաստել, երբ ինչ-որ մեկն իմանում է այլ միջոցներով, բայց կարող ես դրա մասին խոսել երբ քեզ հարմար կլինի: Չկա կանխորոշված տարիք կամ հանգամանք, որը կթելադրի՝ երբ անհատը պիտի արտագալուստ անի: Թող քո զգացմունքները լինեն քո ուղենիշը: Ես հոգնել էի կյանքիս նման կարևոր մասն իմ սիրելիներից թաքցնելուց: Եվ դանդաղորեն սկսեցի ընկերներիս ասել՝ մեկ առ մեկ, իսկ հետո՝ ընտանիքինիս: Նրանք, ովքեր իրոք սիրում էին ինձ մնացին իմ կողքին՝ ի տարբերություն մյուսների:

Ալբուս Դամբլդորի արտագալուստն ամենավառ, ամենաքննարկվող ու ամենաեզակիներից մեկն էր...

Ի՞նչ է նշանակում արտագալուստ անել:

Արտագալուստը սեփական սեռականությունդ ընդունելու և այն ինքդ քեզ, ընտանիքիդ, գործընկերներիդ և ընկերներիդ բացահայտելու գործընթացն է: Արտագալուստն առանձնահատուկ է յուրաքանչյուր նույնասեռական կամ երկսեռական անհատի համար, քանզի կան սեռականության տարբեր աստիճաններ (տես Կինսիի Սանդղակը), և յուրաքանչյուրիս կենսակերպում առկա պայմանները նույնպես տարբեր են:

Արտագալուստը բարդ ու խճճեցնող է շատերի համար: Սեփական սեռականությունդ ընդունելը (կամ ինքդ քեզ արտագալուստ անելը) կարող է շատ վախերի առիթ դառնալ: Քո ընտանիքն ու ընկերները կդադարե՞ն քեզ սիրել: Դու երբևէ կամուսնանա՞ս ու երեխաներ կունենա՞ս: Կենթարկվե՞ս խտրականության կամ ծաղր ու ծանակի առարկա կդառնա՞ս: Սրանք են բոլոր իրական մտահոգությունները՝ արմատավորված անհայտի նկատմամբ վախի մեջ. սրա համար է, որ շատերն արտագալուստը համեմատում են վերածնված լինելու հետ: Սա ինքնաճանաչողական հայացքով ինքդ քեզ նայելու հնարավորություն է, և լավ հնարավորություն վերանայելու համար՝ ով ես դու և ով ես ուզում լինել:

Գոյություն ունի արտագալստի միջազգային օր... հետաքրքիր է, մեր ոստիկաններն այդ օրն ինչ-որ տոն նշո՞ւմ են:D


1. Ստեղծի՛ր անձնական «գույքադարանդ».

Իհարկե, որոշ նույնասեռականներ մերժվում կամ օտարվում են երբ արտագալուստ են անում, բայց շատերն էլ գտնում են սիրող և հանդուրժող մարդկանց… Նույնիսկ մերժված լինելու դեպքում` երջանկությունն այդտեղից է սկսվում: Եվ ինքդ քեզ ճանաչել սկսելը գործընթացի կարևորագույն մասն է:

Չնայած ինքդ քեզ չես բնորոշի որպես նույնասեռական, դա այնուամենայնիվ քո կյանքի մի նոր մասն է: Դու կարող ես շարունակել լինել այն անհատը, որ միշտ եղել ես, բայց ինքդ քեզ մի քիչ ավելի շատ ժամանակ հատկացրու՝ հասկանալու համար (ներքին) փոփոխություններդ: Պարտավոր չես ճգնավոր կամ անապատաբնակ դառնալ, բայց կենտրոնացիր քո բարեկեցության և սեփական զգացմունքնքերիդ վրա: Սա քեզ կուժեղացնի, ինքնավստահություն կհաղորդի: Սովորիր ինքդ քո մասին այնքան, ինչքան կարող ես, ու մտածիր` ԴՈՒ ի՞նչ ես ցանկանում՝ ինչպիսի՞ն լինի քո կյանքը:

Ստեղծիր սեփական «կենսադարանդ»: Գրի՛ առ ամեն մի զգացմունք. զայրույթ, զարհուրանք, վախ և մեղքի զգացում, որ կարող ես տածել ներկա կյանքիդ վերաբերյալ: Չմոռանաս դրականը, որը նույնպես քո կերպարն է կերտում: Հենց որ այդ ամենն արեցիր, մտածիր (ու գրի առ) կյանքիդ նպատակների, առաջնայնությունների և քեզ երջանկացնող բաների (ամուսնանալ, երեխաներ ունենալ, ամուրի լինել, վայելել բնությունը, արվեստը, պարելը, և այլն) մասին: Դու կերտում ես ինքդ քեզ` ինչպիսի գեյ ես ցանկանում լինել:

Սկզբում սա կարող է հիմար վարժություն թվալ, բայց հետագայում մեծ օգուտներ կբերի: Ներիր ինքդ քեզ ցանկացած զայրույթի, զարհուրանքի և մեղքի զգացման համար, որ ինքդ կարող ես տածել քո և ուրիշների նկատմամբ, և կենտրոնացիր քո դրական որակների վրա: Ստեղծիր նոր կյանք ինքդ քեզ համար` այն մարմնավորելով քո կյանքի նոր նպատակներով: Նույնիսկ եթե գեյ ես, այս ամենը հնարավո՛ր է:

2. Իմացի՛ր, որ միայնակ չես.

Կապ չունի որտեղ ես ապրում` փոքր քաղաք, թե մեծ մետրոպոլիտեն քաղաք, առաջին արտագալստի պատճառով միայնակության զգցումից ավելի ծանր զցացում չի լինի: Դու կարող ես շրջապատված լինել քեզ ծանոթ մարդկանցով և էլի զգալ, որ դու ես, որ միակ “ուրիշն ես”: Մենք բոլորս էլ ունեցել ենք այդ զգացողությունները, երբ արտագալուստ էինք անում, և քեզ պես միլիոնավորներ կան, որ հենց նույնն են զգում: Շատ աղբյուրներ կան, ինչպես օրինակ գեյ համայնքային կենտրոններ և առցանց գեյ համայնքներ, որտեղ կարող ես գտնել այլոց, որ նմանատիպ խնդիրների հետ են առնչվում:

3. Հաշվի նստիր կարծրատիպերի, խտրականության և նույնասեռականների դեմ ատելության հետ.

Շատ նույնասեռականներ չեն ընդգրկվում գոյություն ունեցող կարծրատիպերի մեջ, որոնք կապված են քվիրների հետ, սակայն էդպես են անում, որովհետև զգում են ճնշում հասարակության կամ նույնիսկ այլ նույնասեռականների կողմից: Իրականում, գեյ համայնքը նույնքան բազմազան է, որքան և ցանկացած այլ համայնք, և յուրաքանչյուր նույնասեռական ինքը անհատ է:

Ցավոք, սա միշտ չէ, որ կասեցնում է այնպիսի բան, ինչպիսին է, օրինակ, մականուններ գործածելը (բոլոր և ցանկացած ԼԳԲՏ անհատի/անհատների նկատմամբ)… Ձեր շրջապատից դուրս հանեք նրանց, ովքեր ձեզ վնասում են` ֆիզիկապես թե հոգեբանորեն: Ցանկացած մարդ, ով արժանի է քո ընկերությանը, կտեսնի` ովքեր են ատելությամբ լի մարդիկ. վախկոտներ: Նույնիսկ կատակելու դեպքում փորձիր կարծրատիպերի մեջ չընկղմվել (հատկապես խուսափելով ներքին հոմոֆոբիայից` երբ պիտակավորում կամ այս կամ այն ձևով հալածում ես ԼԳԵՓ համայնքի անհատներից ոմանց որպես, օրինակ, չափազանց կանացի (կամ ցանկացած այլ պատճառով) լինելու համար): Հպարտ եղիր քո անհատականությամբ և իմացիր, որ քեզ վիրավորողների մեկնաբանությունները կամ գործողությունները հիմնված են իրենց գիտելիքի պակասի և վախի, այլ ոչ թե քո անլիարժեքության վրա: Կանգնի՛ր հպարտ կամ հեռացի՛ր, ուղղակի ապահովությունդ (ու ոչ թե հպարտությունդ) դարձրու առաջնային:  Երբեմն “ճակատամարտում” ամենաքաջը նա է, ով կարողանում է խուսափել և հեռանալ տգիտությունից: Սփոփանք փնտրիր քեզ շրջապատող այն անձանց մոտ, ովքեր քեզ իրոք ընդունում են…

Իմացիր, որ կան նաև տարբեր կազմակերպություններ, որոնք պայքարում են խտրականության և զրպարտության դեմ:

4. Ընտանիքիդ և ընկերներիդ ասա, որ գեյ ես այն ժամանակ, երբ պատրաստ կլինես:

Յուրաքանչյուր նույնասեռական կամ երկսեռական անհատի համար կարևոր է` ինչպես իր ընտանիքն ու ընկերները կարձագանքեն այն նորությանը, որ ինքը նույնասեռական է: Քո ընտանիքը քեզ կմերժի՞: Քո ընկերները հանկարծակիորեն իրենց անհանգիստ կամ վա՞տ կզգան: Կկորցնե՞ս լավ ընկերներ կամ ընտանիքի անդամներ: Սրանք էական հարցեր են, որոնք մենք պիտի հաշվի առնենք, և ցավոք գուշակելու ձև չկա, թե ինչպես քո սիրելիները կարձագանքեն դրան: Ամենակարևոր բանը, որ պետք է հաշվի առնել դա սեփական առողջությունդ ու բարեկեցությունդ է:

Քո մասին ընտանիքիդ և ընկերներիդ պատմիր այն ժամանակ, երբ հարմար է ՔԵԶ: Ո՛չ նախասահմանված ժամանակ, ո՛չ էլ հաստատված կարգ կա ինքնարտահայտման (արտագալստի) համար, և յուրաքանչյուր անհատի իրավիճակը տարբեր է: Այնուամենայնիվ, ընդհանուր բաներից մեկը, որ կա նույնասեռականների միջև դա ազատագրված լինելու զգացումն է, որ մենք տածում ենք, երբ այլևս ստիպված չենք լինում թաքցնել մեր զգացմունքները: Սեռականությունդ թաղված պահելը կարող է կործանարար լինել քո կայուն կեցության համար, հատկապես` հետագայում, ամբողջ կյանքիդ ընթացքում (սկզբում կարող ես աշխատանքի, ուսման, արվեստի, գիտության կամ այլ միջոցներով խուսափել ինքդ քեզնից, բայց դա խիստ մեծ վնաս կպատճառի քեզ հետագայում):

Ինքդ քեզ շրջապատիր ինչքան հնարավոր է շատ դրական բաներով մինչև նորությունը ծնողներիդ ասելը: Փորձիր կրթել ընտանիքիդ քո կենսակերպի ու առօրյայի վերաբերյալ…

5. Հույսդ չկտրես ամուսնանալուց և երեխաներ ունենալուց:

Մեզնից շատերը մեծանում են երջանիկ ու նվիրված հարաբերությունների և երեխաներով լի տուն ունենալու երազանքներով: Ի հակասություն համընդհանուր կարծրատիպի` նույնասեռական լինելուդ փաստը քեզ չի դատապարտում առանց երեխաների, միայնակ կյանքի: Շատ երկրներում ու պետություններում թույլատրելի են նույնասեռական ամուսնություններ, քաղաքացիական միություններ կամ տնային ընկերակցություններ նույն սեռի անհատների միջև: Ու չնայած լավ է օրինական դաշտում պաշտպանվածություն ունենալը, ողջ աշխարհում շատ նույնասեռականներ ունեն ընտանիքներ, որոնք ներառում են կայուն ու երկարակյաց հարաբերություններ և սեփական կամ որդեգրած երեխաներ (առանց օրինական պաշտպանվածության): Հայաստանում իրավիճակը միանշանակ չէ… հատկապես դե յուրե, պաշտոնապես, դա հնարավոր է մի կողմից, ու շատ բացեր (ու հոմոֆոբիա, նույնիսկ` պաշտոնական ու պետական ինստիտուտներում) կան` մյուս կողմից…

6. Սովորի՛ր նույնասեռական սիրո, հարաբերությունների և սեքսի մասին:

Գեյերն ունենում են յուրօրինակ կյանքի փորձ, երբ խոսքը սիրոն, հարաբերություններին և սեքսին է վերաբերում: Առանց հասարակական “նորմերի”` նույնասեռականների համար, ոմանք կարող են իրենց մեկուսացված կամ շփոթված զգալ, երբ խոսքը սիրային գործերին է առնչվում:  Ու նորից, հայերեն լեզվում զգացվում է թեմային առնչվող նյութերի խիստ պակաս, ինչպես նաև առկա չէ համապատասխան գեյ մշակույթը, սակայն անգլերենով, ռուսերենով ու այլ լեզուներով ավելի շատ նյութեր են հասանելի` ապահով սեքսի, անվտանգ սեռական վարքագծի, սիրո, հարաբերություններ կառուցելու և այլ հարցերի շուրջ:

7. Չվախենա՛ս օգնություն խնդրելուց:

Արտագալուստը դա մի գործընթաց կամ փորձ է, որին ծանոթ են շատ գեյեր, բիսեքսուալներ, լեսբուհիներ և տրանսգենդերներ: Դու մենակ չես, և օգնությունը հասանելի է:
Ու չնայած նյութերի ու աղբյուրների խիստ պակասին, Հայաստանում էլ կարող ես գտնել համախոհներ ու աջակիցներ: Ցանկացած հարցի դեպքում կարող ես կապնվել ինձ հետ: Հետաքրքիր ու ոգեշնչող է նաև հետևյալ նոր նախագիծը. www.arm.gaystory.info, նոր է նաև հետևյալ բլոգը, որից ևս կարող ես քաղել օգտակար տեղեկություններ ու տեղեկատվություն. www.queerarmenia.wordpress.com: Օգնության ձեռք կմեկնի նաև ՓԻՆՔ ԱՐՄԵՆԻԱ ՀԿն, ինչպես նաև այլ ՀԿներ, կազմակերպություններ ու անհատներ:
 
P.S. վերը շարադրված նյութը թարգմանել եմ հետևյալ կայքից. http://gaylife.about.com/od/comingout/u/howtocomeout.htm, նրանք, ում համար անգլերենը խնդիր չէ, կարող են գտնել ավելի մանրամասն ու ոչ պակաս հետաքրքիր ու կարևոր խորհուրդներ. արտագալուստ դպրոցում, արտագալուստ աշխատավայրում, արտագալուստ կնոջդ (եթե ԼԳԵՓ ես ու ամուսնացած ես հակառակ սեռի ներկայացուցչի հետ), արտագալուստ երեխաներիդ, ինչ անել, եթե ամուսինդ նույնասեռական է (կանանց համար), և այլն:
Հաջողություն արտագալստի գործում:)