Պիտակներ

, , ,

Դօրիան այլընտրանքայինից ստացա «Հրապարակավ ներողություն Երևանի քաղաքապետին մեղադրելու համար» ֆեյսբուքյան իվենթի հրավեր:

Էստեղ ներկայացնում եմ «կոմայգու տրանսների խնդրի» լուծման իմ առաջարկը…

Գաղտնիք չէ, որ սեռական բնույթի ծառայություններ տրամադրելն աշխարհի հնագույն մասնագիտություններից է: Այն օրինական է որոշ երկրներում, և անօրինական` այլ երկրներում:

Երկաաար դարեր ոմանք պայքարել են այդ արհեստի կամ առևտրի տեսակի կամ զբաղմունքի դեմ: Ինչևէ, ոչինչ էլ չի օգնում: Ինձ թվում է չի օգնում, որովհետև սխալ ճանապարհով է ընթանում «ընդդեմ» «պայքարը»:

Եթե ինկվիզիցիան չի ոչնչացրել, պաշտոնապես ասեքսուալ ԽՍՀՄ-ը չի ոչնչացրել, քրեականացումը չի ոչնչացրել, նախկին քաղաքապետները չեն ոչնչացրել, ծեծը, ջարդն ու սպանությունները չեն ոչնչացրել, ի՞նչ է անելու Տարոն Մարգարյանը: Սխալ ճանապարհի վրա են «պայքարողները»:

“The significant problems we face today cannot be solved at the same level of thinking we were at when we created them” Albert Einstein.


Մոտավոր թարգմանությամբ. «Այն հիմնահարցերը, որոնց բախվում ենք այսօր չեն կարող լուծվել մտածողության այն մակարդակով, որում էինք, երբ ստեղծել էինք դրանք»:

Ընդդեմ պայքարը

Միշտ էլ հեշտ ա պայքարել «ընդդեմ», հատկապես երբ ընտրություններն են մոտենում, ու քաղաքական գործիչներին պետք են լինում քավության նոխազներ, ընտրողներին խոստովանություններ անելու պահն է գալիս…

Խնդիրը չի լուծվի, քանի դեռ էսպիսի «ընդդեմ» մոտեցում կա: Որպես քաղաքական գործիչ պրն. Մարգարյանը պետք է ՕԳՆԻ իր քաղաքացիներին, ոչ թե պայքարի ԸՆԴԴԵՄ նրանց: Դուք տրանսվեստիտ մարմնավաճառի մեջ մարդուն չեք տեսնում: Ու չեք ընդունում, որ այդ մարդը նույնպես ՀՀ քաղաքացի է, որին օգնություն ու աջակցություն է պետք:Օգնել ասելով չեմ ասում աջակցել կամ նպաստել սեռական ծառայությունների տրամադրմանը (մարմնավաճառությանը), այլ օգնել այն անձանց, որոնք ստիպված են դիմել այդ քայլին, որպեսզի գոյատևեն, որպեսզի գտնեն մի միջավայր, որտեղ գոնե քիչ թե շատ իրենց նմանները կան:

Իրականում սենց «դեմ» պայքարները ոչ մի բանին էլ չեն նպաստի:

Լուծումը

Լուծում անպայման պետք է գտնել, ամենայնիվ լուծումն ավելի խորը մակարդակի վրա է: Հետաքրքրված անձանց և «խնդիրը լուծող» ցանկացողներին առաջարկում եմ ուսումնասիրել Իսրայելի փորձը. Թել Ավիվի կենտրոնում, հասարակական այգում գործում է եռահարկ մի շենք` Gay Center (նույնասեռականների կենտրոն): Կենտրոնը ֆինանսավորում և հովանավորում է Թել Ավիվի քաղաքապետարանը:

Պետական ֆինանսավորում տրամադրեք, որպեսզի վերապատրաստողական ծրագրեր լինեն տրանսվեստիտ սեռական ծառայություններ տրամադրող մարդկանց համար, որպեսզի նրանց հնարավորություն տրվի այլ մասնագիտություն ձեռք բերել և աշխատել:

Որոշ մարդիկ աշխատանքից ազատվում են զուտ ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) լինելու համար: Որպեսզի նոր սեքս աշխատողներ չառաջանան, պաշտպանեք ՀՀ ԼԳԲՏ քաղաքացիներին, որ սեռական կողմնորոշման պատճառով գործազուրկները ստիպված չգնան այնտեղ աշխատելու:

Մեզ պետք է հակախտրական օրենսդրություն, որն արգելի ՍԿԳԻ (սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության) հիման վրա խտրականությունը, որպեսզի ԼԳԲՏ մարդիկ էլ հանրությանը ինտեգրված լինեն և օգտավետ աշխատանք տանեն` առանց խտրականության ենթարկվելու, քանզի մերժվածությունն ու խարանն է, որ ստեղծում է նման իրավիճակ:

Ահա Թել Ավիվի ասածս կենտրոնի ֆեյսբուքյան էջը. http://www.facebook.com/GayCenterIL?sk=wall

Եթե կառավարական ֆինանսավորմամբ նման տեղեր լինեն հենց տրանսգենդերների համար, նրանք էդտեղ կգնան, ոչ թե փողոցներում կթափառեն: Ու թե աշխատանք էլ լինի, չեն կանգնի «մայթեզրին»:

Սա էլ Կենտրոնի պաշտոնական կայքն է. http://gaycenter.org.il/

Մի խոսքով, Հանրային Տեղեկատվություն և Գիտելիքի Կարիք ՀԿ-ի (Հասարակական կազմակերպություն) նախագահ Մամիկոն Հովսեփյանը չպետք է ներողություն խնդրի (ֆեյսբուքյան այդ էջը դա էր պահանջում), որովհետև որպես ՀՀ կառավարության անդամ Տարոն Մարգարյանը պետք է պաշտպանի ՀՀ իր քաղաքացիներին, ոչ թե նրանց դեմ պայքարի:

Թող լուծի գործազրկության, խտրականության ու խարանի հարցը, որպեսզի սեռական ծառայություններ տրամադրող տրանսվեստիտ մարդիկ (ինչու չէ, գուցե և կանայք էլ) ստիպված չլինեն նման բաներ անեն:

Մեկին համալսարանից են վռնդում, մյուսին գործից հանում գեյ կամ լեսբուհի կամ տրանսգենդեր լինելու համար: Հակախտրական օրենսդրություն մտցրեք, հանդուրժողականության մակարդակը բարձրացրեք: Դա կլինի երկարաժամկետ, արդյունավետ լուծում:

Մի քիչ  սեռական բնույթի աշխատանք կատարելու մասին ընդհանրապես.

Սեռական բնույթի աշխատանք (ՍԱ) կատարելու հարցին էլ է կարելի քաղաքակիրթ լուծում տալ: Ուղղակի որոշ փաստեր կուրորեն անտեսվում են.

1. Մարդկանց մեծ մասն ունի սեռական պահանջմունքներ:
2. «Կարմիր խնձոր» ունեցող հանրության մեջ կանանց, կոպիտ ասած, երկու կատեգորիայի են հաճախ բաժանում` պոռնիկ և Մադոննա: Պոռնիկը հաճույքի համար է, իսկ Մադոննան` ամուսնանալու:
3. Եթե կա «Կարմիր խնձոր», ու հիմնականում կանայք ջանում են չընկնել պոռնիկ կատեգորիայի ներքո (որովհետև Մադոննա չեն լինի), չամուսնացած տղամարդիկ, տղաներն ո՞ւմ հետ պետք է իրենց սեռական բնական կարիքները հոգան: Իրար հե՞տ: Մի մասն էդպես ա անում, բայց թե… ընտրության իրավունք էլ ունեն մարդիկ:Փաստն էն ա, որ տղամարդիկ իրենց սեռական կյանքը սկսում են հիմնականում 15-19 տարեկան հասակում: Ու առաջին սեռական հարաբերություն ունենում են ոչ իրենց կանանց հետ…Ի՞նչ են անելու բնական սեռական կարիքներ ունեցող մարդիկ, եթե սեռական ծառայություններն անհասանելի լինեն… մահմեդական ու աֆրիկյան երկրների պես.

  • աճելու է բռնաբարությունների թիվը,
  • կանայք ավելի շատ են ենթարկվելու բռնության,
  • ավելի շատ տղամարդիկ են ստիպված լինելու դառնալ ՏՍՏ (տղամարդ, որ սեռական հարաբերություն է ունենում տղամարդու հետ):

Ինձ էլ են դիմել կին մարմնավաճառներ երկու-երեք անգամ: Երկուսը`Հանրապետության Հրապարակի մոտակայքում: Ուղղակի ասել եմ չէ, շնորհակալ եմ: Հարցը կարելի է լուծել օրինականացնելով, որի դեպքում այդ մարդիկ նաև ՀԴՄ-ներ կտրամադրեն, ու կօգնեն երկրի բյուջեն լցնելուն:)))

Կամ էլ պետք է գոնե օգնել մարդկանց նոր մասնագիտություններ ձեռք բերեն ու աշխատեն` առանց խարանի ու խտրականության: Ոչ թե հետապնդել:

Բռնությունը բռնություն է ծնում, և բռնի ուժով հարցերը վերջնական լուծում չեն ստանում:

Իրավունքի տեսանկյունից.

Մենք սոցիալիստ չենք. չնայած կա չափավոր սոցիալիստական ոգի մարդկանց մեջ, ամենայնիվ դե յուրե սեփականությունը սկսվում է մի կարևոր, շատ անձնական տեղից` քո մարմնից: Քո ուղեղն ու մարմինը քո կապիտալն է, քո սեփականությունը:

Սեռական բնույթի աշխատանքի իրավական կարգավիճակն աշխարհում. կանաչ` օրինական և օրենքով կարգավորվող, կապույտ` ՍԱ-ն օրինական, հասարակաց տներն անօրինական, կարմիր` անօրինական, մոխրագույն` անհայտ է:

Ինչքան տոտալիտար են մարդիկ իրենց բանականությամբ, ինչքան տոտալիտար է կառավարությունը, այնքան ավելի շատ են ջանում կառավարել մարդկանց մարմիններն ու միտքը: Կանայք ավելի ստրկացված վիճակում են, քանզի նույնիսկ իրենց կուսությունն է պատկանում տղամարդկանց. սկզբում հորն ու եղբորը, հետո էլ` ամուսնուն: Ի՞նչն է բարոյական. կառավարել մարդու ներքնազգեստի եղած-չեղածը՞, թե՞ լինել սեփական մարմնի տերը, և ինքնակամ որոշում կայացնել կուսության ու այլ հարցերում:

Տոտալիտարիստները ջանում են կառավարել թե՜ մարդու մարմինը, թե՜ նրա միտքը: Նույնիսկ հոգու գաղափարը կառավարելու հիասքանչ մեխանիզմ է. դու ունես մի բան քո ներսում, որ քոնը չէ, ու դու պարտավոր ես դրա տիրոջը…

Կանադան, երբ 1969 թ. օրինականացրեց նույնասեռականությունը, Կանադայի այդ ժամանակվա փոխնախարարն ասաց. «Պետությունն ազգի ննջարաններում անելիք չունի»:

Սա է ոչ տոտալիտար, ազատ անհատականության սկիզբը. եթե կա մի անհատ, ով իր մարմինն առաջարկում է մեկ այլ անհատի, նրանք դա անում են առանց երրորդ անձի խանգարելու, ինչո՞ւմ է խնդիրը. ինչո՞ւ ազատ անհատների անձնական գործի մեջ պետությունը պետք է միջամտի և խանգարի:

Եթե հասարակական կարգ են խախտում, ուրիշ բան. պատժեք օրենքի սահմաններում: Ամենայնիվ, մարդիկ ազատ հավաքվելու, սեփական ցանկությունները ռեալիզացնելու իրավունք ունեն, ուստի քրեականացումն անհիմն է և տոտալիտարիստական:

ԱՄՆ-ն ալկոհոլն ապօրինի դարձնելու ժամանակ միլիոններ կորցրեց. «Չոր օրենքի» ժամանակ շատերը սկսեցին  ալկոհոլ արտադրել ընդհատակյա. կառավարությունը ո՜չ ընթացքն էր կարողանում կարգավորեր, ոչ էլ գները, որոնք ահավոր բարձրացել էին մեծ պահանջարկի և դեֆիցիտի պատճառով (մարմամասն` այստեղ): Իսկ սեքս աշխատանքը` աշխարհի հնագույն մասնագիտություններից մեկը, քրեականացնելով, արդյոք նույն վիճակին չե՞նք հասնի…