Պիտակներ

, , , ,

Ի՞նչ է կատարվում Սոդոմում: Ղովտին այցելում է երկու հրեշտակ, որոնց նա ընդունում է և տեղ է տալիս իր տան մեջ: Արվագետների կամ արվամոլների մի ամբոխ գալիս է և պահանջում հյուրերին «գիտենալ»: Ի պատասխան Ղովտն աղերսում է քաղաքացիներին չարություն չանել, առաջարկում իր երկու կույս աղջիկներին հյուրերի փոխարեն՝ նշելով. (Ծննդոց 19:8)«… բայց միայն այս մարդոցը բան մը մի՛ ընեք. քանզի անոնք իմ յարկիս շուքին տակ մտան»: Արդյո՞ք Ղովտի դեպքն էլ հյուրասիրության մասին չէ: Նա իր հյուրերին պաշտպանելու համար նույնսիկ իր կույս աղջիկներին է դեմ տալիս անբարոյական ամբոխին. միայն թե ՀՅՈՒՐԵՐԻՆ, իր ՀԱՐԿԻ կամ ՏԱՆԻՔԻ ՇՈՒՔԻ ՆԵՐՔՈ ՄՏԱԾՆԵՐԻՆ չանարգեն: Այո, դա պատիժ էր (Սոդոմի ու Գոմորի անբարոյական բնակիչների կործանումը): Այո, դա պատիժ էր հյուրերին անարգելու համար: Այո, դա պատիժ էր բռնաբարության փորձի համար. բնակիչները փորձեցին բռնի կերպով մտնել Ղովտի տուն և «գիտենալ» հյուրերին: Դա պատիժ էր անբարոյականության համար: Դա նաև պատիժ էր ընդդեմ քսենոֆոբիայի (օտարավախության). նույն տեղի 9րդ խոսքում բնակիչներն են Ղովտին սպառնում. «Հեռո՛ւ կաց։ Դու ﬔր երկիրը մտար իբրև պանդուխտ բնակուելու. ﬕթէ դատաստա՞ն էլ ես ուզում տեսնել։ Հիմա քեզ աւելի շատ կը չարչարենք, քան նրանց»:

Սոդոմի պատմությունը շատ ավելի խորն է, քան կարծում եք: Հյուրասիրության սրբազան օրենքների խախտում, օտարավախություն, ավազակություն: Սոդոմականը վատ բան է. և՜ գեյը, և՜ հետերոսեքսուալը կարող են սոդոմական լինել: Դա սեռականության հետ կապ չունի:

ԱՎԵԼԻՆ. ի՞նչ ենք հասկանում «հրեշտակ» ասելով: Հիմնականում, երբ ասում ենք հրեշտակ, պատկերացնում ենք անմարմին ու եթերային էակների, որոնք անսեռ են: Արդյո՞ք Սոդոմի հյուր հրեշտակները մարդկային մարմին ունեին. մարմին, սեռ, սեռական, արտաթորանքի օրգաններ ունեի՞ն, թե՞ անմարմին ու եթերային արարածներ էին: Արդյո՞ք դա պատմություն է, թե ինչպես տղամարդկանց մի խումբ ուզում էր բռնաբարել այլ տղամարդկանց, թե՞ ինչպես տղամարդիկ ուզում էին “գիտենալ” հրեշտակներին (ու ոչ թե այլ տղամարդկանց): ՍԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՐԿՈՒ ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼ ՏՂԱՄԱՐԴ ՍԻՐՈՎ ՏՈԳՈՐՎԱԾ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԿԵՐՊՈՎ ՋԱՆՈՒՄ ԷԻՆ ԼԻՆԵԼ ՄԻԱՍԻՆ: Սա պատմություն չէ սեռական կողմնորոշման մասին: Սա պատմություն է սեռական վարքագծի մասին. բռնաբարությունը և դրա փորձը դատապարտելի են` անկախ ամեն ինչից, լինի տղամարդ-կին, տղամարդ-տղամարդ, տղամարդիկ-տղամարդիկ (Սոդոմի դեպքը) կամ ցանկացած ֆորմատի:

Ինչո՞ւ եք Սոդոմի պատմությունը բառացի ընդունում: Չէ՞ որ դա սրբագրված գրականություն է, ուր շատ հաճախ են գործածում թաքնված, ալեգորիկ իմաստով մեկնությունները: Արդյո՞ք ատում եք ձեր ծնողներին, կնոջն ու որդիներին, երբ Քրիստոսն ասում է՝ ատեք (Ղուկաս 14:26. «Եթէ մէկը ինծի գայ՝ բայց չատէ իր հայրն ու մայրը, կինը եւ զաւակները, եղբայրներն ու քոյրերը, նաեւ իր անձը, չի կրնար իմ աշակերտս ըլլալ…»: Արևելահայերենում բառը փոխել են՝ դարձնելով «նախընտրել», բայց արևմտահայերը չեն փոխել՝ գրելով «ատել»), թե՞ այլ կերպ եք մեկնաբանում այդ խոսքը: Իսկ ինչո՞ւ եք Սոդոմի դեպքերը բառացի մեկնաբանում: Սոդոմի մեղքը ահավոր էր. նրանք ընկել էին, շատ էին ստորացել: Իրար սիրող երկու տղամարդ մեղսագո՞րծ են: Երկու միմյանց սիրող տղամարդիկ, և տղամարդկանց մի խումբ, որ փորձում է այլ տղամարդկանց (կամ «հրեշտակների») բռնաբարել, նույն բա՞նն է:

 

ՄԻ ԲԱՆ ԷԼ, Ի ԴԵՊ. Եզեկիել 16:49 «Քո քրոջ՝ Սոդոմի անօրէնութիւնն այս էր՝ ամբարտաւանութիւն, հացով լիացածութիւն, գինու մէջ յղփացածութիւն։ Մեղկ կեանք էին վարում ինքն էլ, դուստրերն էլ։ Դրա մէջ էին խրուած ինքն էլ, դուստրերն էլ։ Ձեռք չէին մեկնում աղքատին ու տնանկին, մեծամտանում էին ու իմ առաջ անօրէնութիւններ անում։ Ու երբ դա տեսայ՝ մէջտեղից վերացրի նրանց»։

Եզեկիելը, որը նկարագրում է Սոդոմի մեղքերը, ինչ-որ բան ասո՞ւմ է հոմոսեքսուալության մասին: Ոչ…

Սոդոմականները խեղդվում էին անգրագիտության ու տգիտության մեջ, ՆՐԱՆՔ ՉԷԻՆ ՀԱՐԳՈՒՄ ԱՎԱՆԴՈՒՅԹՆ ՈՒ ՕՐԵՆՔԸ: ԴԱ էր նրանց մեղքը: Որովհետև նույնասեռականները շատ մեծ օգուտներ են բերում մարդկությանը. նշենք միայն Սոկրատեսի, Դա Վինչիի, Միքելանջելոյի, Չայկովսկու, Ալան Տյուրինգի, Փարաջանովի անունները: Ուստի, սոդոմական ու նույնասեռական (և երկսեռական) իրարից շատ տարբեր են: Գեյն էլ կարող է սոդոմական լինել, հետերոսեքսուալն էլ: Իսկ Սոդոմի պատմության իմաստն ու կարևորությունն ահռելի են, մի՜ խեղաթյուրեք ու նեղացրեք իմաստը:
Եթե ուզում եք խուսափել Սոդոմից, պիտի խուսափեք անգրագիտությունից, տգիտությունից, պիտի հարգեք օրենքներն ու բարոյականությունը, պիտի օտարավախ (քսենոֆոբ) չլինեք: Եթե ուզում ենք խուսափել «Սոդոմից», ապա պետք է դատապարտենք ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ` անկախ դրա «ֆորմատից», քանզի Սոդոմի բնակիչները երկկողմանի համաձայնեցված սեռական հարաբերություններ չէ, որ ցանկանում էին միմյանց հետ. նրանք փորձում էին ԲՌՆԱԲԱՐԵԼ այլ տղամարդկանց, ՔԱՂԱՔԻ ՀՅՈՒՐԵՐԻ: 

Եթե անարգեք ձեր դիմացինին, դա սոդոմականություն կլինի: Երբ քարավանները Սոդոմ ու Գոմոր էին գնում առևտուր անելու, նրանց թալանում էին ու փող չէին տալիս: ԴԱ սոդոմականություն էր, որովհետև հյուրասիրության օրենքներից բացի նաև առևտրի օրենքներն էին խախտում, միջազգային օրենքներ, որ հնագույն ժամանակներից էին գործում:

Քրիստոնեությունից…

Եթե նույնիսկ նույնասեռականներին որպես թշնամի եք ներկայացնում` նշելով, որ դա վտանգ է, ապա հիշենք Մատթեոսի և Ղուկասի խոսքերը, որ Քրիստոսն ինքն է ասում. Մատթ. 5:43-44 «Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»: 44Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում»:

Ղուկաս 6:31 «Բայց ասում եմ ձեզ, դո՛ւք, որ լսում էք ինձ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարութի՛ւն արէք. 31օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղօթեցէ՛ք»:

Մատթ. 7:1. «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. 2որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար։ 3Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում. 4կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շիւղը քո աչքից, եւ ահա քո աչքում գերան կայ։ 5Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար»:

Գիտեցո՞ղ մարդ ես. մի՞տքդ է խոսում, թե՞ զգացմունքդ

Արդյո՞ք լավ եք ճանաչում գեյերին ու նույնասեռականությունը, գենդերային ինքնությունը, սեռական կողմնորոշումը, սեռական վարքագիծը, պատմական փաստերը, գիտության խոսքը… գոնե իրական հոմոսեքսուալ ընդհանրապես ձեր կյանքում տեսե՞լ եք, շփվե՞լ եք, խոսե՞լ եք հետը: Հասկանո՞ւմ եք, որ հոմոսեքսուալ և տրանսվեստիտ տարբեր հասկացություններ են:

Եթե չգիտեք այն, ինչ դատապարտում եք, ու քարոզում եք չիմացողներին ձեր չիմացությունն ու լոկ ենթադրությունները և/կամ վախերը, ապա Մատթեոսը հատուկ ՁԵԶ ուղղված լավ խոսքեր ունի.

Մատթ. 15:14 “Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում»:

Ինչպե՞ս կարող եք դատապարտել մի բան, որը լավ չգիտեք: Պայքարել երևույթի դե՞մ… Ձեզ բարի ճանապարհ դեպի անդունդ. Ինկվիզիցիան վառելով բնական այդ երևույթը չվերացրեց, Հիտլերը համակենտրոնացման ճամբարներում չվերացրեց, երկու հազար տարվա կրոնական հոմոֆոբիան երևույթը չվերացրեց… տեսնենք դո՞ւք ինչ եք անելու…

«…այց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք՝ երեքը. և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. 13:11-13):

Արդյո՞ք սեր է, երբ անհատի արժանապատվությունն ես ոտնահարում, դատապարտում ու հետապնդում…

Մարիա Մագդաղենացուն էլ երևի մեր հոգևորականները նույն հոգով կպատասխաներին, ինչ որ տրանսվեստիտ սեքս աշխատողներին ասացին (ամենը վերագրելով նույնասեռականներին) հետևյալ տեսանյութում. ԻՆՉ մեծ տարբերություն կա Քրիստոսի և քրիստոնյա հոգևորականների միջև…

Գուցե դուք այլ բանի եք դեմ, ուղղակի սխալ եք արտահայտվում… իսկ եթե ուղղակի նույնասեռականությանն եք դեմ որպես երևույթի, ապա Ձեզ բարի ճանապարհ դեպի պատերազմ հողմաղացների կամ ջրաղացների հետ…

Ահա մի քանի հղում և մի տեսանյութ, որ գուցե օգտակար լինի ընթերցողին.

Արդյոք նույնասեռականությունը կարելի՞ է բուժել. մասնագետների դիրքորոշումը

Նույնասեռականությունը հոգեբանության և գիտական այլ դիսցիպլինների տեսանկյունից

Նույնասեռական տղամարդիկ վտանգավոր են պետության և պետականության համար. այդպե՞ս է:

«Բնականի» ու «անբնականի» մասին

«Հոմոֆոբիայի» մասին

Հոմոֆոբիայի և անհանդուրժողականության պատճառները

Նույնասեռականությունը բնության մեջ