Պիտակներ

, , , ,

‎14 տարի առաջ 21 տարեկան Մեթյու Շեփըրդը (Matthew Shepard) կորցրեց իր կյանքն այն բանից հետո, երբ նրան առևանգեցին, դաժանաբար ծեծեցին և թողեցին Վայոմինգում մի բաց դաշտում, որպեսզի նա մահանա… միայն այն բանի համար, որ Մեթյուն գեյ էր:

Նրան այնքան էին խոշտանգել, որ դեմքի վրա միակ մաքուր մնացած ու ոչ արյունոտ տեղը երկու այտերից հոսած արցունքների թողած հետքերն էին…

Matthew Shepard

Matthew Shepard (Photo credit: Wikipedia)

Ատելության հողի վրա կատարված այս ահավոր հանցագործությունը մեծ աղմուկ բարձրացրեց ողջ Ա.Մ.Ն.-ով և աշխարհով՝ ի վերջո հանգեցնելով Մեթյու Շեփըրդի և Ջեյմս Բըրդ կրտսերի Ատելության հանցանքների կանխարգելման ակտի ստեղծմանը (The Matthew Shepard and James Byrd, Jr. Hate Crimes Prevention Act), որը դաշնային օրենքի մեջ ներառեց հանցանքները՝ կատարված զոհի ընկալված կամ իրական գենդերի, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության կամ հաշմանդամության հիման վրա:

Մեթյուն բարի, կենսուրախ, տաղանդավոր երիտասարդ էր, նրա մոտ լավ էր ստացվում օտար լեզուներ սովորելը, նա բարեսիրտ, գեղեցիկ երիտասարդ էր՝ լի երազանքներով, հույսերով, կյանքով… նա ազատության և արդարության կողմնակից էր:

Ի հիշատակ Մեթյույի, նրա ծնողները և այլոք ստեղծել են Մեթյու Շեփըրդ Հիմնադրամը (Mathew Shepard Foundation: http://www.matthewshepard.org/):

Ատելության հիմքով հանցագործություններն անընդունելի են՝ լինեն հիմնված կրոնի, ռասայի, ազգության, սեռականության, հաշմանդամության թե ցանկացած այլ հանգամանքի վրա: ‎

Իսկ ատելության հիմքով հանցագործությունների համար պարարտ հող են հանդիսանում ատելության կոչերը՝ խոսք, որն ուղղված է անհատի կամ սոցիալական խմբի նկատմամբ բռնությունը քարոզելուն կամ արդարացնելուն, նրանց ստորացնելուն կամ ստորադասելուն՝ լինի բանավոր, գրավոր, թե այլ տեսակի խոսքով:

Մեթյույին սպանողներն իրենց գործողությունները փորձում էին արդարացնել Աստվածաշնչով: Նույնիսկ գտնվեց մի հոգևորական, որը նույնը փորձեց անել՝ մեղադրելով զոհին և պնդելով, թե մարդասպանների ձեռքերն արյունոտ չեն ըստ Աստվածաշնչի:

Խոսքի ազատությունն ու ատելության կոչը մեկը մյուսից տարբերվում են այնքանով, ինչքանով որ իրարից տարբերվում են անհատի ազատությունն իրեն վերաբերող գործողություններում և անհատի կողմից այլոց նկատմամբ հանցավոր գործողությունը:

ՀՀ Քրեական օրենսգրքով ներկայումս պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ են համարվում հանցանքն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, ինչպես նաև վրեժի շարժառիթներով կատարելը (Հոդված 63), իսկ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնությամբ մոտիվացված շարժառիթը չի համարվում հանցանքը ծանրացնող հանգամանք, ինչի պատճառով նման հանցանքները որակվում են որպես այլ հանցանքներ, և ապագայում նմանատիպ հանցանքների կանխարգելման գործում մեծ ներդրում չեն ունենում՝ խլելով քաղաքացիների կյանքեր…

Իսկ ի՞նչ կզգայիք դուք, եթե մի օր իմանայիք, որ ձեր զավակը կամ դուստրը գազանաբար սպանվել է կամ էլ ինքնասպանություն է արել ուղղակի իր բնության կամ սեռական էության պատճառով, միայն նրա համար, որ իր սեռականությունը տարբեր էր այլոց սեռականությունից…

«Պարոն ՄքԿինի, ես ձեզ կյանք եմ շնորհում, ինչքան էլ որ դժվար դա լինի… Մեթյույի պատճառով… Ամեն անգամ, երբ տոնեք Սուրբ Ծնունդը, ծննդյան կամ Անկախության օրը, հիշեք, որ Մեթը չի տոնում: Ամեն անգամ երբ վեր կենաք ձեր բանտախցում, հիշեք, դուք այդ գիշեր ձեր գործողությունները կասեցնելու հնարարվություն ու կարողություն ունեք: Դուք ինձ զրկեցիք մի շատ արժեքվոր բանից, որի համար ես ձեզ երբեք չեմ ների…

Պարոն ՄքԿինի, ես ձեզ կյանք եմ տալիս ի հիշատակ մեկին, որն այլևս չի ապրում: Թող երկա՜ր լինի ձեր կյանքը, ու ամեն օր շնորհակալ եղեք Մեթյույին ձեր կյանքի համար»:  Հատված Մեթյույի հոր խոսքերից՝ ուղղված հանցագործին, որը երկու ցմահ ազատազրկման արժանացավ՝ խուսափելով մահապատժից, որի պատճառը նաև Մեթյույի ծնողների մեծահոգությունն էր: