Պիտակներ

, , ,

Ստեղծելով իրավական նախադեպ՝ Ստամբուլի Քրեական դատարանը երկուշաբթի օրը կայացրեց  կարևոր որոշում ընդդեմ կրոնական թուրքական թերթի վերջինիս կողմից գեյերի դեմ օգտագործած բառապաշարի համար՝ նշելով, որ անօրինական է վիրավորել ԼԳԲՏ մարդկանց:

Նախկինում առաջին ատյանի դատարանը Թուրքիայում ջատագովությամբ զբաղվող ԼԳԲՏ մի խմբի՝ Կաոս ԳԼ-ին, Յենի Ակիտ թերթին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն չէր տվել: Վերոնշյալ թերթն իշխանամետ կրոնական թերթ է, որը տպել էր գեյերի դեմ ուղղված հոդված՝ օգտագործելով զրպարտանքներ:

Փչացածներն այլասերում են երեխաներին

 

Հրատարակած հոդվածում Յենի Ակիտը նշել էր, որ Կաոս ԳԼ-ի կողմից պատրաստված բրոշյուրը, որն ուսուցիչներին օգնում էր ավելին հասկանալ տարբեր սեռական կողմնորոշումների մասին և դիմակայել հոմոֆոբիային ու տրանսֆոբիային, իրականում «մի խումբ փչացածների» ու «շեղվածների» կողմից երեխաներին այլասերելու և իրենց «հերետիկ» վարքագիծը որպես նորմալ ներկայացնելու փորձ էր:

Առաջին ատյանի դաարանը որոշել էր, որ հոդվածում օգտագործված լեզուն համապատասխանում էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին (արտահայտվելու ազատություն):

Վիրավորանք սոցիալական խմբերին

 

Կաոս ԳԼ-ն բողոքարկեց որոշումը Ստամբուլի Քրեական դատարանի վերադաս ատյանում, որտեղ դատավորները որոշեցին, որ. «Այն նորությունների շրջանակներում, որի դեմ բողոքը ներկայացված է, տարբերվող սեռական կողմնորոշումով (մարդկանց) մի խումբ ակնհայտորեն նսեմացվել է և (խմբին) հասցվել վիրավորանք: Դատական կարգով  (թերթին) չհետապնդելու մասին որոշումն անվավեր է, քանի որ պետք է հանրային գործողություն նախաձեռնվի»: 

Դատարանը նաև հայտարարել է, որ նման լեզու օգտագործելը մամուլի արտահայտման ազատության հետ կապ չունի:

Ի վերջո, դատարանը որոշեց, որ թերթը պետք է դատական կարգով հետապնդվի Թուրքիայի Քրեական Օրենսգրքի 216 հոդվածը խախտելու համար, որն արգելում է վիրավորանք հասցնել սոցիալական խմբերին:  Կաոս ԳԼ-ի ԶԼՄ-ների հետ աշխատանքի համակարգող Օմեր Ակփընարը նշեց. «Սա ուղենշային որոշում է Թուրքիայի համար, հատկապես ԶԼՄ-ների հարցում»:

Գեյեր, հայեր ու ոչ մահմեդականներ

 

«Յենի Ակիտն ատելության կոչերի թիրախ էր դարձնում ոչ միայն ԼԳԲՏՔ մարդկանց, այլև հայերին, ոչ մահմեդականներին և ցանկացած մեկին, ով հակադրվում էր կառավարությանը», նշեց Ակփընարը՝ ավելացնելով, որ այդ գործողությունները դատարանի որոշմամբ «որակավորվեցին որպես անօրինական»:

Հատկանշական է նաև այն, որ դատարանի տվյալ որոշման մասին Թուրքիայում խոսեցին տարբեր ուղղությունների շատ ԶԼՄ-ներ:

Ակփընարը նշեց, որ չնայած դատարանի որոշումը հստակորեն վերաբերում է Յենի Ակիտի կողմից 2012 թ. հոկտեմբերին հրատարակած մի հոդվածի, այն նախադեպ և ուղենիշ է սահմանում նման հնարավոր այլ իրավական գործողությունների համար, որոնք կկիրառվեն ընդդեմ ատելության կոչերի:

Աղբյուրը՝ http://www.ilga-europe.org/media_library/euro_letter/2013/july/freedom_of_expression/landmark_turkish_court_ruling_anti_gay_language_is_not_freedom_of_speech