Պիտակներ

, , , , , , , ,

Վերջերս ոչ շատ հայտնի մի կայք կարողացավ անփառունակ ձևով ավելի հայտնի դառնալ շնորհիվ հրատարակած մի նյութի, որը հասարակ, միջին նյութից ու հոդվածից տարբերվում է իր մեծ և ամբիցիոզ ռասիզմով, նացիզմով, շովինիզմով, պատրիարխալ սեքսիզմով, հոմոֆոբիայով և մի քանի այլ բանով:

 

 

 

Թեմային արդեն անդրադարձ է կատարվել.

  1. http://grigoryeritsyan.blogspot.com/2011/08/blog-post.html
  2. http://songoffall.blogspot.com/2011/08/2_06.html 

Ստեղծվել է նաև խնդրագիր` «հերոսին» համալսարանից հեռացնելու պահանջով. http://www.change.org/petitions/russian-armenian-slavonic-university-remove-nazi-and-extremist-official-from-his-position

Ահա բուն հոդվածի հղումը. http://bnaban.am/index.php?option=com_content&view=article&id=1344:vahradyan&catid=58:haygit&Itemid=94&lang=enԳրիգոր Երիցյանը (առաջին հղում) ենթարկվել է բնաբան կայքի աշխատակազմի և տվյալ կարծիքները կիսող անձանց կողմից հարձակման: Երիտասարդը լավ ու կանոնակարգված ձևով ներկայացրել է հոդվածը ժամանակակից մարդու տեսանկյունից, ինչի հետևանքով էլ հնչել են անհարիր սպառնալիքներ, մեկնաբանություններում արտացոլվել է ինչպես ռասիզմ, ու այլ տեսակի իզմ-ներ, այնպես էլ հոմոֆոբիա ու անհանդուրժողականություն և´ հեղինակի, և´ այլ մեկնաբանություններ անողների նկատմամբ:

«Հերոսը» Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու և մաթեմատիկոս է տիտղոսավորվում:

Սկսում է գովքով. հայերը լավ վաճառականներ են (ճշմարիտ է, ինչպես և շատ ազգերի տարբեր ներկայացուցիչներ: Դե իսկ առաջնության արմավենին անշուշտ հրեաների մոտ է: Փյունիկները լինեին, նրանցը կլիներ):

«Հայը երբ տեսնում է, որ պետությունն իր շահերն է պաշտպանում, նա ամենապետականամետ ազգն է»:  Դե… լավագույն առևտրականներ, ամենապետականամետ ազգ: Պապ թագավորի ու Արշակի կողքին էի՞նք… Հետո. հայերը (գոնե Իրանում ապրող հայերը) արդարադատ են: Քիչ թե շատ հետաքրքիր է գենոտիպի ու ֆենոտիպի վերաբերյալ նրա մեկնաբանությունը: Բայց վերջում նորից համեմվում է նացիոնալիզմով. ըստ հեղինակի, հայկական գենոտիպի որակներն են. համարձակություն, ուժ, արիություն: Մյուսները չունե՞ն: Լենկ Թեմուրը ուժեղ ու համարձակ չէ՞ր: Թե՞ մոնղոլներն էլ են հայ կամ հայկական գենոտիպով:

«Այնպես որ, բավական է Հայաստանին հանգիստ թողնեն, արտաքին ազդեցություններ չլինեն, հայերն իրենք կկերտեն իրենց պետությունը, և շատ ուժեղ պետություն։ Դրա վառ դրսևորումները կան՝ Տիգրան Մեծի, Բագրատունիների, Կիլիկիայի թագավորությունները»:

Փաստը նրանում է, որ վերոնշյալ պետությունները ստեղծվել են ուժեղ առաջնորդների շնորհիվ: Եթե Տիգրան Մեծը Ասորիքի առաջնորդը լիներ, հավանաբար այսօր Ասորիները կխոսեին «Ծովից ծով Ասորեստանի մասին»: Ինչպես մի մեծ մարդ էր ասել. «Ես ավելի շատ վախենում եմ առյուծի հրամանատարության տակ գտնվող ոչխարների հոտից, քան ոչխարի հրամանատարության տակ գտնվող առյուծների խմբից»: Ժողովուրդն ինքն իրենով չի´ կերտում պետություն: Առաջնորդներն են նախ և առաջ կերտում: Բագրատունիների թագավորությունն էլ առանց Բագրատունիների չէր լինի (հենց դրա համար ենք ասում Բագրատունյաց): Ուստի ազգայնական այն միտքը, թե ժողովուրդն ինքն է կերտում հզոր պետություն լիարժեք չէ:

Ատելությո՞ւն, թե՞ սեր: Մենք ենք ընտրում

Հետո մանկական Եվրատեսիլի հաղթանակից է բողոքում: «Բարոյական հաղթանակը» իր խոսքերով ավելի լավ կլիներ:

Ինչպես իր գրության մեջ նշել է Բայանդուր Պողոսյանը. «Ոչ ոք, կարծում եմ, չի ժխտի, որ հենց թեկուզ սովորական Եվրատեսիլին հայերը հերթով Եվրոպայի մի տեղն են մտցնում իրենց ազգային-ազատագրական ֆետիշները. դուդուկ, ծիրան, սասունցիների պար, ո՞ր մեկն ասեմ»:

Բայանդուրը դիպուկ է նշում, որ Եվրատեսիլը «Եվրոպական ազգերի հպման կետ է, մրցույթ, ու ոչ թե ազգային-մշակութային ինքնահաստատման կետ: Այլ կերպ ասած, եթե մեկն ամեն տեղ գոռում է, որ նա հայ է, ապա նա ընդամենը ազգային թերարժեքության կոմպլեքս ունի ու փորձում է ինքնահաստատվել»:

Ամեն ազգն իր ազգայնամոլներն ունի: Ու եթե ռուսաստանում ապրեր Вачаган Вархадов մի ազգայնական, նա իր երկիրը կգովերգեր:

Հետո գալիս է պատրիարխալ սեքսիզմը` գրկախառնված ազգայնամոլության հետ.  «Ի միջի այլոց, ես համարում եմ, որ ամեն մի հայ տղա երեխա պոտենցիալ հանճար է»: Իսկ օտար ազգերի երեխաները պոտենցիալ հանճար չե՞ն… հետաքրքիր է, եթե համալսարանում հայերի հետ սովորում են նաև օտարազգի ուսանողներ, մեծն գիտնականն անընդհատ նշում է, որ հայ տղաները պոտենցիալ հանճարնե՞ր են: Իսկ աղջիկներն ընդհանրապես չկան…

Հետո փորձելով արդարանալ իր սեքսիզմի համար` մաթեմատիկոսն արտայանտում է այն վեհապանծ միտքը, որ տղամարդը հանճար է, կինը` տաղանդ: Ինչ խոսք, նա հաստատում է իր արխայիկ սեքսիստական մոտեցումը` կնոջը հատկացնելով երկրորդական, ավելի ցածր դեր: Մեջբերելով Նժդեհին նա նաև նշում է, որ «Սա նշանակում է, որ եթե մայրը ճիշտ է դաստիարակում զավակներին, ապա աղջիկ երեխան պետք է մեծանա որպես ընտանիքի մայր, իսկ տղա երեխան՝ որպես որոշում կայացնող և բոլոր մակարդակներում արտաքին աշխարհի դեմ պայքարող։ Սա է ճիշտ դաստիարակությունը»: Ու թող չունենայինք կին հասարակական գործիչներ, թող չլինեին Դիանա Աբգարը` արևելքում աշխարհի առաջին կին դեսպանը, որը հայոց հարցի ու ցեղասպանության վերաբերյալ արժեքավոր հոդվածներ է գրել այդ ժամանակվա նշանավոր ու համաշխարհային մակարդակով հարգարժան թերթերում (ՀՀ դեսպան Ճապոնիայում, 1920 թ.): Ու Սրբուհի Տյուսաբը, Զապել Եսայանը և մյուս լուսավորյալ կանայք…

Համամիտ եմ սերիալների վերաբերյալ հեղինակի քննադատության հետ: Ու Բայանդուրը ևս անդրադարձ է կատարել դրան:

Սակայն համընդհանուր քննարկումների մեջ (ո´չ Գրիգորի, ո´չ էլ Բայանդուրի մոտ) չի նկատվում մի կարևոր կետ. հեղինակի հոմոֆոբիան: «Ես չեմ զարմանա, եթե վաղը հեռուստատեսությամբ ցույց տան, թե ինչպես է տատիկը սիրահարվում իր թոռնիկի աղջիկ երեխային ու հոմոսեքսուալ սեր պահանջում»:

Ինչպես սովորաբար անում են հոմոֆոբերը… նույնասեռականության թեման խառնել մանկապղծության թեմայի հետ: Եվ արյունապղծությունն էլ են մեջբերում` փորձելու համար ապացուցել, որ ճիշտ են: Սրանք հասկացության նենգափոխման, դեհյումանիզացիայի և brain priming-ի անբարոյական մեթոդներն են: Այդ մարդը սարքել է մի մեծ շիլա` երեքը մեկում. նույնասեռականություն + մանկապղծություն + արյունապղծություն: Իհարկե, նպատակն է վարկաբեկել նույնասեռականությունը: Բայց տես, թե ինչ մեծ վարպետությամբ` ի սկզբանե ներկայացնելով այլ երևույթների կողքին, որոնք բացասական են: Ցավալի է, բայց փաստ: Չնայած… ավելի վտանգավոր ու անցանկալի կլիներ, որ նացիստ, ռասիստ, շովինիստ, ազգայնամոլ ու սեքսիստ այս անհատը հանդես գար որպես նույնասեռականության ու նույնասեռականների պաշտպանության կողմնակից:

Նա վարկաբեկում է մի ամբողջ մայրցամաք` Եվրոպան, այն անվանելով ցեխաջուր: Սոկրատես, Պլատոն ու բոլոր անտիկ հույն ու հռոմեացի գիտնականներին, փիլիսոփաներին, մշակույթի ու արվեստի գործիչներին, ռազմական տղամարդու այդքան իդեալներ տված (Ալեքսանդ Մեծ, Հուլիոս Կեսար, Ռիչարդ Առյուծասիրտ ու բազմաթիվ այլոք), Ոդիսական ու Իլիական տված… … … այդ հսկա մայրցամաքը նա իրեն թույլ է տալիս անվանել ցեխաջուր:

Անհավանական ու անհավատալի է թվում, որ գիտնական ու գիտուն մարդն իրեն թույլ կտար ասել հետևյալը. « Աֆրիկացու համար մարդակերությունն է սովորական բան, ամերիկացու համար՝ մեկ այլ բան, թող իրենք իրենց ունեցածով ապրեն, դա նրանց խնդիրն է։» Աֆրիկացիների մասին նման կարծրատիպ տարածել… Եվրոպա` ցեխաջուր, Աֆրիկա` կանիբալներ…

Հայաստանը քաղաքակրթության օրրանն է… դե… իհարկե… մենք` հզորներս: Մենք ենք, որ եգիպտացիներին սովորացրել ենք բուրգեր կառուցել, Սթոունհենջը մերոնք են կառուցել, Թայվանը մենք ենք հիմնադրել (Թայ + վան): Հնդկաստանի Հայդարաբադը մենք ենք հիմնադրել (Հայ+դար+բադ), Շանհայը անշուշտ հայերի կառուցածն ա (Շան+հայ): Օֆ… մենք` ՄԵՆՔ, Մ Ե Ն Ք:

Վայ գիտնականը ուրախ է, որ երեք միլիոն Նապոլեոններով ապրող ազգ ենք: Ինդիվիդուալիզմ ու դատարկ գոռոզամտություն (+ սնապարծություն) խառնած իրար` նա նշում է, որ լավ է, որ մենք այդքան ինդիվիդուալիստ ենք: «Ամեն հայ տղամարդ որոշում կայացնող է»։ Կեցցե´ PRոլետարիատը: Իհարկե, this is the men’s world, և կնոջը տեղ չկա… կինը տանն է, խոհանոցում: Տքնում է սեփական ամուսնու համար` հնարավորություն չունենալով ինքնուրույն որոշումներ կայացնել, ինքնառեալիզացվել, կայանալ որպես անկախ ու ինքնուրույն անհատականություն: Կինը միայն սարք է` տղամարդու սերունդը շարունակելու համար: Կնոջ ճակատագիրը երեխաներ դաստիարակելն է, ու իր չիրականացրած երազանքները երեխաների միջոցով իրականացնել փորձելը:

Հայ տղամարդը «Նախընտրում է դրսում երրորդ սորտի մարդ լինել, բայց իր երկրում նա պետք է լինի թագավոր»: Պետականամետ ու հայրենասեր, էսքան գոռոզամիտ… որ սեփական երկրում չի ցանկանում որպես տաքսիստ աշխատի, բայց Եվրոպայում հաճույքով ավտոբուս կքշի: Դե… նապոլեոն-թագավորների ազգ, ոչ թե խորը ինդիվիդուալիստների: Երբ կարգ ու կանոն է առաջարկվում, ամեն մի հայ թագավոր իր կանոններով է շարժվում: Փողոցը կանաչ լույսի տակ անցնե՞լ: Ես կարմիրի տակ եմ ուզում անցնեմ: Ո՞վ ա ասել: Մեքենան արագ չքշե՞լ: Ենթարկվել օրենքների՞ն: Դե քանի որ ամեն մեկն էլ իր գլխին թագավոր է, էլ իրեն ղեկավար ու օրենք պետք չէ. «Ես եմ իմ օրենքը» կարգախոսն է աշխատում ուրեմն թագավոր-նապոլեոնների մոտ:

Հետո փիլիսոփա հայրիկը հիշում է ամալեկներին` բիբլիական մի ժողովրդի: Այդտեղ էլ հայերին ու հրեաներին իրար թշնամի է հանում (իհարկե, հրեների մեղքով. բա մենք հո մեղավոր չե՞նք)` ասելով, որ ամալեկները հենց հայերն են: Ուրեմն ստացվում է, որ մենք` Քաղաքակրթության Օրրանում ապրողներս Իսրայելից ենք էստեղ եկել: Ուրեմն մենք բնիկները չենք էստեղի: Թե՞ մի ժամանակ լքել էինք մեր օրրանը: Հավեսի համար ազգովի գնացել էինք Իսրայել ու նույն հավեսով էլ մի օր ետ եկա՞նք: Աբսուուուրդ…

«Բոլորն իրավունք ունեն պետական գործերում որոշումներ կայացնելու. սա է ժողովրդավարության հիմքում, ոչ թե ընտրությունները։ Իսկ որոշում կարող է կայացնել միայն անհատականությունը, որը մտածել գիտե։ Մինչդեռ գորշ զանգվածում առաջնայինն առաջնորդի գաղափարն է։ Օրինակ, թյուրքական ցեղերում առաջնորդի ասածն է օրենք, որովհետև մտածել չգիտեն։ Սա բխում է նրանց ուղեղի կառուցվածքից, մեր ուղեղն այլ կերպ է կառուցված»։

Ռասիզմի ամենավառ դրսևորումներից… Ուղեղների ու գանգերի ուսումնասիրությամբ զբաղվում էին աշխարհի տարբեր երկրներում: Նացիստական Գերմանիան էլ իհարկե ասում էր, որ արիական ցեղի ուղեղի կառուցվածքն ուրիշ է: Նացիստական Գերմանիան դրանով զբաղված էր քսաներորդ դարում:

Չնայած մեր գիտնականի այն համոզմանը, որ թյուրքական ցեղերը մտածել չգիտեն, հենց թուրքերը նույն գաղափարախոսությունն առաջ էին քաշել դեռևս անցյալ դարում: 1930-ական թվականներին թուրքական նացիոնալիզմն ու ռասիզմն արտահայտվում էին ոչ միայն նախկինից ժառանգած պանթյուրքիզմի գաղափարով, այլև «Մի պետություն, մեկ ազգ, մեկ մշակույթ, մի առաջնորդ, մի ուսմունք, մի կուսակցություն» ժամանակին տարածված կարգախոսով: Ու սա, որ թուրքերը քսաներորդ դարում էին գործածում… մեզ փորձում են ներարկել այսօր…  Ու թուրքերը ևս գանգի կառուցվածքից էին խոսում: Նրանք էլ ունեին Յուսուֆ Հալաչօղլու (Yusuf Halaçoğlu), որ իր թուրքական ազգն էր գովերգում մեր այսօրվա ազգայնական հայի պես : Եթե Գերմանիան ու Թուրքիան այդ գաղափարները պրոպագանդում էին քսաներորդ դարում, մեր «գիտնականի» նման «լուսավորյալները» այդ նույն գաղափարով մեր հասարակությանը թունավորում են քսանմեկերորդ դարում: Ի´նչ առաջընթաց: Մոլորակից առաջ ենք ընկել: 

Իսկ գիտե՞ք, որ հայերի դեմ էլ էին գործածում «գանգի կառուցվածքի» գաղափարը.

Հայ-ռուսական համալսարանում աշխատող անհատն ավարտում է իր հանճարեղ ու խիստ նորարարական հարցազրույցը հետևյալ մտքով. «Անգամ եթե դու վատ ես ապրում ֆինանսապես, դու բարգավաճ ես այն դեպքում, երբ ազատ ես քո որոշումներում։ Բարգավաճ չի նշանակում հարուստ լինել։ Ոչ մի ստրուկ, ի դեպ, սոված չէր մնում։ Բարգավաճը որոշումներ կայացնելու, իր ընտանիքի գլուխ լինելու հանգամանքն է»: Սոված մնա, տառապի, թող ընտանիքդ սովից զկրտա: Բայց դու որոշում կայացնող ես, ուստի բարգավաճ ես: Կեցցե´ հայ ազգը, բոլոր ազգերից ամենաազգայինը…

Գուցե ստրուկների մասին խոսալով նա առաջարկեց վերադառնանք ստրկատիրական դասակա՞րգ: Որ էլ սոված չմնա՞նք: Համ բարգավաճ կլինենք, համ էլ կուշտ: ԱՅ ՔԵԶ ԱՆԹև ՄՏՔԻ ԹՌԻՉՔ…

Մեծագույն խնդիրն ու մտավախությունն այն է, որ այս անհատը հանդիսանում է Հայ-ռուսական համալսարանի գիտական աշխատակից… և քանի անմեղ մտքեր կպղտորի ու սեփական կեղտոտ ցեխաջրով ու ատելությամբ կլցնի նա…

Ի վերջո, մի ազգայնական գործիչ շատ էր զարմացել, երբ իմացել էր, որ Անդերս Բրեյվիկը նաև ոգեշնչվել էր իր աշխատություններից: Նման կոչերով ու ատելությամբ հանդես եկողներն են, որ ոգեշնչելու են ու մտավոր հիմքեր են ստեղծելու վաղվա բրեյվիկների համար: