Պիտակներ

, ,

Միջնադարից սկսած նույնասեռական սեռական վարքագիծը դատապարտվել է որպես «մեղք ընդդեմ բնության»: Ցայսօր էլ շատերը, որ դատապարտում են նույնասեռականությունը հիմնվում են վերջինիս «անբնական» լինելու վրա: Փաստ է, որ նույնասեռականություն հանդիպում է նաև բնական աշխարհում, ուստի այն անբնական չէ: Ուղղակի տրամադրում եմ երկու տեսանյութ (տեսանյութերն ու գրականությունը շատ են) կենդանական աշխարհում նույնասեռական վարքագծի մասին.

Այս գրառմանս մեջ անդրադառնում եմ ընդհանուր առմամբ ցանկացած երևույթի «բնականի» և «անբնականի» տեսանկյունից նայելուն:

Արդյո՞ք խելամիտ է ցանկացած ինչ-որ երևույթ պաշտպանելու կամ փնովելու համար ասել` այն հակաբնական է կամ բնական:

Բնական երևույթների թվին են դասվում ապրելը, ուտելը, խմելը, քայլելը, այլոց հետ հաղորդակցվելը և այլ գործողություններ:

Մյուս կողմից էլ բնական են նաև սպանությունները (կենդանիներն իրար սպանում են), կանիբալությունը (կենդանիներն այլ կենդանիներ են ուտում, որոշ կենդանիներ ավելի հազվադեպ դեպքերում սեփական ձագերին են ուտում), ինցեստը կամ արյունապղծությունը և այլ երևույթներ:

Անբնական է մյուս կողմից մեզ շրջապատող մարդկային քաղաքակրթության մեծ մասը. մենք քաղաքներ ենք կառուցում` կործանելով անտառները, ճահիճները, գետերն ու լճերը, այսինքն` կործանելով բնությունը: Մեր քաղաքակրթությունը հիմնականում, ցավոք, հիմնված է բնականի ավերման վրա. լեռներն ու ժայռերը վերամշակել ու ձև տալ, ծառերն ու կենդանիներին գործածել սննդի և հագուստի, ինչպես նաև գրենական պիտույքների ու այլ պարագաների համար և այլն: Ուստի, անբնական է մեր հագուստը, բջջային հեռախոսները, սնունդը (որովհետև սպանելուց զատ մենք նաև վերամշակում ենք այն ուտելուց առաջ), ամեն տեսակի շինություն (լինի տուն, եկեղեցի, թե այլ բան), ինչպես նաև քաղաքներն ու երկրները (մենք ենք ասում` էս սարից էն կողմ ընկած տարածքը կոչվում ա էսինչ, էս գետից էն գետ ընկած տարածքը կոչվում ա էնինչ) և այլն: Անբնական է նաև մարդկային լեզուն, էլ ինչ ասել առանձին լեզուների մասին (հայերեն, ռուսերեն, իտալերեն և ցանկացած այլ լեզու) և հետևաբար գրելն ու կարդալը (հենց գիրքն ինքն անբնական է, որովհետև մենք ենք այն կերտում` ոչնչացնելով ծառեր, իսկ թանաքի համար էլ ոչնչացնելով կամ վերամշակելով այլ բնական բաներ): Մենք ամեն օր այնքան անբնական բաներ ենք անում…

Ուստի, ցանկացած բան, այդ թվում և նույնասեռականությունը, վսեմացնելու կամ նսեմացնելու համար չենք կարող ուղղակի ասել` բնական է կամ անբնական, որովհետև միայն դա բավական չէ. կան բնական բաներ, որ մարդկային հասարակությունը չի ընդունում, և կան շատ անբնական բաներ, որոնք մարդկային ցանկացած հանրության համար խիստ կարևոր են:

Այսպիսով, երբ հաջորդ անգամ ինչ-որ մեկն ասի` սա լավ չէ, որովհետև անբնական է, հիշի´ր, որ հագուստը, լեզուն, երկիրը և շատ այլ բաներ էլ են անբնական: Անբնանական դեռևս չի նշանակում մերժելի, և բնական դեռևս չի նշանակում ընդունելի մարդկանց համար: