Պիտակներ

, , ,

Որոշ ժամանակ է ֆեյսբուքում բանավիճում եմ մի քրիստոնյայի հետ, որը պահպանողական հայացքներ ունի որոշ հարցերում: Երկար-բարակ գրվելուց հետո որոշեցի ի մի բերել ամբողջ բանավեճը, ցաքուցրիվ պատասխաններս ներկայացնել ու ցույց տալ, թե ինչպես է նա մանիպուլացիաներ անում՝ փորձելով ընթերցողին մոլորեցնել և թե որտեղ են նրա բացթողումները, ինչի վրա է նա գիտակցաբար կամ անգիտակցաբար աչք փակում:

Մի հետաքրքիր «գանձարան» է հավաքել այդ տղան: Սկզբում ասեմ, թե ինչպես է մոլորեցնում ընթերողին.

1. Ընտրողաբար գիտական որոշ աշխատություններ զետեղելով իրեն մոտ տվյալ աշխատությունների այն մասերն է ներկայացնում միայն, որոնք սատարում են իր դիրքորոշումը:

Օրինակ, վերցնելով տվյալ գիտական աշխատությունը, նշում է, միայն, որ «2010թ.-ի հետազոտությանը մասնկացած 894 հետերոսեքսուալ և 694 միասեռականների գենետիկ անալիզի արդյունքներով հետազոտողները եզրակացրեցին, որ որևէ ապացույց չկա, որ սեռական կողմոնորշվածությունը փոխանցվում է  մորական կողմից» (նրա նպատակն է ապացուցել, իբր սեռական կողմնորոշումը զուտ սոցիալական երևույթ է): Այնինչ չի նշում, որ նաև ասվում է, որ աշխատությունը, ինչևէ, հաստատել է «ավագ եղբոր» էֆֆեկտը (ես եմ այդպես անվանում, անգլերենում ասում են fraternal birth order effect, ըստ որի՝ ինչքան շատ ավագ եղբայրներ ունի մարդը, այնքան ավելի է մեծանում հավանականությունը, որ ինքը նույնպես կարող է գեյ ծնվել): Բնագրում նաև այլ գտածոների մասին է ասվում՝ կապված գեյ և հետերոսեքսուալ մարդկան ազգականների քանակի վերաբերյալ: Բայց մեր քրիստոնյան միայն ներկայացնում է այն փոքրիկ մասը, որն ասում է, որ մայրական գծով, ըստ տվյալ աշխատության արդյունքների, նույնասեռականությունը չի փոխանցվում:

Եվ սա միակ դեպքը չէ, որ նա կանխամտածված ձևով չի ներկայացրել գտածոներն ամբողջական տեսքով (մի դեպքում անգամ կտրել է նախադասությունը, և բնագիր նախադասության առաջին մասը  միայն թարգմանելով վերջակետ է դրել այն մասում, որտեղ բնագրում նախադասությունը դեռևս շարունակվում է):

2. Գիտական աշխատությունների կողքին է դնում ոչ գիտական աղբյուրներ:

Օրինակ, Family Research Council-ը, որը նաև դիտարկվում է որպես ատելություն սերմանող խումբ (hate group), նա ներկայացնում է մի գիտնականի հետազոտության հենց ներքևում, ու դրանից հետո նորից շարունակում է գիտական աղբյուրներ զետեղելը: Նման կրոնական կառույցի ներկայացուցչի խոսքը մեջբերելով՝ նրան խցկում է գիտնականների շարքի մեջ:

3. Բառախաղերի միջոցով փորձում է կեղծ տպավորություններ ստեղծել:

Հենց FRC-ն ներկայացնում է որպես «ԱՄՆ-ի ընտանեկան հետազոտական խորհուրդ», այնինչ իրականում այն ընդամենը կոչվում է «Ընտանեկան հետազոտական խորհուրդ», և ԱՄՆ-ի հետ ոչ մի ձևով կապ չունի. դա ո՛չ պետական, ո՛չ էլ գիտական կառույց է, այլ՝ կրոնական, պատկանում է պահպանողական քրիստոնյաների, որոնք դեմ են հավասարությանը: Այդ կրոնական կազմակերպության նախկին մի հավատացյալ որոշ հետաքրքիր խարդախություններ է բացահայտում ընթերցողին այստեղ: Կառույցը, այսպիսով, թողնում է ավելի պատկառելի ու վստահելի տպավորություն, իսկ նրա կրոնական անդամների կարծիքներն էլ հնչում են որպես գիտական խոսք…

4. Ընդհանրացված ու ամպագորգոռ վերնագրի («ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԸ ԿԵՂԾՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ») ու ստոր փաստարկների միջոցով  մարդկանց ոչ միայն մոլորեցնում է, այլև տրամադրում գեյերի դեմ՝ փորձելով լեգիտիմացնել խտրականությունն ու նախապաշարմունքը:

Բացի նման վերնագրից, նա նաև որպես «փաստարկ» է օգտագործում այն, որ որոշ գիտնականներ իրենք են նույնասեռական, ուստի վստահելի չէ նրանց խոսքը: Եկեք համալսարաններում արգելենք, որ հայերը հայ գրողների ու ցանկացած այլ հայի մասին գիտաշխատանք գրեն, վստահելի չի լինի, կինը կնոջ մասին չգրի, գրականություն սիրողը գրականագետ չլինի: Եվ նման մտածողության դեպքում, հենց հոմոսեքսուալության թեմայի դեպքում կրոնապաշտ, ինչպես և հետերոսեքսուալ մարդկանց խոսքը առավելի անվստահելի պետք է որ լիներ՝ նույն անհիմն պատճառաբանությամբ:

5. Գիտնականների կողմից հատուկ ընդգծված զգուշացումներն անտեսելով՝ խեղում է գիտնականի աշխատությունը, ներկայացնում իրեն հարմար լույսի ներքո:

Օրինակ հենց վերջին նյութը, որ ինքը ներկայացրել է, պատկանում է Սպիցերի գրչին (ըստ որի կարելի է փոխել սեփական սեռ. կողմնորոշումդ, եթե շատ ցանկակաս դա անել), որը պաշտոնապես չեղյալ է հայտարարել իր այդ աշխատությունը ու ներողություն խնդրել այն տպագրելու համար (ուղիղ հղում): Իսկ իր բլոգում այդ աշխատությունը դեռևս դրված է որպես «ապացույց», և ոչ մի նշում չկա այն մասին, որ Սպիցերը (ա) զգուշացնում էր, որ փոփոխությունը ՇԱՏ ՀԱԶՎԱԴԵՊ դեպքերում է լինում ու (բ) որ նա ընդհանրապես չեղյալ է հայտարարել իր այդ աշխատությունը հետագայում:

Առանձին կնշեմ մի գիտնականի անուն, որի երեք աշխատություն է մեջբերել բլոգի հեղինակը: Նեյլ Ուայթհեադը (Neil E. Whitehead):  Հեղինակը բավականին հարձակողական ու դոգմատիկ է տրամադրված, իր բոլոր աշխատություններում սկզբունքայնորեն  ժխտում է, որ սեռական կողմնորոշումն ու տրանսսեքսուալությունը կարող են կենսաբանական հիմքեր ունենալ: Նա նաև վիճարկում է, թե ինտերսեքսուալ (հերմաֆրոդիտ) մարդկանց մոտ սեռական ինքնությունը զարգանում է ոչ թե նրանց կենսաբանության հիման վրա, այլ՝ միջավայրի ազդեցության պատճառով…

Ահա մեկ այլ հետաքրքիր փաստ Ուայթհեադի մասին. Ուայթհեադն իր մի գրքում, որը հեղինակը վկայակոչում է, վիճարկում է, թե ռեպարատիվ թերապիաները գործունակ են, և հղում տալով մի գիտ աշխատության, փորձում է ասել, որ այդ գիտաշխատությունը խոսում է հոգուտ այդ տեսակետի: Այնինչ, տվյալ գիտաշխատության մեջ նման բան չի նշվում, ընդհակառակը, կան թերապիայի մասնակիցներ, որոնք ինքնասպանության փորձ են արել և՛ թերապիա անցնելու ժամանակ, և՛ թերապիայից հետո (մանրամասները՝ այստեղ):

Ուայթհեդի տվյալ աշխատությունն օգտագործվել է NARTH-ի (National Association for Research and Therapy of Homosexuality)՝ մեկ այլ կրոնական կազմակերպության, կողմից, և վերոնշյալ հետազոտության հեղինակը, որի տվյալները Ուայթհեդը փորձել է խեղաթյուրել, ինքը նշում է, որ դրանք խեղաթյուրված են ներկայացվում NARTH-ի կողմից (մանրանասները՝ այստեղ):

Ուայթհեդը քրիստոնյա է, շատ ծայրահեղական մոտեցումներով, աշխատել է Նոր Զելանդիայի կառավարության համար: Որտեղ կա կրոնական դոգմա և շահ, այնտեղ չի կարող լինել անարատ գիտություն

Կան նաև այլ ոչ էթիկ արարքներ, որոնք իրեն թույլ է տվել անհատը, որի հետ բանավիճում եմ: Ժամանակ խնայելու և շատ չերկարացնելու համար դրանք չեմ ներառում այստեղ:

Մոնոզիգոտ երկվորյակների հետազոտությունների շուրջ կիսում եմ մտորումներս. մոնոզիգոտ երկվորյակների դեպքում հետազոտությունները կարող են նաև այլ բան ասել՝ հակադրվելով սոցիալական մոդելին: Եթե մոնոզիգոտ զույգերի դեպքում ավելի են գերակշռում այն դեպքերը, երբ մի եղբայրը գեյ է, իսկ մյուսը՝ ոչ, ապա սա կարող է նաև նշանակել, որ սոցիալական միջավայրը  կարևոր դեր չի խաղում. եթե սոցիալական միջավայրից կախված լիներ սեռ. կողմնորոշումը, ապա մեծամասամբ երկու եղբայրների սեռ. կողմնորոշումն էլ պետք է համապատասխանեին, քանզի երկվորյակները նույն ծնողների կողմից են դաստիարակվում, նույն միջավայրում են ապրում: Իսկ եթե կա տարբերություն, ու մի եղբայրը կարող է հոմոսեքսուալ լինել, իսկ մյուսը՝ հետերոսեքսուալ, ապա գուցե կենսաբանական հիմք կա, և հենց դրանով էլ պայմանավորված է այն փաստը, որ եղբայրների դեպքում մեկի սեռ. կողմնորոշումը չի համապատասխանում մյուսինին, որովհետև միջավայրն ու նույնատիպ դաստիարակությունը չէ, որ ձևավորում են նրանց սեռական կողմնորոշումը:

Իսկ հիմա ուղղակի կներկայացնեմ գիտական աշխատություններ, որոնք խոսում են սեռական կողմնորոշման կենսաբանական հիմքերի մասին.

  • «Մարդկային սեռական նախընտրությունը սեռականորեն դիմորֆիկ հատկանիշ է, էական գենետիկ բաղադրիչով»: Bocklandt S, Horvath S, Vilain E, Hamer DH (February 2006). “Extreme skewing of X chromosome inactivation in mothers of homosexual men”.
  • Բլանչարդն ու Կլասենը գտան, որ գեյ լինելու շանսերը մեծանում են ավագ եղբայրների թվի հետ 33%- ով: Սա հավանաբար բացատրվում է նրանով, որ մոր օրգանիզմը արական պտղին դիտում է որպես օտար մարմին և փորձում է հակամարմիններ արտադրել պտղի դեմ, «ինքնապաշտպանվելու» նպատակով: Ամեն անգամ արական պտղին հակադարձելով, կնոջ մարմինն ավելի ու ավելի ուժեղ ձևով է դա անում: Blanchard R, Klassen P (April 1997). “H-Y antigen and homosexuality in men”: Այս կապակցությամբ նաև հետաքրքիր է տվյալ ոչ գիտական հոդվածը:
  • 2004 թ. իտալացի հետազոտողները հետաքրքիր փաստ բացահայտեցին. նույնասեռական մարդկանց կին ազգականներն ավելի շատ երեխաներ են ունենում, քան տարասեռական մարդկանց դեպքում է լինում: Հետազոտողները եզրակացրեցին, որ գենետիկական տարր կա, որը X քրոմոսոմի միջոցով է փոխադրվում՝ կանանց փոխանցելով և՛ պտղաբերություն, և՛ արական սեռի երեխաների դեպքում նույնասեռականություն: Camperio-Ciani A, Corna F, Capiluppi C (November 2004). “Evidence for maternally inherited factors favouring male homosexuality and promoting female fecundity”.
  • Շվեդիայում մի հետազոտություն ցույց տվեց, որ նույնասեռական և տարասեռական տղամարդիկ տարբեր ձևով են արձագանքում սեռական գրգռվածություն առաջ բերող որոշ բույրերի:  Ե՛վ հետերոսեքսուալ կանանց, և՛ հոմոսեքսուալ տղամարդկանց դեպքում, տղամարդու քրտնքի մեջ գտնվող ածանցյալի բույրին ի պատասխան հիպոթալամուսի մի շրջան է ակտիվանում: Հետերոսեքսուալ տղամարդկանց դեպքում նույնը լինում է, երբ կանանց մեզի մեջ գտնվող էստրոգենանման մի խառնուրդի հոտ են առնում:  Savic I, Berglund H, Lindström P (May 2005). “Brain response to putative pheromones in homosexual men”.
  • Swaab DF, Hofman MA (December 1990). “An enlarged suprachiasmatic nucleus in homosexual men”
  • Allen LS, Gorski RA (August 1992). “Sexual orientation and the size of the anterior commissure in the human brain”.
  • «Այսպիսով, մեր գենդերային ինքնությունը (արական կամ իգական սեռին պատկանելու համոզմունքը) և սեռական կողմնորոշումը ծրագրավորվում են կամ կառավարվում են մեր ուղեղի կառուցվածքում, երբ մենք դեռևս արգանդի մեջ ենք: Որևէ վկայություն չկա, որ ծնվելուց հետո սոցիալական միջավայրը գենդերային ինքնության կամ սեռական կողմնորոշման վրա ինչ-որ ազդեցություն է թողնում»: Garcia-Falgueras A, Swaab DF (2010). “Sexual Hormones and the Brain: An Essential Alliance for Sexual Identity and Sexual Orientation“. Endocr Dev. Endocrine Development 17: 22–35.
  • Bogaert AF, Hershberger S (1999). “The relation between sexual orientation and penile size.”
  • Evolution’s Rainbow: Diversity, Gender, and Sexuality in Nature and People. Contributors: Joan Roughgarden – author. Publisher: University of California Press.
  • Kinnunen LH, Moltz H, Metz J, Cooper M (2004). “Differential brain activation in exclusively homosexual and heterosexual men produced by the selective serotonin reuptake inhibitor, fluoxetine”
  • Berglund H, Lindström P, Savic I (2006). “Brain response to putative pheromones in lesbian women”
  • Գեյերն ու լեսբուհիներն ավելի հաճախ են լինում ձախլիկ, քան հետերոսեքսուալները, իսկ քանի որ ձախլիկությունը նախասահմանվում է մինչև ծնունդը, և կա տեսանելի կապ սեռական կողմնորոշման և ձախլիկության միջև, ապա հավանական է, որ սեռական կողմնորոշումն էլ է նախասահմանվում. Mustanski BS, Bailey JM, Kaspar S (2002). “Dermatoglyphics, handedness, sex, and sexual orientation“.
  • Sexual orientation and handedness in men and women: A meta-analysis. Lalumière, Martin L.; Blanchard, Ray; Zucker, Kenneth J. Psychological Bulletin

Գիտական հետազոտությունների շարանը չի ավարտվում այս աշխատություններով, և փնտրողը շատ բաներ կգտնի:

Ի հակադրումն այն հայտարարությանը, թե նույնասեռականները փորձում են կեղծել գիտական հետազոտությունների արդյունքները, կարևոր է հասկանալ, որ կան տարբեր տեսակետներ թե՛ ԼԳԲՏ ակտիվիստների, թե՛ պահպանողական կրոնամոլների, թե՛ պահպանողական կրոնապաշտների, թե՛  ուղղակի գիտնականների մոտ:

Կան գեյ ակտիվիստներ և ուժեր, որ նշում են, որ այդ հարցը խիստ կարևոր չէ, և պետք չէ սևեռվել սեռական կողմնորոշման ծագումնաբանության խնդրի վրա, այլ պետք է այլ հարցեր ավելի առաջնային լինեն:

Եվ, ի դեպ, կան պահպանողական ուժեր, որոնք հույս ունեն, որ կգտնվի հոմոսեքսուալության կենսաբանական արմատը և դրանով հնարավոր կլինի «ոչնչացնել» նույանսեռականությունը (աբորտ անել նույնասեռական երեխաներին): Ուստի, միայն որոշ գեյ ակտիվիստներ չէ, որ հետաքրքրված են սեռականության կենսաբանական հիմքեր բացահայտելու մեջ: Կան նաև հոմոֆոբ ու պահպանողական ուժեր, որ նույնն են ցանկանում տեսնել:

Ահա մեկ այլ հետաքրքիր  փաստ. պահպանողական կրոնավոր մարդիկ (հատկապես աբրահամյան կրոնների հետևորդները) ջանում են ապացուցել, որ նույնասեռականությունը ձեռքբերովի է և ընտրովի՝ փորձելով հաստատել, թե կարելի է «փոխել» սեռական կողմնորոշումդ քո ցանկությամբ: Հենց նման «հակա» խմբերն են, որ մեծ շեշտ են դնում սեռական կողմնորոշումներից հատկապես նույնասեռականության սոցիալական ծագման վրա՝ ջանալով ամեն գնով ցույց տալ, թե որոշ սեռական կողմնորոշումներ «մոլորություններ», «ընտրություն» են: Դրա պատճառով էլ շատ ավելի մեծ տեղ է հատկացվում «ընտրությո՞ւն, թե՞ բնություն» հարցին: Այս կապակցությամբ կարող եք կարդալ հետևյալ գրառումս:

Ինչպես ֆեյսբուքում մի օգտատեր նշեց. «Աֆրիկյան ռասային պատկանելը կենսաբանությամբ է պայմանավորված, բայց այս փաստի շնորհիվ ռասիստները պակաս ռասիստ չեն դառնում»:

Ուստի, նույնիսկ կենսաբանական հիմքը հաստատ բավարար չի լինի պահպանողական ու ծայրահեղական խմբակների, կրոնական, քաղաքական ու այլ բնույթի մի շարք կառույցների ու անհատների համար, և նրանք ուղղակի այլ փաստարկներ կփնտրեն սեփական ատելությունն արդարացնելու համար:

Իրականում ոչ ոք էլ պարտավոր չէ արդարացնել սեփական գոյությունը. ինչպես որ հետերոսեքսուալները պարտավոր չեն արդարացնել սեփական հետերոսեքսուալությունը, այնպես էլ հոմոսեքսուալները դա պարտավոր չեն անել:

Նաև, պետք է հիշել, որ նույնասեռականությունը լայնորեն տարածված է բնության մեջ ևս (տե՛ս հետևյալ նյութերը. ա, բ, գ): Սրանք եզակի դեպքեր չեն, միայն բռնությամբ ու ագրեսիայով ուղեկցվող ակտեր չեն, էգի բացակայության պատճառով չեն լինում, միայն գազանանոցներում չի, որ հանդիպում են: Ուստի, հոմոսեքսուալ վարքագիծ նաև հանդիպում է կենդանիների ու մարդուց բացի մյուս կաթնասունների մոտ էլ: Տվյալ փաստը հաշվի առնելով, անհասկանալի է դառնում, թե ինչ է նշանակում նույնասեռականությունը որպես «սոցիալական երևույթ» որակելն այն ձևով, որով որ դա անում են պահպանողականները, եթե այն նաև մյուս կենդանիների մոտ է հանդիպում:

2300 տարի առաջ Արիստոտելը նկարագրել էր, թե ինչպես է ինքը տեսել, որ նույն սեռի երկու բորենի սեռահարաբերվում էին: Սա մարդկությանը հայտնի հնագույն վկայությունն է կենդանիների մոտ սեռական հարաբերությունների վերաբերյալ: Կա կարծիք, որ հրեաները հին դարերում կենդանիներին «մաքուր և անմաքուր» կատեգորիաների են բաժանել՝ հիմնվելով նրանց սեռական վարքագծի վրա (չնայած «մաքուր» դասված կենդանիներն էլ են նույնասեռ վարքագիծ դրսևորում, ինչպես գիտությունը հաստատել է այսօր):

Ի դեպ, կրոնը, մարդկային լեզուները, համակարգիչները, բջջային հեռախոսները, ավտոմեքենաները, եկեղեցիները և շատ այլ կարևոր երևույթներ, պարագաներ ու մարդկային մշակույթի տարրեր ո՛չ բնական են, ո՛չ էլ բնածին: Երբևէ ինչ-որ աթեիստ փաստարկո՞ւմ է, որ կրոնը ո՛չ բնածին է, ո՛չ էլ բնության մեջ է հանդիպում: Երբևէ լսե՞լ եք, որ ինչ-որ մեկն ասի՝ հրաժարվեք մարդկային լեզուներով խոսելուց, որովհետև դա ձեռքբերովի է և ընտրություն է: Ուստի նույնիսկ եթե նույնասեռականությունը կրոնի, պետության, լեզվի, հագուստի, հեռուստատեսության, համակարգիչների պես էլ լինի մարդու գործունեության արդյունք (այնինչ այդպես չէ, քանզի բնության մեջ էլ է այն հանդիպում), դա հիմնարար առիթ չէ ատելությունը, բռնությունն ու անհանդուրժողականությունն արդարացնելու, ցենզուրա մտցնելու, մարդկանց ստրկացնելու համար:

Առաջարկում եմ նաև աչքի տակով անցկացնել իմ գրառումներից մեկը ևս՝ կապված «բնականի և անբնականի» հետ:

Ի դեպ, անհատ գիտնականների կարծիքներից ավելի ծանրակշիռ են մասնագիտական կառույցների դիրքորոշումները:

Հոգեբույժների արքայական քոլեջը 2007 թ. նշել է. «Չնայած գրեթե դար տևած հոգեվերլուծական և հոգեբանական մտորումներին, չկա որևէ էական փաստ, որով կհաստատվեր այն կարծիքը, թե դաստիարակության կամ վաղ տարիքի մանկական կենսափորձը անհատի տարասեռական կամ նույնասեռական սեռական կողմնորոշման ձևավորման գործում կատարում է ինչ-որ հիմնարար դեր: Հաստատվում է, որ սեռական կողմնորոշումն իր բնույթով կենսաբանական է՝ ստեղծվող գենետիկական գործառույթների և վաղ ներարգանդային միջավայրի համալիր փոխազդեցությամբ: Սեռական կողմնորոշումը հետևաբար ընտրություն չէ»:

Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան 2004 թ. «Մանկաբույժներ» ամսագրում նշել է. «Սեռական կողմնորոշումը հավանաբար չի կանխորոշվում ցանկացած մեկ գործոնով, այլ՝ գենետիկական, հորմոնային և միջավայրային ազդեցությունների համակցությամբ: Վերջին տասնամյակների ընթացքում կենսաբանական տեսություններն արժանացել են մասնագետների նախապատվությանը: Չնայած մարդու սեռական կողմնորոշման տարատեսակների ծագումնաբանության վերաբերյալ դեռևս կան հակասություններ և անորոշություն, չկա որևէ գիտական փաստ, որ արտասովոր դաստիարակությունը, սեռական բռնությունը կամ կյանքի այլ անբարենպաստ իրադարձություններն ազդում են սեռական կողմնորոշման վրա»:

Ու երբ որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի, ու նման մասնագիտական կառույցների դիրքորոշումներին ենք նայում, ապա տեսնում ենք, որ կենսաբանական հիմքն ուղղակի անժխտելի է:

Սեքսոլոգների հայկական ասոցիացիան էլ նշում է, որ. «Այսպիսով, համաշխարհային գիտությունն այսօր հաստատապես պնդում է, որ հոմոսեքսուալիզմը հոգեկան խանգարում չէ և ենթակա չէ բուժման»: (այդ երիտասարդը բանավեճի ընթացքում նույնասեռականությունը ծխելու հետ համեմատեց, որպես ձեռքբերովի վնասակար սովորություն…)

Մի խոսքով, այսօր գիտության մեջ դոգմատիկ հայտարարություններ առ սեռական կողմնորոշում չկան, և գիտությունը դեռևս շարունակում է իր փնտրտուկները: Իսկ եթե հանդիպում եք պահպանողական ու դոգմատիկ հայտարարություններ առ սեռական կողմնորոշում, ապա իմացեք, որ դա կասկածելի է, և հավանաբար այդտեղ կա նաև կրոնական շահ, որը փորձում է գիտությունը ծառայեցնել իրեն ու իր դոգմաներին:
Այսպիսով,
  1. Գիտական տարբեր դիսցիպլիններ ուսումնասիրում են սեռականության տարբեր բաղկացուցիչներ իրենց տեսանկյունից և ունեն տարբեր մոտեցումներ ու հիպոթեզներ հարցի շուրջ, և չկա միաձայն հստակ կարծիք, թե սեռական կողմնորոշումը զուտ սոցիալական երևույթ է,
  2. Նույնիսկ եթե սեռական կողմնորոշումը լինի զուտ սոցիալական երևույթ (ինչպես լեզուն, կրոնը, գիտելիքն ու պետականությունը), դա դեռևս չի նշանակի, որ որոշ կողմնորոշումներ գերադաս են մյուսներին, և կարելի է արդարացնել կրոնական հիմքով անհանդուրժողականությունն ու հալածանքը,
  3. Պահպանողական կրոնական ու պահպանողական նացիոնալիստական հոսանքները ջանում են սեփական նախապաշարմունքներն ու կանխակալ վերաբերմունքն արդարացնել նաև գիտության միջոցով՝ աղավաղելով ու անտեսելով մի շարք գիտական փաստեր,
  4. Բոլոր մարդիկ էլ իրավունք ունեն արժանապատիվ ու լիարժեք կյանքով ապրել և պարտավոր չեն արդարացնեն իրենց գոյությունը, սոցիալական կամ կենսաբանական առանձնահատկություններն ու հատկանիշները: