Պիտակներ

, , , ,

Հարգելի պն. Շարմազանով,

Խորին Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ որպես քրիստոնյա հայ մարդ բարձր դիրքից բարձր եք պահում կրոնի ու կրոնավորի պատիվը՝ հրաժարվելով այլասերությունն ու մեղքը պաշտպանել:

Ես ուրախ եմ, որ Հայաստանում կան նման պետական պաշտոնյաներ, որ զոհ չեն գնում Սատանայի կողմից դրած ծուղակին՝ լքելով կրոնը կամ վախենալով որպես պաշտոնյա նաև սեփական հավատքի անունից խոսել:

Բարձր գնահատելով Ձեր նվիրվածությունն ու մեծ հավատքը՝ ցանկանում եմ Ձեզնից՝ բարձր պաշտոնի կառավարական անձից, որպես հասարակ քաղաքացի ճշտեմ, թե ինչ պետք է անեմ ես, որպեսզի հակաքրիստոնեական չլինի իմ վարքը որոշ դեպքերում:

Մատթեոս 5:29-30 խոսքերն ինձ անհանգստացնում են, պն. Շարմազանով: Երբեմն մեծ ցանկություն եմ ունենում խեղդել անաստվածներին, ուժեղ հարվածել Եհովայի վկաներին, իսկ գեղեցիկ կանանց ետևից նայում եմ: Դուք որպես քրիստոնյա ի՞նչ եք անում: Իսկ մյուս քրիստոնյա պաշտոնյա եղբայրները, հատկապես նրանք, որ ցանկացել են կաշառք վերցնել, իրենց ձեռքերը կտրե՞լ են իրենց կամքով: Ի՞նչ անեմ ես:

Մատթեոս 8:10-12 խոսքերն ասում են, որ հրեաները պետք է խավարի մեջ ապրեն, և լացեն ու տառապեն: Պարո՛ն Շարմազանով, ինչո՞ւ է, որ Աստծո խոսքն անտեսվում է, և Հայաստանում հրեական համայնքն ապրում է խաղաղության մեջ ու չի հետապնդվում: Արդարացնո՞ւմ եք դուք նման հակաքրիստոնեական վարքը:

Պարոն Շարմազանով, Դուք Ձեր ազգականների թաղման համար ի՞նչ եք անում: Մատթեոս 8:22-ում Տեր Հիսուսն ասում է, որ մեռելները պետք է մեռելներին թաղեն: Հիմա հորս սպանել եմ (հիմա կասեմ ինչու), չգիտեմ՝ պապո՞ւս ասեմ, որ թաղի նրան, թե՞ այլ մեռելի: Ու ինչպե՞ս դա անեմ:

Մատթեոս 10:21-ին հետևելով սպանել եմ հորս: Հիմա եղբայրս երբ Հայաստան գա, նրան էլ կսպանեմ, եթե նա ինձ առաջինը չսպանի (նա էլ է նվիրյալ քրիստոնյա ու հետևում է խոսքերին, նաև նույնպես ուրախացել էր, երբ լսել էր Ձեր մասին): Դուք ի՞նչ ազգականի եք սպանել հանուն Քրիստոսի և ի՞նչ խորհուրդ կտաք՝ ինչպե՞ս արժե սպանել:

Պարո՛ն Շարմազանով, Տեր Հիսուս Քրիստոսը Մատթեոս 10:34-35 խոսքերում ասում է, որ եկել է մեզ պառակտելու համար, ու չի եկել խաղաղություն հաստատելու համար: Ցանկանում եմ իմանալ՝ Տերն ինչպե՞ս է Ձեր ընտանիքում մտցրել գժտություն, ու ես անձամբ ի՞նչ անեմ, որ կինս մորիցս բաժանվի, այլ ոչ թե միասին համերաշխ ապրեն: Որպես ավանդապաշտ հայ քրիստոնյա, օգնեցե՛ք ինձ այս հարցում, քանզի ուզում եմ, որ ամեն ինչ քրիստոնեական ձևով լինի, ըստ Սուրբ Գրերի:

Ես անձամբ եմ ճանաչում երեխաների, որոնք ըմբոստանում են իրենց ծնողներին, վատաբանում են նրանց, չեն մեծարում: Մատթեոս 15:3-5 խոսքերում մեր Փրկիչն ասում է, որ պետք է մահվան դատապարտվեն նման երեխաները: Ցանկանում եմ հարցնեմ՝ կարո՞ղ եմ ինքս քարկոծել նման երեխաներին: Դուք ի՞նչ եք անում, երբ նման երեխաների եք տեսնում, պն Շարմազանով:

Քրիստոնյա Եղբա՛յր Շարմազանով, մի անամոթ խնդիր ունեմ, որ պետք է կիսեմ Ձեզ հետ, որովհետև չգիտեմ՝ ինչ անեմ. Մարկոս 9:42-ում Քրիստոսն ասում է, որ եթե ինձ գայթակղեցնում է իմ ձեռքը, ապա պետք է այն կտրեմ ու դէ՛ն գցեմ ինձնից: Եւ եթե իմ ոտքն է գայթակղեցնում ինձ, ապա պետք է կտրեմ ու դե՛ն գցեմ այն: Նույնն էլ աչքիս համար:  Երբեմն ինձ գայթակղեցնում են գեղեցիկ կանայք (երբեմն էլ արվամոլները, ինչի համար էլ դրանց ավելի եմ ատում ու քարկոծում): Ես առնանդամս կտրե՞մ, որ չշնանա՞մ, որտև մտքումս շնանում եմ: Դուք ի՞նչ եք անում նման դեպքերում…

Ղուկաս 12:47-48 խոսքն ասում է, որ լավ ծառան քիչ ծեծ կուտի: Այժմ ցանկանում եմ իմանալ՝ որպես քրիստոնյա մարդ, Դուք Ձեզնից ստորադասներին ինչքա՞ն եք ծեծում:

Նաև հույս ունեմ, որ որպես քրիստոնյա քաղաքական գործիչ Դուք կհետևեք Աստվածաշնչին ու Աստվածահաճո կարգ կհաստատեք ԱԺ-ում և կառավարության մեջ: Այսպես, հետևելով 1 Տիմոթեոս 2:11-15 խոսքերին, հույս ունեմ, որ բոլոր կին պատգամավորներին դուրս կանեք ԱԺ-ից, որպեսզի նրանք ո՛չ հակաճառեն տղամարդկանց, ո՛չ էլ խախտեն քրիստոնեական կարգը՝ փորձելով խոսքով իշխել տղամարդկանց վրա: Նաև արգելեք, որ ոչ մի մենեջեր, դասախոս, բժիշկ կին չլինի, որ «խոսքով չիշխի տղամարդու վրա», քանզի դա էլ է հակասում Պողոսի գրած վերը բերված խոսքերին: Սիրտս ցավում է որպես քրիստոնյա, երբ նման հակաքրիստոնեական բաներ եմ տեսնում սիրելի Հայաստանումս: Հույս ունենք, որ կողմ կկանգնեք արդարությանը:

Ճիշտն ասած, էլի հարցեր ունեմ, հատկապես Հին Կտակարանից: Բայց գիտեմ, որ Ձեր ժամանակը սուղ է, ուստի այսօրվա համար այսքանով կսահմանափակվեմ: Աստված օրհնի երկրիս տերերին, թո՛ղ որ դուք լինեք Աստծո աջը, որպեսզի քրիստոնեական կարգ ու կանոն բերեք մեր երկրի վրա՝ մեզ վերադարձնելով Լուսավորչի օրերին:
Փա՛ռք ու պատի՛վ քրիստոնյա Մայր Հայաստանին և նրա ձեզ պես զավակներին: