Պիտակներ

, , , , ,

Այս հարցը մեզ անընդհատ հետապնդում է.

— գրող ծնվո՞ւմ են, թե՞ դառնում:

— առաջնորդ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում:

— նույնասեռական ծնվո՞ւմ են, թե՞ դառնում:

Կան հարցեր, որոնց պատասխանը հարց է: Եվ տվյալ դեպքում հարցն է` «Իսկ դա կարևո՞ր է»:

«Բնական vs անբնական», «բնություն vs ընտրություն», «ի ծնե vs ձեռքբերովի» և շարունակելի…

Ինչո՞ւ ենք տվայտվում, ժողովուրդ🙂 Հարցը բավականին մակերեսային է: Իրո՞ք չենք նկատում, որ հարցը մակերեսային է, թե՞ ավելի լավ փաստարկներ չկան:

Մենք թակարդել ենք ինքներս մեզ, ոչ մեր ընտրությամբ, բայց ստրուկ ենք մնում մեր համաձայնությամբ, մեր մտածողության պատճառով…

Խնդիրը նրանում է, որ կա «ի ծնե ընտրյալ» լինելու արխետիպը: Այսինքն, եթե ինչ-որ բան ի ծնե է, ապա դա աստվածատուր է, բնության պարգև, հաստատված, ըստ այս արխետիպի:

Ինչո՞ւ… դե, դարերի պրոպագանդա… կառավարություններն ընտրյալ են, առաջնորդներն ընտրյալ են, եկեղեցիներն ընտրյալ են, հոգևոր առաջնորդները (Քրիստոս, Մուհամեդ ևն) «ծնվում են» որպես «հատուկ երեխաներ» և այլն… ցավալի, ողբերգական պրոպագանդա, որը մեզ տանում է դեպի մտավոր չքավորության ու մտավոր ստրկության:

Բացի «բնական ընտրյալների» մասին դոկտրինից, որը մեզ չքավորության է տանում, մենք ունենք մեկ այլ խնդիր էլ. հակադիր բևեռներով երկբևեռության դոկտրինը: Մենք` այս մտածողության զորերս, աշխարհն ընկալում ենք երկբևեռ մոդելով. վատ-լավ, չար-բարի, սև-սպիտակ, ծուռ-շիտակ, ճիշտ-սխալ, տղամարդ-կին: Այս երկբևեռության համար մեղադրում են Զրադաշտին (նույն Զարատուստրան): Ասում են նա էր, որ դուալիզմի հիմքերը դրեց, և նրանից էր, որ քրիստոնեությունը մեր գլխին դա լցրեց հետագայում: Ծայրահեղ երկբևեռության դեպքում ստացվում է. «Եթե ես ճիշտ եմ, ուրեմն դու սխալ ես, որովհետև կա միայն երկու բևեռ, ու մեկը մյուսին հակադիր»: Ու քանի որ մենք չենք սիրում սխալ լինել, ապա դիմացինի վրա է «դրված» սխալ լինելու «պարտավորությունը»:

Հակադիր բևեռներով երկբևեռության և դուալիզմի գաղափարները միասին մեզ զրկում են մարդկային երևակայության, կարողությունների, ունակությունների հսկայական մի պոտենցիալից: Մենք by default, ի սկզբանե, մեզ սահմանափակում ենք. մեր ծնողներից այդ դաստիարակությունն ենք ստանում, կրթական համակարգում հին մտածողությամբ «կրթիչները» հաճախ ավելի են խորացնում այդ ձորը` ունք դզելու փոխարեն աչքն էլ հանելով: Իրականում գոյություն չունեցող սահմաններ ենք դնում մեր մտավոր և նյութական կարողությունների առջև, դառնում ավելի մեքենայական, ավելի ենթարկվող, ավելի հուսալքված, ավելի անմարդկային: Ու մենք կորցնում ենք շատ բան, չքավոր ենք դառնում, սահմանափակ, անբնական մեխանիկականություն ենք ձեռք բերում: Սոցիալական տեսանկյունից բուրգի վերևում կանգնածներին ձեռնտու է այս մոդելը, որովհետև հեշտ է կառավարել դրանով: Իսկ մարդկային, անհատականության, կյանքի, տիեզերքի տեսանկյուններից` ողբերգական, ահազանգող ու կործանարար:

Բացատրություն.

Լեզուն սովորում ենք: Սովորում ենք նաև հանգավորելու կամ հանգերի մարդածին գաղափարը, որը բնության մեջ չկա (բնության մեջ մարդկային լեզու էլ չկա, եթե մարդուն բնության մաս չդիտենք): Ուստի գրող, անշուշտ, դառնում են` սովորելով (և ստեղծելով) տառերը, բառերը, քերականությունը, մարդկային մտքերը մարդկային գլխով ու մտածողությամբ արտադրելու և վերարտադրելու գեղեցիկ ու կարևոր մարդածին գաղափարը…

Նույնն է առաջնորդության դեպքում. մեզ հուզող հարցերը կարգավորելու համար մենք կազմակերպվում ենք, ինչպես մեղուները, ինչպես մրջունները, ինչպես ցանկացած սոցիալական կենդանի: Բայց բացի գործ անողներից, մենք ունենում ենք նաև գործը կարգավորողներ, ուղղություն ու հրաման տվողներ, ուսումնասիրողներ / հետազոտողներ, որոնք փնտրում են նույն գործն ավելի օպտիմալ ձևով անելու եղանակներ: Եվ նորից, սովորում ենք: Սովորում ենք դիտելով, զննելով, նայելով, փորձելով, տապալվելով ու առաջ գնալով: Ուղղակի «բնական» հասկացությունը շատ ենք այլասերել, նեղացրել ու թակարդել ինքներս մեզ…

Իսկ ինչո՞ւ է սեռականության հարցում բնություն vs ընտրություն գաղափարն այդքան առաջադրվում: Երկու հակադիր ճամբարներն ի՞նչ ունեն ասելու:

«Անբնական է» կամ «ձեռքբերովի է» դիրքորոշման ներկայացուցիչները, զոհ լինելով «բնական ընտրյալի» գաղափարին, ենթադրում են, որ ի բնե մենք բոլորս էլ հետերոսեքսուալ ենք, և դա բնություն է, աստվածապատկեր ենք (չնայած որ Աստված չունի արական և իգական կողմեր, իսկ քրիստոնեական Երրորդությունը միասեռ է😛 8) ): Եվ նրանք ջանում են ապացուցել, որ հոմոսեքսուալ մարդիկ «շեղվում են բնականից», «կորցնում են բնական ընտրյալի» աուրան, «պարգևը», «շքանշանը»: «Ձեռքբերովի» է դիրքորաշման կողմնակիցները շեշտը դնում են`

  1. «բնական ընտրյալի» կարգավիճակի և
  2. ընտրության պարգևի / կարողության վրա:

Իսկ «բնություն է» կողմը, առաջնորդնվելով նույն ընտրյալի ու ընտրության ունակության դոկտրիններով, փորձում է ապացուցել հակառակը: Նորից մեր ենթադրությունների համաձայն, եթե ինչ-որ բան բնատուր է, պետք չէ այն փոխել` իմաստ չկա. բնությունը / աստված(ներ)ը իմաստուն են, և եթե այն / նա(նրանք) է(են) կերտել էդպիսին, ապա փոխելու կարիք չկա: Դրա համար է, որ թե՜ «դեմ», թե՜ «կողմ» ճակատների համար այս փաստարկն ընկալվում է որպես կարևորագույն խաղաքարտ, և դրա համար է, որ երկու կողմերն էլ փորձում են ապացուցելու սեփական ճշմարտացիությունը:

Բայց եթե միքիչ խորությամբ զննենք հարցը, կտեսնենք, որ երկու կողմերի փաստարկներն էլ հիմնավոր չեն և ինչպես անբնական ու ընտրովի կրոնի, քաղաքական պատկանելության, քաղաքացիության, այնպես էլ սեռականության դեպքում այդ հարցն առաջնային կարևորության չէ…

Թե՜ «բնություն է», թե՜ «ընտրություն է» դրոշը ծածանողների(ս) խնդիրն այն է, որ հաշվի չեն(ք) նստում հետևյալի հետ. մարդիկ նաև ծնվում են մտավոր, ֆիզիկական խնդիրներով, առանձնահատկություններով: Ու եթե առաջնորդվենք «բնականը գեղեցիկ է, բարոյական, ու պետք չէ խառնվել «աստվածային / բնության բնական ծրագրի» իրականացման գործընթացին, ապա կույր մարդը չի տեսնի, խուլ մարդը չի լսի, հաշմանդամությամբ մարդը չի քայլի (արհեստական անդամներ չի ունենա): Իսկ բժշկությունը հենց դրա համար է: Ակնոց էլ չպետք է կրեինք գուցե այդ դեպքում:Ուստի բնականը նույնպես ենթակա է փոփոխման, առաջընթացի, թարմացման ու նորացման:

Այսպիսով, նրանք, ովքեր միայն բնականն են ընդունում, պետք է հրաժարվեն գիտությունից, բջջային հեռախոսներից, մեքենաներից, ակնոցներից, կրոնից, ինչպես նաև ընդունեն ինցեստը, որովհետև ինցեստն էլ է բնական…

Իսկ նրանք, ովքեր նույնպես նույնասեռականությունը միայն բնական լինելով են ջանում «լեգիտիմացնել», ապա պետք է հրաժարվեն «անբնական» բաներ անելուց: ԱՎԵԼԻՆ. եթե նույնասեռականության դեպքում «բնական է» փաստարկն աշխատում է, ապա տրանսգենդեր (թե՜ տրանսգենդեր, թե՜ տրանսվեստիտ, թե՜ տրանսսեքսուալ) մարդկանց դեպքում այդ փաստարկը զրոյանում է, քանզի նրանք միջամտում են սեփական «բնական պարգևի»` մարմնի «բնական», by default, սահմանված գործընթացների մեջ: Ուստի երկու կողմերն էլ խոցելի են:

Երկու կողմերն էլ նույն վախերից ու ենթադրություններից պետք է ազատվոն, նաև հաշվի առնեն, որ սեփական ընտրությամբ սեփական մարմինը կառավարելը ոչ թե բացասական, վատ երևույթ է, այլ` ընտիր պարգև, իրավունք` բառի ամենավեհ ու լայն իմաստով:

Հիմնական մտածողությունն այն է, որ «եթե ընտրություն է, ապա կարելի է նաև ընտրել այլ ճանապարհ»: Իսկ ինչո՞ւ այլ բնագավառներում այսպես չենք կառչում այս մտածողությունից: Կրոնը ո՜չ բնական է, ո՜չ էլ բնածին (աթեիստների աչքը լույս😛 ): Մենք ենք ընտրում մեր կրոնը: Սակայն երբևէ քրիստոնյաները մահմեդականների (կամ հակառակը) վրա հարձակվո՞ւմ են` բղավելով. «Անբնակա՜ն է, ընտրությո՜ւն է»: Ոչ: Նույնն էլ քաղաքական պատկանելության, ազգության, կրթության ու այլ հարցերում: Ի ծնե ո՜չ քրիստոնյա ենք, ո՜չ կուսակցական կամ անկուսակցական, ո՜չ աշակերտ, ո՜չ ՀՀ քաղաքացի: Բնածին աշակերտ չենք, բնածին ուսանող չենք, բնածին գրել-կարդալ չգիտենք, և մեր ընտրությունն է: Ավելին. կարող ենք ընտրել իմանալ գրել մի քանի լեզվով, մի քանի կրոնների մասին խորը գիտելիքներ կուտակենք և այլն: Հետո՞: Ինքներս մեզ խարազանում ե՞նք դրա համար: Ասում ե՞նք «սովորելն իմ ընտրությունն է, ես շեղվել եմ բնական անգրագիտության ճանապարհից»: Դժվար թե…

Ըտնություն բառը, որին մարդիկ ձգտում են մի կողմից, բացասական լիցք է ստացել մյուս կողմից: Վախենում ենք պատասխանատվությունից, մեր ընտրությունից հենց սեռականության հարցերում:

Նույնիսկ եթե ընդունենք, որ սեռական կողմնորոշումը զուտ մեր գիտակցված ընտրության հարց է (չնայած այդպես չէ) կամ ամբողջապես ձեռքբերովի է, ապա տվյալ դեպքում էլ հոմոսեքսուալություն «ընտրածներին» կշտամբելու տեղ հետերոսեքսուալություն «ընտրածները» բանական տեսանկյունից չունեն: Էստեղ ուղղակի անհիմն կարծրատիպերի ու նախապաշարմունքների մեջ է խնդիրը. ենթադրում են, թե հոմոսեքսուալություն «ընտրելու» դեպքում երեխաներ չես ունենալու, դժբախտ ես լինելու, «հակա» ես լինելու (ազգին, պետությանը, կրոնին և այլն) ու էդպես շարունակ: Սրանք անհիմն կարծրատիպեր են:

Ասողին մենակ պատճառ լինի… պետք է սկսենք ներքին հեղափոխությունից` ձերբազատվելով ամեն անգրագիտությունը որպես ծանրակշիռ փաստ ընկալելու վտանգավոր սովորությունից, լինելով ազատ ներքնապես…

Միքիչ խառն է ստացվել, բայց ոչինչ… կհղկվի ժամանակի ընթացքում🙂