Հնագույն առասպելներից որոշները հաստատում են, որ մարդիկ ունեցել են անդրոգինային սկիզբ: Նման որոշ առասպելներ ընդունում և ներկայացնում են սեռական բազմազանությունը: Օրինակ՝ արարչության մասին շումերական մի առասպել, որն ավելի քան 4000 տարվա պատմություն ունի: Ըստ առասպելի, Նինման` Մայր Աստվածուհին, մարդկանց ձևավորում է կավից: Ի թիվս այլ արարածների, Նինման ստեղծում է երեք տղամարդ և մի կին` ոչ ‘տիպիկ’ արական կամ իգական տեսքով և Էնկին՝ Հայր Աստվածը, նրանց տալիս է տարբեր կարգավիճակներ` հաստատելու համար հարգանք նրանց եզակիության նկատմամբ:

Վեցերորդին Մայր Աստվածուհին կերտում է ո՜չ առնանդամով, ո՜չ հեշտոցով: Էնկին նայեց նրան և անվանեց Նիբրու (գուցե` ներքինի), և իր ճակատագիրը հաստատեց որպես թագավորին ծառայող:

Անտիկ աշխարհում, հունական փիլիսոփայության մեջ նույնասեռականությունն ու հատկապես պեդեռաստիան գործածվում էին որպես երիտասարդներին կրթելու, հանցավորությունը կրճատելու, ռազմական ոլորտում հաջողությունների հասնելու և այլ ոլորտներում: Օրինակ, Սպարտայում, Թեբեում, Աթենքում, Կրետեում և այլուր: Գաղափարը հետևյալն էր. նույնասեռական մարտիկները, որոնք չունեին կին և երեխաներ, ավելի քիչ էին շեղվելու և մտածելու ընտանիքի մասին, երբ ծառայության մեջ էին. դասալքություններ նրանց շրջանում չէին լինելու: Ավելին. երկու նույնասեռական զինվոր, որ սիրում էին միմյանց, ավելի մեծ քաջությամբ կկռվեին ռազմի դաշտում՝ պաշտպանելու համար սիրելիին, որը կմարտնչեր ընկերոջ կողքին: Կային տարբեր կարծիքներ սրա շուրջ: Սպարտայում, օրինակ, կարծում էին, որ դա քաջալիր  չէ՝ ռազմի դաշտում սիրելիիդ հետ կռվել (ընդունելի էր նույնասեռական զինվոր լինելը, բայց ոչ սիրելիիդ հետ կողք կողքի կռվելը): Պլատոնը և այլ անտիկ գրողներ խոսում են տվյալ թեմայի մասին՝ ընդգծելով, որ նույնասեռական զինվորը կարող է լինել լավ մարտիկ, բերում են նման զինվորների և գումարտակների օրինակներ:

Հունահռոմեական դիցաբանական մի շարք առասպելներ կան, որ արծարծում են նույնասեռականության և պեդեռաստիայի թեմաները.

Եթե նման հարաբերությունները գրանցվել են նույնիսկ դիցաբանական մակարդակով, ապա դա խոսուն փաստ է:

Այնուամենայնիվ, որոշ հետազոտողներ նշում են, որ Հին Հունաստանում նույնասեռականությունը որպես երևույթ ոչ թե սեռական կամ հոգեբանական ինքնություն էր, այլ՝ վարքագիծ, հասարակական նորմ (Լուի Քրոմփթոն – «Նույնասեռականություն և քաղաքակրթություն»):

Միջին դարերը խավարի ժամանակաշրջան են անվանում: Այն մեծամասամբ խավար բերեց նաև նույնասեռականներին: Հրկիզումները, ինկվիզիցիան, ամեն տեսակի խոշտանգումները գրեթե սովորական բաներ էին:

Եվրոպայում Միջին Դարերից հետո եկավ Վերածնունդը՝ իր ազգային բազմազանությամբ հանդերձ, սակայն քրիստոնեական նախապաշարմունքները շարունակվում էին: Կաթոլիկ պետություններում մահապատիժները հասան իրենց գագաթնակետին: Իտալիայի Վենետիկ և Ֆլորենցիա քաղաքներում ստեղծել էին սոդոմականներին վերաբերող հատուկ քաղաքականություն՝ որսալու համար զոհերին: Իսպանիայի Արագոնում, Կատալոնիայում և Վալենսիայում քրիստոնեական ինկվիզիցիան քաղաքացիական պաշտոնյաներին ակտիվորեն օգնում էր նույնասեռականներին որսալու գործում: Իսկ Ֆրանսիայում, չհաշված արիստոկրատիկ արտոնյալներին, նույնասեռականները սովորաբար թաղվում կան կախաղան էին բարձրացվում: Այնուամենայնիվ, այդ ժամանակաշրջանում է, որ առաջին անգամ տեսնում ենք անձնական կյանքի մանրամասներ անհատներից, որոնք նույն սեռի անհատներին էին սիրում. Իտալիայում, դրանք արտիստներն էին, որ նամակներ, նոթատետրեր կամ ինքնակենսագրականներ էին թողնում, իսկ Ֆրանսիայում՝ նշանավոր ազնվականներ, եկեղեցականներ և ռազմական ղեկավարներ, որոնց սերերը սկանդալային ախորժակով նկարագրվել են բազմաթիվ օրագրերում և հիշատակարաններում: Նման հարաբերությունները հատկապես մանրամասն նկարագրվում են իշխող թագավորների դեպքում, որոնց ամեն մի բառը և գործողությունը կարող էին գրանցվել, և որոնց ամենաանձնական փոխհարաբերությունները կարող էին գրանցվել ու պահպանվել որպես պետական թղթեր:

Վերաբերմունքներն ու դիրքորոշումները նույնասեռականության վերաբերյալ տարբեր տարածաշրջաններում և ժամանակաշրջաններում զանազան են եղել ու բազմազան են ցայսօր էլ: Անտիկ Հունաստանում այրասիրության (նույնասեռական սիրո) ընկալումը տարբերվում էր հանրապետական Հռոմի ընկալումներից: Հույների մոտ դա ասոցիացվում էր ռազմի դաշտում քաջության հետ, փիլիսոփայական առաջնորդության (մենթորության) և դեմոկրատիայի (ժողովրդավարության) պաշտպանության հետ: Հռոմում, չնայած կարելի էր ստրուկ տղաներին գործածել որպես սեռական հարաբերությունների (պասիվ) դերակատար, նույնասեռականությունն այլ պայմաններում ասոցիացվում էր տղամարդկության անամոթ կորստի հետ: Արաբական (հարավային) Իսպանիայում և միջնադարյան Ֆրանսիայում ընկալումները նույն արմատական ձևով էր, որ իրարից տարբերվում էին: Առաջինում երկու տղամարդու միջև սերը ռոմանտիկ երևույթ էր՝ սահմանափակվող կրոնական խիստ օրենքներով, երկրորդում սոդոմականությունը կեղտոտ և հիշատակելու անարժան անառակություն էր՝ պատժելի ցցի վրա հանելով: Չինաստանում  “Հյուսիսային նորաձևությունը” կայսրերի սիրելիների, ֆուջիյան “ամուսնությունների” մասին էր խոսում, նաև՝ մանդարինյան գիտունների՝ զույգ կազմած օպերային աստղերի հետ: Ճապոնիայում նանշոկուն (արական սերը) կապվում էր բուդդիստական սրբերի, սամուրայ մարտիկների և կաբուկի թատրոնի հետ: Անգլիական թյուդորյան և ստյուարտյան ժամանակներում «սատանայական» սոդոմականությունը համարվում էր կաթոլիկներին բնորոշ մեղք՝ անճանաչելի բողոքականների համար: 18րդ դարի Ֆրանսիայում այրասիրությունը le beau vice, le vice ultramontain, կամ  le vice philosophique էր անվանվում՝ գեղեցիկ անառակություն, ծայրահեղ աշխարհիկ անառակություն կամ փիլիսոփայական անառակություն: Այսինքն, դա փոխկապակցվում էր նորաձևության աշխարհի, Իտալիայի և հունական փիլիսոփաների ու ժամանակակից սկեպտիկների հետ: Նույն դարաշրջանում Նիդերլանդներում դա համարվում էր ազգային գոյատևմանը խոչընդոտող վտանգ, որը պիտի վերացվեր ազգային պոգրոմների միջոցով:

Նույնասեռականների ընկալումը հաճախ կապվում էր սեքսի և սեռական որոշ գործողությունների հետ:  Պատճառը աստվածաբանական (բիբլիական) և կլինիկական մոտեցումների ու մեկնաբանությունների, դրանց պատճառով ստեղծված բացասական կարծրատիպերի մեջ է հիմնականում:

Հնդկաստանում պատմականորեն տեղ է հատկացվել հիջրաներին, որոնք փոխգենդերներ են և նույնասեռականներ հիմնականում: Բրիտանական գաղութ դառնալուց հետո էր, որ Հնդկաստան պաշտոնապես ներմուծվեց հոմոֆոբիան՝ որպես բրիտանական օրենսգրքի մի մաս՝ դատապարտող նույնասեռականությունը: Հարավ-արևելյան Ասիայում հանդուրժողականությունն ավելի լայնատարած է եղել պատմականորեն:

Ֆիլիպիններում նույնպես ցայսօր էլ գործում է հատուկ սոցիալական ինստիտուտ ոչ առնական տղամարդկանց համար, որոնք հանդես են գալիս որպես փոխգենդերներ, երրորդ սեռ:

Ամերիկայում մինչև կոնկիստադորների ժամանումը նույնասեռականության նկատմամբ ևս տարբեր ցեղերում տարբեր վերաբերմունք է եղել. իսպանացիները խիստ զարմացել էին, երբ տեսել էին՝ ինչպես են տղամարդիկ ազատորեն շրջում կանացի հագ ու կապով, նույնիսկ՝ իշխող թագավորի եղբայրը: