Պիտակներ

,

Նախաբան

Մտածող մարդու ուղեղն անվանումներ է տալիս իրեն շրջապատող երևույթներին, առարկաներին, իրերին… ամեն ինչին: Դա հեշտացնում է մտածելու, արտաքին աշխարհը մտքում դասակարգելու և տվյալ դասակարգման հիման վրա քայլեր ձեռնարկելու գործընթացը: Նույնասեռականությունը ևս բացառություն չէ: Ե´վ երևույթը, և´ այդ երևույթը կրող մարդիկ անվանակոչվել են տարբեր անուններով ու եզրույթներով (ինչպես որ մյուս սեռական կողմնորոշվածությունների կրողները):

Հին Հունաստան / Հելլենիզմ

Հին Հունաստանում ընդհանրապես սեռականության նկատմամբ հայացքներն արմատապես տարբեր էին այսօրվա հայացքներից, և մարդիկ չէին բաժանվում կատեգորիաների ըստ իրենց սեռական կողմնորոշվածությունների: Նույնասեռականությունը գործածվում էր նախնադարյան համայնքներում, պոլիսներում, հետո էլ` ողջ հելլենիստական աշխարհում, և արական սեռի երկու անհատների միջև սեռական հարաբերություններն ու հոգևոր կապը դատապարտելի չէր:

Նույնասեռականության այն տեսակը, որը հույները գործածում էին պեդերաստիան էր (չշփոթել պեդոֆիլիայի հետ): Բառը կազմված է παῖς (պայիս — երեխա, տղա) և ἐραστής (էրաստես — սիրեկան) արմատներից: Պեդերաստիան ենթադրում էր մեծահասակ տղամարդու և երիտասարդ պատանիի (մինչև նրա դեմքին մազածածկույթի ի հայտ գալը) միություն: Մեծահասակ տղամարդը պատասխանատու էր երիտասարդի պաշտպանության, կրթության, մարզման, սիրելու, դաստիարակության և որպես օրինակ ծառայելու հարցերում: 

Մեծահասակ սիրեկանին անվանում էին էրաստես, իսկ փոքրահասակին` էրոմենոս:

Ամենայնիվ, Հին Հունաստանում մարդիկ չէին բաժանվում խիստ կատեգորիաներով, և էրաստեսներն ունենում էին կանայք և երեխաներ: Մի սափորի վրայի հոմոէրոտիկ պատկերին ուղեկցող տեքստն ասում է. «Կանայք երեխաների համար են, տղամարդիկ` հաճույքի»: Գուցե այսպես էին մտածում հին հույները, կամ նրանցից ոմանք (գուցե որոշ սոցիալական շերտեր):

Միջնադար

Միջնադարում նույնասեռականությունը որպես առանձին երևույթ նույնպես չկար: Չնայած սոդոմականություն հասկացությունը միջնադարյան մարդկանց համար շատ լայն իմաստ ուներ` նույնիսկ ներառելով հետանցքային սեռական ակտն իրար հետ ամուսնացած տղամարդու և կնոջ, ինչպես և քրիստոնյայի և մահմեդականի միջև, այն նաև ներառում էր սեռական ակտը երկու տղամարդկանց միջև:

Ինչպես Օսկար Ուայլդի ընկեր ու սիրեկան Լորդ Ալֆրեդ Դուգլասն էր փայլուն ձևով նկարագրել, սա «Սեր էր, որ չէր համարձակվում իր անունն ասել» (Love that dare not speak its name):

Ոլորտի ուսումնասիրողները 18-19-րդ դդ և հետո:

Վերածննդի ու Լուսավորչության դարաշրջանից հետո շատ բան փոխվեց: «Հետերոսեքսուալ» և «հոմոսեքսուալ» բառերի հեղինակը Կարլ-Մարիա Կերթբենին է (Karl-Maria Kertbeny կամ Károly Mária Kertbeny, 1824 — 1882): «Նույնասեռական» եզրույթը պաշտոնապես առաջին անգամ գործածվել է 1869թ. Կերթբենիի կողմից հրատարակած անանուն մի բրոշյուրի մեջ, որով հեղինակը բողոքում էր նույնասեռականությունը քրեականացնող օրինագծի դեմ: Նա մարդու իրավունքների պաշտպան էր, որը պայքարում էր ընդդեմ անարդարությունների, հատկապես հանուն նույնասեռականների դեմ անարդարությունները վերացնելու:

Հոմոսեքսուալ և հետերոսեքսուալ բառերը` գործածված առաջին անգամ

ա

«Պրուսիայի Քրեական օրենսգրքի 143-րդ պարագրաֆը և դրա պահպանումը որպես Հյուսիսային Գերմանական Կոնֆեդերացիայի Քրեական օրենսգրքի Նախագծի 152-րդ պարագրաֆ»:

Կարլ Հեյնրիխ Ուլրիխսը (1825 — 1895) նույնասեռականների իրավունքները պաշտպանող մեզ հայտնի առաջին բացահայտ նույնասեռականն էր: Նա էլ ստեղծել էր մեկ այլ հասկացություն` ուրնինգ կամ ուրանացի: Ի սկզբանե «ուրնինգ» ասելով հեղինակն ի նկատի ուներ նույնասեռական տղամարդկանց: Նա ուրնինգներին ներկայացնում էր որպես «տղամարդու մարմնում կանացի միտք» ունեցող անձանց: Հետագայում հասկացությունն ընդլայնվեց` ներառելով նաև իգական սեռի նույնասեռական կանանց:

ԱՄՆ և Եվրոպա, 20-րդ դար

ԱՄՆ-ում ժամանակին գործածվող տերմիններից էր «հոմոֆիլ»-ը: «Ղինեֆիլիա» կամ «գինեֆիլիա» և «անդրոֆիլիա» հասկացությունները, ի տարբերություն հիմնական մյուս հասկացությունների, անհատին բնութագրելու փոխարեն միայն բնութագրում էին գրավչությունը դեպի կինը (հունարեն` ղինի) կամ տղամարդը (հունարեն` անդրոս):

Փոխաբերական արտահայտություններ կամ մեղմասություններ

Քսաներորդ դարի սկզբում և դրանից առաջ նույնասեռականներին նկարագրելու համար հաճախ օգտագործում էին փոխաբերական իմաստ ունեցող արտահայտություններ կամ մեղմասացություններ (euphemism): Օրինակ` «Դորոթիի ընկեր»: Չնայած հստակ հայտնի չէ այս արտահայտության իրական ծագումը, ոմանք կարծում են, որ սա բխել է «Օզի կախարդը» ֆիլմից: Ֆիլմում Դորոթին մի աղջնակ էր, որն ընդունում էր մեծամասնությունից տարբերվող այլ կերպարների (օրինակ` փափկասիրտ առյուծի, որն ուղղակի ձևանում էր որպես քաջ ու ագրեսիվ` փորձելով խաբել մյուսներին):

Չիկագոյում, 1980-ականներին, Ռազմածովային քննչակած ծառայությունը, չիմանալով, որ դա ուղղակի փոխաբերական ասացվածք է, լայնամասշտաբ աշխատանքներ էր իրականացնում այդ Դորոթիին գտնելու համար` հույս ունենալով նրան համոզել իրենց տրամադրել ռազմական ծառայության մեջ գտնվող բոլոր նույնասեռականների անունները🙂

Այլ արտահայտություններից էին` «էն ձևի», «ավտոբուսի մեջ», իսկ կանանց նկատմամբ էլ` «հարմար կոշիկներ հագնող» և այլն:

Առավել մասնագիտական շրջանակներում գործածում էին «սեռական խեղաթյուրում» կամ «սեռական աղավաղում» (sexual inversion) հասկացությունները:

Նույնասեռական շվեդ ակտիվիստ Կուրտ Հիլլերը քսաներորդ դարի երկրորդ կեսում առաջարկել էր երկու նոր տերմիններ` անդրոտրոպ և գինյակոտրոպին (հունարեն` անդրոս — տղամարդ, տրոպ — ուղղվել դեպի, գինեկա — կին):

ԼԳԲՏ

ԼԳԲՏ-ն այսօր գործածվող ամենատարածված եզրույթներից մեկն է: Այն իրենից ներկայացնում է լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր բառերի հապավումները: ԼԳԲՏ տերմինն ունի բազմաթիվ այլ դրսևորումներ: Տարբեր խմբակներ գործածում էին և գործածում են հապավման տարբեր տեսակներ` ԳԲՏ, ԼԲՏ, ԳԼԲՏ, ինչպես նաև` ԼԳԲՏՔ (Ք — քուիր), ԼԳԲՏԻ (Ի — ինտերսեքսուալ կամ միջսեռական), ամենաերկարը` ԼԳԲՏԻՔԱ (Ա — ասեքսուալ կամ անսեռական): ԼԳԲՏ հասկացությունը շրջանառության մեջ է ներդրվել 20-րդ դարի 80-ական թվականներից:

Խնդիրներ` կապված ԼԳԲՏ-ի հետ

Լեսբուհիները դժգոհ էին, որ գործածվում էր ԳԲՏ հասկացությունը, որովհետև նրանք անտեսվում էին: Քուիրները, երբ ի հայտ եկան, ձգտում էին ավելի շատ տեսանելիություն ձեռք բերել և համաձայն չէին ԼԳԲՏ տերմինի գործածման հետ: Ինտերսեքսուալները շատ ավելի քիչ տեսանելիություն ունեին և ունեն, քան մյուս խմբերը, ուստի ԼԳԲՏՔ հասկացությունն ամենաներառողը չէ նրանց տեսանկյունից: Ասեքսուալների համար խիստ դժվար է ապրել այս աստիճան սեքսուալացված աշխահրում, իսկ տեսանելիության պակասն ուղղակի անասանելի է… նման մարդկային այլ խմբեր էլ կան, որ անտեսանելի են: Իսկ միայն Տ հասկացության մեջ ներառված է երեք կատեգորիա` տրանսգենդեր, տրանսվեստիտ, տրանսսեքսուալ: Ուստի, կարող է ստացվել այսպիսի մի բան, եթե փորձենք բոլորի նկատմամբ ներառողական լինել հապավման կապակցությամբ` ԼԳԲՏՏՏԻՔԱՆԱ (ն — գենդեր-նեյտրալ, Ա — անդրոգին) …🙂 …

Այս տեսակ ծայրահեղությունից խուսափելու համար է, որ գործածվում են այլ հասկացություններ, ավելի ընդհանրական, օրինակ` ՀԲՏ (հոմոսեքսուալ, բիսեքսուալ, տրանսգենդեր): Ես որոշել եմ գործածել «Ծիածան» հասկացությունը (այստեղից էլ բլոգիս վերնագիրը), որը ներառում է բոլորին: Ինչպես նաև ԼԳԲՏ հասկացությունը կարելի է դիտարկել որպես «անձրևանոց տերմին», որը ներառում է նաև այլ խմբերի:

Հայաստան և հայոց լեզու:

Նույնասեռականություն հայերեն տերմինը նրան հավասարազոր միջազգային տերմինի` «հոմոսեքսուալության» (homosexuality) թարգմանությունն է. հունարեն «հոմո» կամ «հոմիո» — նույն, լատիներեն սեքսուս — սեռ: Ըստ «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ի, նույնասեռական և մի շարք այլ հայերեն բառերը հենց ՄՀՔՆ-ն է, հանձինս նախագահ Կարեն Բադալյանի, որ թարգմանել է հայերեն կամ հարմարեցրել հայերեն լեզվամտածողությանը: Նրանց կողմից է նաև, որ առաջարկվել է միջազգային ՀԲՏ տերմինի հայկական մի տարբերակ` ՆԵՓ (նույնասեռական, երկսեռական, փոխսեռական):

Հայերենում շատ է տարածված նաև «միասեռական» հասկացությունը, որը գործածվում է նույնասեռականի փոխարեն: Քիչ հանդիպող է նաև համասեռական բառը: Այնուամենայնիվ, այստեղ կոնսենսուսը հետևյալն է.

Միասեռական — մոնոսեքսուալ,

Համասեռական — պանսեքսուալ,

Նույնասեռական — հոմոսեքսուալ:

Չնայած սրան, միասեռականը դեռևս շրջանառության մեջ է` արտահայտելով հոմոսեքսուալ հասկացության իմաստը:

Մինչ այս տերմինների գործածումը հայերեն լեզվում հիմնականում հայտնի էր «արվամոլ» հասկացությունը: Քանի որ «մոլ» արմատը բացասական երանգ է կրում (գինեմոլ, խաղամոլ, կնամոլ, մանկամոլ, մոլեռանդ, մոլի, մոլագար և այլն), անցանկալի է այն կիրառել նույնասեռականների մասին խոսելիս (առկա են հետևյալ հիբրիդները` համասեռամոլ, միասեռամոլ, համասեռամոլական, միասեռամոլական):

Որոշ մասնագետներ գործածում են ինչպես «միասեռամոլ», այնպես էլ «տարասեռամոլ» (համարժեք հետերոսեքսուալին) հասկացությունները` առանց հաշվի առնելու «մոլ» արմատի բացասական երանգը և տարբերություն չդնելով ու խտրականության չենթարկելով մեծամասնությանը կամ փոքրամասնությանը:

Քիչ գործածվող են նաև «համասեռահակ» և «նույնասեռահակ» հասկացությունները:

Հայերենուն ևս գործածվում են այլ արտահայտություններ, ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներից եկած. «նրանցից ա», «երկնագույն ա» (կամ ռուսերենից եկած` «գալուբոյ»), «հոլանդ ա» (հավանաբար ծագում է հոլանդացիների վերաբերյալ կարծրատիպից): «Գոմիկ» բառը հանդիսանում է հոմոսեքսուալ բառի այլասերումը. քանի որ ռուսները չունեն «հ», նրանք ասում են գոմոսեքսուալ, և գոմիկ:

Հայերեն լեզվում գործածվող «ղզիկ» բառը գուցե եկել է թուրքերեն köçek բառից: Թուրքական ծագում ունի նաև գյ*թ հայհոյական բառը, որը ինչպես գործածվում է պասիվ նույնասեռական տղամարդկանց, այնպես էլ բացասական անձնական որակներ ունեցող տղամարդկանց նկարագրելու համար: Բառը բառացի նշանակում է հետույք:

Ինչպես որ անհարիր է քրիստոնյային «անհավատ» կամ «գյավուր» անվանվելը, հային «խաչիկ», կովկասցուն և անդրկովկասցուն (հայերին էլ)`  «չեռնաժոպ», տեսողական խնդիրներ ունեցողին «քյոռ» կամ «քոռ» անվանել, այնպես էլ անհարիր է ՀԲՏ մարդկանց հասցեին մոլ արմատը ներառող կամ հայհոյական բառեր օգտագործելը: