Պիտակներ

, , , , , , , , ,

Մեր դերերը

Մեծամասամբ բնության մեջ հանդիպում է երկու կենսաբանական սեռ՝ արական և իգական: Վերջիններիս հիման վրա էլ շատ հասարակություններ ստեղծել են երկու սոցիալական սեռ՝ գենդեր՝ տղամարդ և կին: Տղամարդ չեն ծնվում, տղամարդ դառնում են, ասում է ասացվածքը: Նույնը կարելի է ասել կանանց համար:

Գենդեր հասկացությունը բնորոշում է այն վերաբերմունքը, զգացմունքներն ու վարքագիծը, որը տվյալ մշակույթն ասոցացնում է անհատի կենսաբանական սեռի հետ:

Գենդերային ինքնությունը քո կողմից սեփական գենդերիդ ընկալումն է. դու քեզ ի՞նչ ես համարում՝ տղամա՞րդ, կի՞ն, ա՞յլ կատեգորիայի պատկանող: Տվյալ հարցի քո պատասխանն էլ սահմանում է քո գենդերային ինքնությունը:

Գենդերային դերը տվյալ մշակույթում քո գենդերի արտահայտումն է: Դու քեզ որպես տղամարդ/կին/այլ գենդեր ունեցող մարդ ինչպե՞ս ես դրսևորում. ինչպե՞ս ես հագնվում, ինչպիսի՞ պահվածք ունես, ի՞նչ ժեստեր և բառապաշար ես օգտագործում և այլն: Այս ամենը (և ավելին) կռում են քո գենդերային դերը:

Կալաբայ Ուպեն դեղին հագուստով և նրանից աջ` բիսու Էկան վարդագույն հագուստով (լուսանկարը` avantourists.com-ի)

Գենդերային երկբևեռությունն ու բազմազանությունը

Գենդերի նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից մարդկային հասարակությունները բաժանված են երկու մեծ հիմնական կողմերի` երկբռեռ մոդելով առաջնորդվողներ և բազմաբևեռ մոդելով առաջնորդվողներ:

Երկբևեռ մոդելը գործադրող հասարակությունները սկզբունքայնորեն ընդունում են միայն երկու գենդերային դերի գոյություն` տղամարդ և կին: Ժամանակակից աշխարհի երկբևեռությունն արևմտյան մտածողության արգասիք է, ձևավորվել և տարածվել է հուդայականության և քրիստոնեության ազդեցությամբ, կրոնի, քաղաքականության և հասարակության զարգացմանն ու փոփոխմանը համընթաց՝ հիմք ընդունելով Ծննդոց գրքում մարդու ստեղծման պատմությունը, ըստ որի Աստված արարում է արու և էգ:

Արժե հիշել, որ «արևմտյան մտածողություն» հասկացությունն ինքն իրենով պետք է կիրառել վերապահումով, քանզի գենդերային բազմազանություն գոյություն է ունեցել նաև ամերիկյան և եվրոպական տարբեր մշակույթներում: «Արևմտյան մտածողություն» ասելով նկատի է առնվում միջնադարյան Եվրոպայում ծագած, կրոնական մեկնաբանություններից ազդված, և կոնկիստադորներից մինչև քսաներորդ դարի ամերիկաներում ու զավթող եվրոպացիների կողմից այլ աշխարհամասերում հաստատած գենդերի երկբևեռ մոդելն այնպիսին, ինչպիսին որ այն այսօր է:

Բազմաբևեռ մոդելով առաջնորդվող հասարակությունները սկզբունքայնորեն ընդունում են մի քանի գենդերների գոյություն: Այսպես, Հարավային Սուլավեսիի բուգի էթնոսը բացի կին և տղամարդ գենդերների գոյությունից ընդունում է նաև երեք այլ գենդերի գոյություն`
Բիսու – հոգևորականներ, որոնք չեն համարվում տղամարդ և ունեն սեփական, ուրույն գենդերը,
Կալալայ (արտասանվում է նաև Չալալայ) – իգական սեռի մարդիկ, ովքեր ապրում են արական սեռի մարդկանց հատուկ տեսքով և վարքագծով, սակայն չեն դիտարկվում ո´չ որպես տղամարդ, ո´չ էլ որպես կին,
Կալաբայ (արտասանվում է նաև Չալաբայ) –արական սեռի մարդիկ, ովքեր ապրում են իգական սեռի մարդկանց հատուկ տեսքով և վարքագծով, սակայն չեն դիտարկվում ո´չ որպես տղամարդ, ո´չ էլ որպես կին:

Երրորդ գենդերի գաղափարը հարազատ է տարբեր մշակույթների՝ թե´ ժամանակակից, թե´ անտիկ.

  • աշխարհում երրորդ գենդերի ամենահայտնի և գուցե թվաքանակով ամենաշատ մարդիկ Հնդկաստանի հիջրաներն են,
  • Սամոայում նրանց անվանում են ֆա’աֆաֆին,
  • Հավայան կղզիներում՝ մահու,
  • Թայլանդում՝ կաթոի,
  • հին Եգիպտոսում ասում էին սեխետ,
  • ի սկզբանե աշխարհում եղել է երեք տեսակի մարդ` տղամարդ, կին և անդրողին/անդրոգին` ըստ արարչագործության մասին հին հունական մի առասպելի,
  • Ամերիկայի հնդկացիների մոտ երրորդ գենդերի մարդկանց մատնանշելու համար շատ բնիկ ցեղեր ունեին սեփական եզրույթները: Նրանց նաև նկարագրում էին որպես «երկու հոգի ունեցողներ», իսկ եվրոպացիները նրանց ընդհանրացված պիտակավորում էին «բեղդաշ»:

լուսանկարը` Նազիկ Արմենակյանի

«Արևմտյան մտածողության» հիմքով կարծրատիպացված մոտեցումներ

— «Կանացի» և «առնական» որակները համապատասխան չեն երրորդ գենդերի մասին խոսելիս, քանզի գենդերի երկբևեռ մոդելը «արևմտյան մտածողության» արգասիք է, և երբ դրա պրիզմայով ենք դիտարկում այլ մշակույթները, ապա սահմանափակում ենք մեր տեսադաշտը, ինչն ազդում է մեկնաբանությունների որակի վրա: Ընդհանրապես երկբևեռ մոդելով հասարակությունների ներկայացուցիչներիս համար երբեմն ավելի բարդ է ընկալել երրորդ գենդերի գաղափարը:

— «Արևմտյան մտածողությամբ» ժամանակակից մշակույթներում երբեմն սխալմամբ կամ մտադրված կերպով երրորդ գենդերի մարդկանց անվանում են կնոջը կամ տղամարդուն «նմանակողներ»: Պետք է, ամենայնիվ, հասկանանք, որ երրորդ գենդերի անհատներն ընդունում են իրենց գենդերը և փորձ չեն անում «նմանակել» այլ գենդերի: Կին դառնալ ցանկացող տղամարդիկ դիմում են վիրահատությունների՝ փոխելով իրենց կենսաբանական սեռն ու արտաքինը, և նրանց անվանում ենք տրանսսեքսուալ: Նույնն էլ տղամարդ դառնալ ցանկացող կանանց համար: Իսկ երրորդ գենդերի մարդիկ ընկալվում են սեփական դերով և էությամբ:

— Թյուր տպավորություն կարող է ստեղծվել, որ երրորդ գենդերի մարդիկ կենսաբանորեն նույնպես երրորդ կամ միջին սեռի են. երրորդ գենդերի մարդիկ կենսաբանորեն կարող են լինել թե´ արական, թե´ իգական, թե´ երրորդ սեռի` միջսեռական:

Բնական և անբնական, բնածին և ձեռքբերովի, նախասահմանված և ընտրովի

Կրոնը, քաղաքական պատկանելությունը, քաղաքացիությունը, լեզուն և շատ այլ բնութագրիչներ բնածին չեն, այլ անհատի և մյուսների աշխատանքի, ընտրության, ճանաչողական ունակությունների արդյունք են, որոնք ի հայտ են գալիս կյանքի ընթացքում: Նույն ձևով գենդերն էլ բնածին չէ:

Չնայած գենդերային այս կամ այն ինքնության ու դերի ձևավորման գործում դաստիարակությունը, ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթությունը, կրոնը, շրջապատն ու մշակույթը որոշակի ազդեցություն են թողնում, սակայն ընտրության պարգևը գենդերի հարցերում էլ է ներկա: Ինչպես Գլորիա Գայնորն է երգում. «Ես այն եմ, ինչ որ կամ, ես իմ սեփական ստեղծագործությունն եմ»:

Եթե մենք գիտակցենք, որ ընտրելու զորություն ու իրավունք ունենք և կիրառենք այդ իրավունքը, ապա մեր գիտակցված ընտրության շնորհիվ ի զորու կլինենք որոշել՝ ինչ տեսակի տղամարդ, կին կամ այլ գենդերի պատկանող, կամ էլ ոչ մի կատեգորիայի չպատկանող մարդ ենք ուզում լինել: Իսկ հիշո՞ւմ եք, թե պատմիչ Եղիշեն ինչ էր ասել գիտակցված մահվան մասին. եթե գիտակցված կամ հասկացված մահն է անմահություն, ապա ի՜նչ մեծ արժեք ունի գիտակցված կեցությունը:

Այսպիսով, ինչպես տեսանք, աշխարհում բացի երկբևեռ մոդելից կա նաև բազմաբևեռ մոդել, որն ընդունում է բնական բազմազանությունը և հասարակության մեջ տեղ է հատկացնում գենդերային բազմակողմանիությանը: Գիտակցական ընկալման ու մոտեցման դեպքում գենդերը կառավարելի է և ենթակա մշակման:

«Կյանքի իմաստն ինքդ քեզ գտնելը չի: Կյանքի իմաստն ինքդ քեզ կերտելն է»:
Ջորջ Բերնարդ Շոու

Սևակ Կիրակոսյան

Աղբյուրներ՝

http://www.apa.org/pi/lgbt/resources/sexuality-definitions.pdf

http://www.gendertree.com/Egyptian%20third%20gender.htm

http://www.transtorah.org/PDFs/Classical_Jewish_Terms_for_Gender_Diversity.pdf

 

Հոդվածի աղբյուրը՝ http://asyou.pinkarmenia.org/gender/2012/genderroles/