Պիտակներ

, , ,

Ի՞նչ է «ռեպարատիվ թերապիան.

«Ռեպարատիվ թերապիան» (անգլերեն to repair — վերանորոգել), որը նաև կոչում են «կոնվերսիոն թերապիա» (անգլերեն to convert — դարձի բերել), մարդու սեռական կողմնորոշումը հոմոսեքսուալից դեպի հետերոսեքսուալ փոփոխելուն ուղղված միջոցառում է: Շատ երկրներում ռեպարատիվ թերապիան արգելված է, քանզի այն թե՜ ֆիզիկական, թե՜ մտավոր մեծ  ցավ և հաճախ վնաս է պատճառում անհատին (երբեմն գործածում են էլեկտրաշոկի մեթոդը, մարդուն իր կամքին դեմ կամ համոզելով այլ սեռի անհատի հետ սեռական ակտի հակելու, ամուսնացնելու, զզվանքի ներշնչման, հիպնոսի, հորմոնների ներարկման և այլ մեթոդներ), ինչպես նաև որովհետև բացի ոչ էթիկ լինելուց, այն նաև անարդյունավետ է: Այս թերապիան հիմնականում կիրառում են ծայրահեղ պահպանողականները, և հաճախ սեփական ծայրահեղականությունը, նախապաշարմունքը, կարծրատիպերն ու ատելությունն առաջ տանելու համար նրանք չարաշահում են կրոնը («բուժման» մեթոդներից մեկն էլ էքզորցիզմն է, երկար ժամերով ու օրերով աղոթքը, մարմինը ֆիզիկապես հյուծելը և այլն), ինչպես նաև հիմնվում սոցիալական նախապաշարմունքի, վախերի ու կարծրատիպերի վրա:

Ո՞ւմ մասին եմ խոսում.

Ռոբերտ Սպիցերին (Robert Spitzer) ոմանք նկարագրում են որպես «քսաներորդ դարի ամենաազդեցիկ հոգեբույժ (վիճելի է, ամենայնիվ…)»: Նա է հանդիսանում «Մտավոր խանգարումների դասակարգման» համակարգի ստեղծողը: 49 տարի աշխատել է Կոլումբիայի համալսարանում, թոշակի է անցել 2010 թվականին: Ներառված է եղել Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ձեռնարկի (DSM III) կազմման աշխատանքային խմբում: Նա էր, ում բախտորոշված էր 1973 թ. ծանրակշիռ որոշում կայացնել` նույնասեռականությունը մնո՞ւմ է վերոնշյալ Ձեռնարկի մեջ որպես հիվանդություն, թե՞ հեռացվում: Նա որոշում կայացրեց նույնասեականությունն ինքնին հեռացնել, իսկ փոխարենը ներառել էգո-դիստոնիկ հոմոսեքսուալությունը (այսինքն, երբ հոմոսեքսուալություն ունեցող անհատն անհանգստություն է տածում, չի ցանկանում ընդունել սեփական հոմոսեքսուալությունը կամ հոմոսեքսուալ գրավչությունը):

Նա ի՞նչ է արել, որ.

2001 թ. Հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի տարեկան հավաքի ժամանակ Սպիցերը ներկայացրել է «որոշ նույնասեռական տղամարդիկ և լեսբուհիներ կարո՞ղ են փոխել իրենց սեռական կողմնորոշումը» խորագրով մի հետազոտություն: Այդ աշխատության մեջ նա վիճարկում էր, որ եթե անհատը խիստ մոտիվացված է, ապա նա կարող է փոխել սեփական սեռական կողմնորոշումը հոմոսեքսուալից դեպի հետերոսեքսուալ:

Նա 45 րոպե տևողությամբ հեռախոսային հարցազրույցներ էր վերցրել 200 մարդուց, ինչպես ներկայացնում էր 2001 թ. Վաշինգտոն Փոսթում թեմային նվիրված մի հոդված: «Հետազոտությունս սկսեցի թերահավատ տրամադրվածությամբ», ասում է նա, և նշում, որ իր ուսումնասիրությունը, սակայն, բացահայտեց որ տղամարդկանց 66 տոկոսը և կանանց 44 տոկոսը հասել էին բավարար «տարասեռական ֆունկցիոնալության», ինչպես ինքն էր գնահատում:

Առաջնային և հիմնարար խնդիրներից մեկն այն էր, որ ռեսպոնդենտների 43 տոկոսին Սպիցերին «մատակարարել» էին «Նախկին գեյերի հովվապետությունները» (ex-gay ministries), իսկ 23 տոկոսն էլ «Նույնասեռականության հետազոտման և բուժման ազգային ասոցիացիան» (NARTH- National Association for Research and Therapy of Homosexuality)` կրոնական հիմքով ռեպարատիվ թերապիաների ամենածայրահեղական և աննկուն առաջամարտիկները: Մասնակիցները նաև խիստ կրոնապաշտ էին, ինչը կարող է դիտարկվել որպես խոչընդոտ նրանց պատասխանների ճշմարտացիության և վստահելիության հարցում: Սպիցերն այդ հետազոտության մեջ նշում էր, որ. «որոշ մարդիկ կարող են փոխվել հոմոսեքսուալից դեպի հետերոսեքսուալ, և մենք պարտավոր ենք ընդունել դա» (1): Նա հետևություն արեց, որ փոփոխությունը հնարավոր է, սակայն խիստ հազվադեպ է լինում (2): Չնայած որ իր հակառակորդները հաճախ են գործածում հենց այս հետազոտությունը (հատկապես “Focus on the family” կազմակերպությունը, որի նպատակն է ԼԳԲՏ մարդկանց զրկել քաղաքացիական հավասարության հնարավորությունից, ինչպես և NARTH-ը, որը կրոնական հիմքով կառույց է և ջատագովում է այն գաղափարը, թե հավատքի (Քրիստոսի) միջոցով կարելի է փոխել մարդու սեռական կողմնորոշումը), Սպիցերն ինքը նշում է, որ ուրախ չէ, որ իր հետազոտությունները գործածում են նման ձևով, ինչն ինքը չի ողջունում, և որ հետազոտությունը նման ձևով շահագործողները չեն նշում, որ փոփոխությունը խիստ հազվադեպ է լինում` այն, ինչ ինքը շեշտել է հետազոտության մեջ:

Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան պաշտոնապես անհամաձայնություն հայտնեց հետազոտության արդյունքների վերաբերյալ` նշելով, որ տվյալ հետազոտությունը չէր վերանայվել իր գործընկերների կողմից, և որ չկա որևէ գիտական ապացույց, որ ցույց տա, որ ռեպարատիվ թերապիան որպես սեռական կողմնորոշումը փոխելու մեթոդ կարողունակ է (իսկ հետազոտության հարյուր մասնակիցների նկատմամբ նախկինում ռեպարատիվ թերապիա էր նախաձեռնվել):

Երկու տարի անց գործընկերների կողմից քննադատական հոդվածների հրատարակումն ուղեկցվեց թեժ բանավեճերով, նույնիսկ միջազգային կառույցներից հրաժարականի դեպք գրանցվեց: Քննադատությունները ցույց էին տալիս հետազոտության բոլոր թերությունները. քննադատվեցին ընտրված մեթոդները և հաջողության չափման սահմանված չափանիշները:

2005 թ. տրված մի հարցազրույցի ժամանակ, ներկայացնելով հետազոտության հրատարակման պատմությունը, նա նշում էր, որ «շատ գործընկերներ զայրացած էին», նաև որ «ԼԳԲՏ մարդկանց շրջանում սկզբում կար զայրույթի հսկայական ալիք, և զգացողություն, թե ես դավաճանել եմ իրենց»: Նա նշեց, որ չգիտեր` հետազոտության ռեսպոնդենտներն ազնվորեն էին պատասխանել հարցերին, թե ոչ, սակայն ըստ իրեն, նրանք անկեղծ էին եղել իր հետ:

Իսկ հետո՞…

2012 թվականին Սպիցերը հայտնեց, որ խնդրել է իր հետազոտությունը չեղյալ հայտարարվի (retract). նա կապնվել էր նույն հանդեսի հետ (Archives of Sexual Behavior), որում հրատարակվել էր հետազոտությունը, որպեսզի գրի մի հրաժարական (retraction), սակայն խմբագիրը մերժել էր այդ գաղափարը: Ամսագրի հետ կապնվելու բազմաթիվ ջանքերն անպատասխան մնացին: Նույն ամսագրի խմբագրին ուղղված իր նամակում նա նշում է հետևյալը.

Հ.Գ. Սպիցերին անվանում են Ռեպարատիվ թերապիաների հայր, որովհետև հենց նրա հետազոտությունն է, որով արդարանում են նույնասեռականների դեմ գործող կրոնական կազմակերպությունները, մեջբերումներ անում նրա հետազոտությունից, որպեսզի ցույց տան, թե սեռական կողմնորոշումը կարելի է փոխել, եթե լինի ցանկություն: Հատկապես քսանմեկերորդ դարի սկզբին նույնասեռականների դեմ գործող կառույցները շատ թույլ էին, որովհետև շատ էին դեպքերը, երբ նման կառույցների ղեկավարները բռնվում էին նույն սեռի անհատի հետ սեռական հարաբերության ժամանակ, ինչպես նաև շատ անդամներ, նույնիսկ որոշ հիմնադիրներ լքում էին կառույցները` նշելով, որ դրանք անգործունակ են: Այս աշխատությունով Սպիցերն ակամա հուսադրող մի նյութ ներկայացրեց հականույնասեռական այդ կառույցներին, և նրանք սկսեցին շահարկել ու չարաշահել նրա այս աշխատությունը` հաճախ այն ներկայացնելով մասամբ, կտրելով հատվածներ, ինչպես նաև չնշելով այն կարևոր կետերն ու չբարձրաձայնելով այն շատ հիմնարար նախազգուշացումները, որոնց մասին հեղինակը նշել էր հետազոտության մեջ:

(1) http://www.washingtonpost.com/wp-srv/aponline/20010509/aponline013921_000.htm

(2) http://www.youtube.com/watch?v=ZwE6_dLweYo

http://www.respond.org.uk/support/resources/talks/homosexuality_psychoanalysis.html

http://www.truthwinsout.org/news/2012/04/24542/

http://www.exgaywatch.com/wp/2012/04/spitzer-i-owe-the-gay-community-an-apology/

http://unicornbooty.com/blog/2012/04/26/father-of-ex-gay-movement-apologizes-to-gay-community-for-making-it-all-up/

http://www.timeshighereducation.co.uk/story.asp?storycode=180133

http://en.wikipedia.org/wiki/Robert_Spitzer_(psychiatrist)

http://en.wikipedia.org/wiki/Conversion_therapy#Can_Some_Gay_Men_and_Lesbians_Change_Their_Sexual_Orientation.3F