Պիտակներ

, , ,

1. Եթե բուլիինգի (ծաղր ու ծանակ, ճնշումներ) ես ենթարկվել, դա քեզ վրա կարող է ազդել տարբեր ձևերով: Կարող ես դպրոց գնալու ցանկություն չունենալ կամ տնային աշխատանքներդ դժվարությամբ անել: Կարող ես քունդ կորցնել, սովորականից շատ կամ քիչ ուտել, գլխացավեր կամ ստամոքսի ցավեր ունենալ կամ ավելի հաճախ հիվանդանալ: Իմացիր, որ պարտավոր չես նման զգացողություններ ունենալ:

Քո զգացմունքները կարևոր են

  • Քեզ մի մեղադրիր: Շատ հեշտ է ինքդ քեզ հարցնել` արդյո՞ք խնդիրը դու ես: Բայց անկախ նրանից, թե ուրիշն ինչ է ասում կամ անում, դու չպետք է ամաչես ինքդ քեզնից կամ քո զգացմունքներից:
  • Հպարտ եղիր ինքդ քեզնով: Անկախ նրանից, թե ուրիշներն ինչ են ասում, դու հրաշալի ես: Մտքումդ հենց դա´ հիշիր քեզ ծաղրող մարդկանց կողմից ստացված անհարգալից հաղորդագրությունների փոխարեն:
  • Մի´ վախեցիր օգնություն խնդրելուց: Երբեմն շատ օգտակար է օգնություն խնդրել ինչ-որ մեկից, ով ուղիղ կերպով կապ չունի ծաղրի հետ: Ուսուցիչները, խորհրդատուները և այլոք կարող են օգնել: Ինչ-որ մասնագետի կամ խորհրդատուի դիմել չի նշանակում վատ բան անել:

Ինչ անել, երբ քեզ ծաղրում են

Առաջին կարևոր բանը միշտ էլ քո անվտանգությունն է: Ահա մի քանի ռազմավարություն, որ կարող ես հաշվի առնել.

  • Նրանց ասա, որ վերջ տան:   
  • Հեռացիր: Նրանց թույլ մի տուր, որ քեզ ձեռք տան: Եթե հեռանում ես կամ արհամարհում նրանց, նրանք այդ աստիճան չեն բավարարվի իրենց արածով: 
  • Պաշտպանիր ինքդ քեզ: Երբեմն չես կարող հեռանալ: Եթե ֆիզիկապես են վնասում, ինքնապաշտպանվիր, որ կարողանաս փախնել:
  • Դիմիր ինչ-որ մեծահասակի, որին վստահում ես: Վստահելի ինչ-որ մեկի հետ խոսելը քեզ կարող է օգնել խնդրի համար լավ լուծում գտնելուն: Որոշ դեպքերում մեծահասակները պետք է միջամտեն, որ ծաղրանքներին վերջ դրվի:
  • Ապահով տարածք գտիր: Ինչ-որ տեղ գնա, որտեղ քեզ ապահով ես զգում, օրինակ` գրադարան, կամ սիրելի ուսուցչի դասարան, կամ ուսուցչարան:
  • Ուրիշների հետ եղիր: Անհատների մի խմբի հետ եղիր, որոնց որ վստահում ես:
  • Նոր ընկերներ գտնելու հնարավորություններ փնտրիր: Քո հետաքրքրությունները հաշվի առ, միացիր դպրոցի կամ այլ տեղերի խմբակների, օրինակ` սպորտ, թատերախաղ կամ արվեստ: Կամավորություն արա:

Աղբյուրը` http://www.stopbullying.gov/teens/being_bullied/index.html

2. Հեշտ չէ, երբ ծաղրողի զոհն ես: Զոհերի համար տարբեր ռազմավարություններ կան, որոնք կարող են օգնել կասեցնել ծաղրը: Այս ռազմավարությունների մեծ մասը խորհուրդ է տալիս լինել համոզիչ, երբ դիմադրում ես ճնշողին:

Համոզիչ լինելու համար կա վեցը բաղկացուցիչ: Ահա դրանք ըստ հերթականության.

  • Համոզված և վստահ խոսիր (ձայնի տոնայնություն),
  • Ծաղրողին կանգնիր դեմ առ դեմ (մարմնի լեզու),
  • Նայիր ծաղրողի ուղիղ աչքերի մեջ (կապ աչքերի միջոցով կամ eye contact),
  • Համապատասխան բառեր օգտագործիր (ճիշտ բառերի ընտրություն),
  • Ծաղրողին շատ մոտ կամ նրանից շատ հեռու մի կանգնիր (մոտավորություն),
  • Դեմքիդ հանգիստ արտահայտությունը պահպանիր (դիմային արտահայտություններ):

«HA HA SO» ռազմավարությունները

Ծաղրողի հետ գործ ունենալիս մեկ այլ շատ կարևոր բան է հանգստություն պահպանելը և թույլ չտալը, որ նա քեզնից ինչ-որ ռեակցիա ստանա: Ծաղրի խնդրով զբաղվող բոլոր «մասնագետները» համամիտ են, որ ծաղրողն ուզում է զոհի նկատմամբ իշխանություն ունենալու զգացում ունենա: Ամենայնիվ, ծաղրողն այդ իշխանությունը կարող է ունենալ, եթե դու դա տալիս ես նրան: Մի´ տուր: Քեզ հանգիստ պահիր: Կարող ես նաև ձևանալ, թե դերասան կամ դերասանուհի ես և էնպես վարվես, թե կարծես ծաղրանքը քեզ չի անհանգստացնում:

Ահա ռազմավարությունների մի խումբ, որ կարող ես օգտագործել: Դրանք վերցված են «Bully Proofing Your School» գրքից:

H- Help / օգնություն

Զոհի համար երբեմն լավագույն բանն այլ մարդկանց իրեն օգնել խնդրելն է կամ ծաղրողի նկատմամբ գործողություններ կիրառելը: Զոհերը կարող են դիմել ընկերներին, ուսուցիչներին, ծնողներին կամ այլ մեծահասակների:

A- Assert yourself / ինքնավստահ արտահայտվիր

Ինչպես նախորդիվ է նշված, զոհի համար շատ կարևոր է ինքնավստահ լինել, երբ ծաղրողի հետ է գործ ունենում: Դրան հասնելու լավագույն ձևը «Ես-ը արտահայտել»-ն է: Դա արվում է հետևյալ կերպ.«(Ծաղրողի անունը), ինձ _________երբ դու ________: Խնդրում եմ _________.”Երբ սա ասում ես, պետք է գործածես ինքնավստահության վեցը բաղադրիչները, որ նշվել են նախորդիվ:

H- Humor / հումոր

Հիշիր, որ ծաղրողը ցանկանում է տխրեցնել քեզ: Ուստի, տխրելու կամ հուզվելու փոխարեն հումոր օգտագործիր: Պատրաստի կատակներ ունեցիր («Լսել ե՞ս էս անեկդոտը…»): Ծաղրողին նաև կարող ես ինչ-որ հիմար կամ անկապ ինչ-որ բան ասել: Օրինակ, երբ ծաղրողն ասում է «դու լավը չես» (կամ վատն ես), կարող ես պատասխանել, ասենք. «Դու իմ բլթակը չես» և հեռանալ: Էդպիսով ծաղրողը կհայտնվի անհասկանալի վիճակում` չկռահելով, թե ինչու չի կարողանում քեզ նեղացնի:

A- Avoid / խուսափիր

Աշխատիր ծաղրողից հնարավորինս հեռու մնալ: Օրինակ, եթե նա ընդմիջման ժամին ֆուտբոլի դաշտում է խաղում, դու կարող ես այլ տեղ խաղալ: Խուսափելն օգնում է, որովհետև երբ ծաղրողի մոտ չես, նա չի կարողանա ծաղրել քեզ:

S- Self-Talk / ինքդ քեզ հետ խոսիր

Ի նկատի ունենք մտքում մտածելը: Եթե քեզ ծաղրում են, քո մասին լավ բաներ մտածիր, որպեսզի ինքդ քեզ շարունակես լավ զգալ, նույնիսկ եթե ծաղրողը քեզ ձեռք է առնում: Դա մոտավորապես մտքիդ մեջ անընդհատ ձայնագրություն պտտելու պես մի բան է, որն անընդհատ ասում է, որ դու ընտիր մարդ ես` անկախ նրանից, թե ծաղրողն ինչ է մտածում: Ահա ինքդ քեզ հետ խոսելու երկու օրինակ. 1 «Թքած, թե Սյուզին ինձ հիմար անվանեց: Փաստն էն ա, որ մաթեմատիկայից (հայոց պատմությունից կամ այլ թեմայից) հենց նոր (կամ վերջերս) հինգ եմ ստացել», 2 «Գիտեմ, որ խլնքոտ / զզվելի չեմ ոնց որ Արմենն ա ասում: Ես միշտ էլ աշխատում եմ մարդկանց հետ ընկերասեր լինեմ և հաշվի եմ առնում մյուս մարդկանց զգացմունքները»:

O- Own It / Տեր կանգնիր

Երբեմն ծաղրողի ասած որոշ բաներ կարող են ճիշտ լինել, ուստի դու կարող ես «տեր կանգնել» նրա ասածին: Օրինակ, եթե քեզ ձեռք են առնում ակնոց կրելու համար, կարող ես պատասխանել. «Դնում եմ, որ քեզ ավելի լավ տենամ»: Չես կարող ժխտել, որ ակնոց ես կրում, եթե իրոք կրում ես, բայց նաև պարտավոր չես ամաչել դրա համար:

«HA HA SO»-ի վեցը գաղափարները լավն են, ամենայնիվ ծաղրի ենթարկվողները պետք է ավելին իմանան, որովհետև երբեմն գուցե այս ռազմավարությունները չաշխատեն, իսկ մեկ ուրիշ անգամ`կաշխատեն: Պետք է ավելի շատ գաղափարներ ունենաս, որ ավելի շատ նոր ձևերով փորձես դիմակայել:

Ծաղրողների ու ճնշողների դեմն առնելու այլ ռազմավարություններ

Ծաղրի յուրաքանչյուր դեպքում օգտագործիր այդ պահին հարմար լավագույն քայլը: Երբեմն լավագույն անելիքը կարող է լինել հեռանալը, կամ մեծահասակի կանչելը, կամ էլ հետևյալ ռազմավարություններից ցանկացածը գործածելը.

  • Օգտագործիր «քանակի ուժը» հմտությունը: Ընկերների խմբի հետ եղիր, որպեսզի ծաղրողին դիմադրես:
  • Եթե ծաղրողը քեզնից առարկաներ է գողանում, անպայման քո պարագաները չջնջվող մարկերով (ֆլոմաստերով կամ այլ նյութով) նշիր: Հավանաբար ծաղրողը չի վերցնի այն, եթե դրա վրա գրված է քո անունը: (Նաև, ինչ-որ մեծահասակի անպայման ասա, եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան է գողանում քեզնից):
  • Ինքնավստահ եղիր, նույնիսկ եթե թուլություն կամ հաշմանդամություն ունես: Եթե դու ինքդ քեզ չես գնահատում, ծաղրողը կփորձի քեզ չարաշահել:
  • Միշտ փորձիր մերժել անել այն, ինչը որ ծաղրողն է քեզնից պահանջում անել:
  • Ի պատասխան նրա պես մի կռվիր: Եթե նրան ի պատասխան կռվում ես, ապա նույն ծաղրողի պես ես քեզ պահում: Բռնությունը հարց չի լուծում. դա միայն կբարդացնի իրավիճակը, և ծաղրողը կցանկանա քեզնից վրեժ լուծել:
  • Եթե ծաղրողի հետ գործ ունենալիս ինքնավստահություն չունես, ասելիքդ և ասելու ձևդ փորձիր տանը, ընտանիքի անդամի հետ:
  • Քանի որ ծաղրողները մեծամասամբ անհանգստացնում են առանձին մարդկանց, փորձիր լինել խմբի հետ, նույնիսկ եթե նրանք քո լավ ընկերները չեն:
  • Ծաղրի մասին օրագրում կամ այլ տեղ գրիր, որը քեզ կօգնի զգացմունքներդ թղթին հանձնել: Գրիր նաև, թե ինչ է ասվել, երբ է դա տեղի ունեցել և այլն: Կարող ես այդ օրագիրը նաև հետդ վերցնել, երբ մեծահասակի հետ խոսում ես ծաղրանքից:
  • Ընկերողջ պատմիր ծաղրանքի մասին: Նա գուցե կարողանա քեզ օգնել դրա հետ կապված: Օրինակ, եթե ամաչում ես մեծահասակի ասել դրա մասին, ընկերդ կարող է հետդ գալ և օգնել դրա մասին խոսել:
  • Մեծահասկի հետ ծաղրանքից խոսելիս կարևոր է հիշել, որ դա բամբասանք չի, դա պետք է դիտարկել որպես «պատմել» կամ «զեկուցել / հաղորդել / բողոքել»: Բամբասանք է, երբ երեխան կամ փոքրահասակը մեծահասակաին պատմում է ինչ-որ շատ չնչին բանի մասին ուղղակի որպեսզի մեկ այլ մարդու վատ վիճակի մեջ դնի, իսկ զեկուցելը ավելի մեծ բան է, նույնիսկ ինչ-որ մեկը կարող է վտանգված լինել (եթե դա չարվի – թարգմ.): Չպետք է ծաղրը քո մեջ պահես միայն վախենալով, որ կմտածեն, թե դա բամբասանք էր:

Ինչո՞ւ են ճնշողները / ծաղրողներն էդպես վարվում.

3. Որոշ ծաղրողներ ուշադրություն են ուզում: Նրանք մտածում են, որ ծաղրելը ուշադրության կենտրոնում լինելու կամ իրենց ուզածը ստանալու ձև է: Ծաղրողների մեծամասնությունը փորձում է իրենց ավելի կարևոր զգալ (ուշադրություն գրավել – թարգմ.): Երբ նրանք ինչ-որ մեկին նեղացնում են, դրանով իրենց ավելի հզոր և ուժեղ են պատկերացնում:

Որոշ ծաղրողներ ապրում են այնպիսի ընտանիքներում, որտեղ բոլորն անընդհատ զայրացած են և բղավում են: Նրանք կարող են մտածել, որ ջղային լինել, մականուններ տալ, այլ մարդկանց հրարհել ու բրդբրդելը սովորական վարվելաձև է: Որոշ ճնշողներ կրկնում են այն, ինչ տեսել են ուրիշներին անելիս: Նրանցից ոմանք իրենք էլ են ծաղրվել:

Երբեմն ծաղրողները կամ ճնշողները գիտեն, որ իրենց ասածներն ու արածները ցավ են պատճառում մյուսներին: Իսկ որոշները երբեմն չեն էլ գիտակցում, թե ինչքան ցավ են պատճառում իրենց արարքները: Ծաղրողների մեծ մասը չի հասկանում կամ նրանց չեն հետաքրքրում մյուսների զգացմունքները:

Ծաղրողները հաճախ նեղացնում են այնպիսի մարդկանց, որոնց նկատմամբ իրենց կարծիքով իրենք կարող են իշխանություն ունենալ: Նրանք նեղում են այն երեխաներին, որոնց հեշտ է տխրեցնել կամ ովքեր չեն ինքնապաշտպանվում: Ինչ-որ մեկից ուժեղ ռեակցիա ստանալով ծաղրողները կարող են կարծել, որ նրանք իրենց ուզած իշխանությունն ունեն: Երբեմն ծաղրողները նեղում են էնպիսի մարդկանց, որոնք ավելի խելացի են, քան իրենք կամ ինչ-որ բանով տարբերվում են իրենցից: Երբեմն ծաղրողները նեղում են ինչ-որ երեխայի առանց որևիցե պատճառի:

Ջեման իր մամային ասաց, որ մի երեխա նրան ծաղրում էր կարմիր մազեր և պեպեններ ունենալու համար: Նա ուզում էր մյուս երեխաների պես լինել, բայց չէր կարող փոխել իր այդ արտաքին բաները: Ի վերջո Ջեման լողավազանում ընկերացավ մի աղջկա հետ, որ երազում էր Ջեմայի մազերի պես կարմիր մազեր ունենալ: Երկու աղջիկները դարձան լավ ընկերներ, և նա սովորեց դպրոցում չար աղջկա ծաղրանքն արհամարհել:

http://kidshealth.org/kid/feeling/emotion/bullies.html

Եթե տեսնում ես, թե ինչպես են ճնշում ուրիշին

4. Չնայած դու կարող ես ուղղակի ձևով ներքաշված չլինել բուլիինգի մեջ, կարող ես այլոց տեսնել, որ բուլիինգի են ենթարկվում: Ու չնայած ավելի հեշտ կարող է լինել ուղղակի մի կողմ քաշվել ու կողքից նայել կամ արհամարհել ծաղր ու ծանակը, հիշիր, որ բոլորիս էլ ժամանակ առ ժամանակ օգնություն է պետք լինում: Մտածիր, թե ինչպես քեզ կզգայիր, եթե դա քեզ հետ կատարվեր: Ահա, թե ինչպես կարող ես ինչ-որ բան անել.

  • Զոհի կողքին կանգնիր: Մեծ քաջություն է պետք, բայց փորձիր պաշտպանել բուլիինգի ենթարկվող անհատին: Սա ծաղրողին կարող է այն աստիճան զարմացնել ու անհարմար դրության մեջ դնել, որ նրանք կարող են հանգիստ թողնել իրենց զոհին:
  • Բուլիինգին մի միացիր: Եթե տեսնում ես, թե ինչպես է ինչ-որ մեկը ճնշվում, նրան մի ճնշիր: Եթե ճնշողը քեզնից օգնություն է խնդրում, մերժիր և հեռացիր:
  • Բամբասանքներին վերջ տուր: Այլ մարդու մասին բամբասանքներ տարածելուն մի օժանդակիր: Չէիր ուզենա, որ քո մասին բամբասանքներ տարածվեին, ուստի ուրիշի նկատմամբ նույնը մի արա: Եթե ինչ-որ մեկը քեզ հետ է բամբասում, թող քեզ հետ էլ դա վերջանա` բամբասանքն այլոց մի փոխանցիր: Բամբասողին նույնիսկ կարող ես ասել, որ հետաքրքրված չես:
  • Մեծահասակի ասա: Ուղղակի մի կանգնիր ու դիտիր, հատկապես եթե ինչ-որ մեկին ֆիզիկապես են վնասում: Ինչ-որ մեծահասակի պատմիր ճնշողի և նրա արածի մասին: Եթե անհարմար կամ անապահով ես զգում մեծահասակին ասելիս, նրան խնդրիր քո մեկնաբանությունները գաղտնի պահել:
  • Օգնություն առաջարկիր: Երբ ծաղրողը հեռացել է, փորձիր օգնել այն անհատին, որին ճնշում էին, և համոզվիր, որ նրա հետ ամեն ինչ լավ է: Նրան քաջալերիր մեծահասակի հետ խոսել և ինքնապաշտպանվել:

Երբ օգնում ես ինչ-որ մեկին, որ ծաղր ու ծանակի էր ենթարկվում, դու ոչ միայն ինչ-որ մեկին ես օգնում, այլ նաև` ինքդ քեզ: Կարևոր է պաշտպանել քո հավատացած արժեքները և մյուսներին օգնել, երբ որ կարողանում ես:

Աղբյուրը` http://girlshealth.gov/bullying/stopping/seeing.cfm

Առցանց ժամանակ և գրելիս խելամիտ եղիր (կիբերբուլիինգ)

5. Կարող ես կիբերբուլիինգը (առցանց ծաղր ու ծականը / ճնշումները սոցիալական կայքերում և էլեկտրոնային այլ ձևերով – թարգմ.) կասեցնել` զգույշ լինելով քո արած քայլերում.

  • Միշտ մտածիր հրապարակած նյութերիդ կամ ասածներիդ մասին: Մի կիսիր գաղտնիքներ կամ այնպիսի նկարներ կամ ցանկացած ինչ-որ բան, որ կարող է քեզ կամ ուրիշներին անհարմար դրության մեջ դնել: Երբեմն ծիծաղելի կամ անմեղ թվացող բաները կարող են քո դեմ օգտագործվել: Դու չես կարող ամբողջապես կառավարել այն, թե ուրիշներն ինչ են կիսում կամ հրապարակում:
  • Կառավարիր հաշիվներիդ (աքաունթ) գաղտնիությունը (privacy): Համոզված եղիր, որ դու տեղեկատվություն ես կիսում այն մարդկանց հետ, որոնց ճանաչում և վստահում ես: Ուշադրություն դարձրու սոցիալական ցանցերից եկող ծանուցումներին, որովհետև գաղտնիության պարամետրերը երբեմն փոփոխվում են:  

Կասեցրու կիբերբուլիինգը

Եթե դու կամ քո ծանոթներից ինչ-որ մեկը ենթարկվում է կիբերբուլիինգի, իմացիր, որ դա կարող է կասեցվել: Ահա, թե ինչ կարող ես անել քեզ և քո ընկերներին օգնելու համար.

  • Խոսիր ինչ-որ մեկի հետ, որին վստահում ես: Ինչ-որ մեկի հետ խոսելը կարող է օգնել խնդրի համար լավագույն լուծում գտնելուն: Ընտանիքի անդամի, ընկերոջ կամ այլ մեծահասակի դիմիր, որին վստահում ես:
  • Մի պատասխանիր կիբերբուլիինգին: Երբեմն մարդիկ տեղադրում են ինչ-որ նյութեր կամ մականուններ են դնում, որպեսզի ռեակցիա կամ հակազդեցություն ստանան: Եթե ինչ-որ մեկը տեղադրել կամ նամակ է ուղարկել, որը կարող է ցավ պատճառել ուրիշներին, հրաժարվի´ր դա այլոց փոխանցել կամ դրան պատասխան տալ:
  • Պահիր կիբերբուլիինգի ապացույցները: Գրանցիր ամսաթվերը, ժամը և հանգամանքները, որոնց ժամանակ տեղի է ունեցել կիբերբուլիինգը: Սքրինշոթերը, էլեկտրոնային նամակները և տեքստային հաղորդագրությունները պահիր և տպիր:
  • Արգելափակիր (Block) այն անհատին, որը քեզ կիբերբուլիինգի է ենթարկում: Շատ կայքեր և հեռախոսային ընկերություններ քեզ հնարավորություն են տալիս արգելափակել մարդկանց: Կիբերբուլիինգը կարող է նաև խախտել այդ ծառայությունների «Պայմաններն ու դրույթները»: Կարող ես նաև ծառայությունը տրամադրողի (կամ կազմակերպության – թարգմ.) հետ կապնվել բողոք ներկայացնելու համար:
  • Միջադեպը դպրոցիդ հաղորդիր: Նրանք կարող են ի վիճակի լինել քեզ օգնել լուծել կիբերբուլիինգի հարցը կամ ավելի ուշադիր լինել դեմ առ դեմ բուլիինգի դեպքում:
  • Օգնություն խնդրիր: Երբեմն խորհրդատուի կամ առողջապահության ոլորտի մասնագետի հետ խոսելը կարող է օգնել հաղթահարել բուլիինգի հուզական հետևանքները:

Աղբյուրը` http://www.stopbullying.gov/topics/cyberbullying/young_people/index.html

 

Չնայած սա հիմնականում արված է դպրոցականների համար, ամենայնիվ բուլիինգը հաճախ շարունակվում է նաև համալսարանում, և գիտենք, որ մեր դպրոցներից երեխաների հոծ զանգված համալսարան է ընդունվում` իր ողջ համալսարանական կյանքում մնալով դպրոցական մակարդակի վրա: Նյութը, ուստի, ակտուալ է ոչ միայն դպրոցական, ալլև համալսարանական տարիքի, ինչպես և ավելի մեծ տարիքի երիտասարդների ու անհատների համար: