Պիտակներ

, , , ,

  1. Նախապես (կամ ընթացքում) բաշխի ժամանակդ:

Սա կարևոր ա, եթե արդեն խմբի անդամներն իրար ճանաչում են ու պատրաստ են իրար հետ աշխատել, կա վստահություն ու ինչ-որ բան անելու կոլեկտիվ կամք: Բացի բուն քննարկումը գուցե ուզենաք նաև այլ ձևով ներդնել ձեզ տրված ժամանակը, եթե էդ ընտիր հնարավորությունն ունենաք: Օրինակ, միասին մշակել գործողություններ կամ գալ մեծամասնության կողմից սատարվող ինչ-որ ֆորմուլայի (ով էլ համաձայն չլինի, կարա իրա առաջարկը ներկայացնի): Գործողություն իրականացնել համաձայնելու դեպքում շատ ճիշտ կլինի միանգամից սահմանել ժամանակը (երբ ա արվելու), նպատակը (ինչի ա արվելու), մեթոդը (ոնց ա արվելու), տեղն ու պատասխանատուներին (որտեղ ու ով(քեր) ա(են) անելու):

Օրինակ ես բացի բուն քննարկումը մի քանի այլ բան արեցի, որոնք ներկայացնում եմ ավելի ուշ (վարժություններ, սահմանելու գործընթաց):

2. Սահմանեք միասին:


Զրո ենթադրություններ, որ ժամանակներդ արդյունավետ ծախսեք, որ չլինի «բա ես գիտեի, թե…» կամ «բա ես էլ մտածում էի, թե…»: Անհասկանալի տերմիններ/թեմա -> անհասկանալի քննարկում ու արդյունքներ: Եթե տալիս ես նախապես պատրաստված սահմանումներ, դա ավելի քիչ կխթանի մտածելու ու թիմային աշխատանքի գործոնները: 

3. Մտքումդ պահի թեման իրա առաջնայնություններով ու երանգներով:

Ի՞նչ թեմա եք ուզում քննարկել, ի՞նչ նպատակ եք հետապնդում: Շատ հեշտ ա «շեղվել» դեպի հիպոթետիկ, վերացական թեմաներ, ու առավել ևս դեպի էդ թեմաների երանգներ:

Օրինակ. քննարկում ենք «ԼԳԲՏ համայնքի հզորացում»: Ու սահմանում ենք «համայնք» բառը, թե ըստ ամեն մասնակցի ինչ ա նշանակում: Մի մասնակիցն ասում ա, որ համայնք նշանակում ա ազատություն, մյուսն էլ. «լինել համայնքում նշանակում ա չթաքնվել, ասել ու անել էն, ինչն ուզում ես»: Մեկ այլ մասնակից հակադարձում ա. «ես միշտ կողմ չեմ քամին աութներին»: Շատ հեշտ ա շեղվել թեմայից, հատկապես եթե շեղող թեման էլ ա քննարկման մաս կամ կարևոր կամ հետաքրքիր: Ֆասիլիտատորի իմ դերը լավ կատարելու համար ես պարբերաբար մարդկանց հիշացնում էի թեման, ու թեմայի կոնկրետ երանգը, քննարկման էն փուլը, որում գտնվում էինք:

Ավելին. ըստ իմ մոտեցման, քննարկման ժամանակ հեշտ ա «փրփուր արտադրելը», ու դա համարյա բնազդային ռեակցիայա (հատկապես եթե խորը ու վերլուծական ձևով մտածելու հմտություններ մարդ(իկ) չեն ստեղծել իրանց մոտ կամ չեն գործադրում): Փրփուր ասելով ի նկատի ունեմ վերացական մտքեր, «լավ կլինի որ», «էկեք ….», «ես դեմ եմ …ին», հատկապես երբ էս մտքերը ստեղծվում են ի հակաճառում ուրիշ մասնակցի կամ ուրիշի գաղափարի: Էդ ամենն էֆեկտիվ չի, երբ մարդիկ իրանց վրա չեն վերցնում պատասխանատվություն, չեն մշակում ռազմավարություն ու գործողությունների շարան:

4. Սեր, սեր սեր…

«Կրթել միտքն առանց սիրտը կրթելու նշանակում է ընդհանրապես չկրթվել»: Արիստոտելի էդ միտքը կոնտեքստի մեջ դնելով ես կասեմ, որ ստիմուլացնել ուղեղն առանց ամբողջ մարմինը ստիմուլացնելու ընդհանրապես ստիմուլացնել չի: Չափազանց շատ չոր մտքեր ու մաքուր մտքի աշխատանքը կարա ավելի շատ խնդիրներ ստեղծի կամ չլուծի աշխարհում եղող շատ խնդիրներ, քանի որ հաճախ խնդիրների հետևում կանգնած են հույզեր ու զգացմունքներ, ու դրանցից ազդված էմոցիոնալ (կամ էմոցիոնալականացված) մտքեր:

Օրինակ իմ սեսիան ես սկսեցի մասնակիցների ուշադրությունը դեպի իրանց մարմինները տանելով, դեպի ներս. ի՞նչ ա կատարվում ներսում, ի՞նչ են մարմնի տարբեր մասերը զգում/«ասում»: Գետնին մի քանի րոպե պարկեցինք (ինչը շատ հաճելի ա նախաճաշից հետո, առավոտը, հատկապես երբ սենց միջոցառումների ժամանակ մարդիկ հաճախ ուշ են քնում նախորդ գիշերը, կամ ստիպված են շատ շուտ սկսել իրանց օրը):

«Մեդիտացիայից» հետո մասնակիցներին առաջարկեցի սենյակով մեկ քայլել, գրկել գոնե 4 մարդու, ու փոխանցել կարևոր «լուր». «Ես քեզ սիրում եմ, դու կարևոր ես»: Իմ հույսն ա, որ էս վերջին վարժությունը նաև մասնակիցների տվեց իրար ավելի շատ վստահելու, սեփական սահմաններն ընդլայնելու հնարավորություն, ինչը ազդեց քննարկման որակի ու քննարկումից դուրս բերածի պարունակության վրա (էլ չասած ինքնագնահատականի ու տրամադրության բարձրացումը, սիրելու ու կարևոր լինելու հիմնարար կարիքների բավարարումը):

5. «Նուրբ անցումներ» իրականացրու:

Ժամանակը միշտ էլ քիչ ա (հատկապես մեծ խմբերում): Հատկապես դժվար խնդրի առաջ ես կանգնում, եթե քննարկման մեջ կա մի քանի բլոկ, կամ պետք ա մի քանի թեմայի անդրադառնաս: Ուստի մասնակիցների կարծիքների միջոցով կարաս անցում կատարես քննարկման հաջորդ փուլին:

Օրինակ իմ սեսսիայի ժամանակ պետք ա քննարկեինք ԼԳԲՏ մարդկանց ու իրանց խնդիրների տեսանելիություն, ինչպես նաև քամին աութ, աութինգ, ԼԳԲՏ շքերթներ: Երբ ես զգում էի, որ ժամանակն ա անցնել մյուս թեմային, ես խոսքը տալուց նաև մասնակցին առաջարկում էի մտածել ու խոսալ գալիք նյութի մասին, ու դա լավ էր աշխատում:

6. Ներառի սուս-փուսներին:

Պետք չի մարդուն անպայման ստիպել ինչ-որ բան ասել: Մյուս կողմից, կան մարդիկ, ովքեր վախենում են խմբերի մեջ խոսալուց, կամ մտածում են, թե իրանց ասածը գուցե կարևոր չլինի (ունենում են տարբեր վախեր ու կասկածներ): Ինչևէ, նման մարդուն անձամբ դիմելն ու խոսալու հնարավորության մասին հիշացնելը շատ օգտակար ա:

Օրինակ մեր քննարկման ժամանակ որոշ մասնակիցներ ընդհանրապես չէին խոսում: Ես նրանց (երեքին) ասեցի, որ շուտով իրանց էլ եմ քաջալերելու խոսալ, ու որ իրանք նախապատրաստվելու ժամանակ ունեն, քանի դեռ խոսքը փոխանցում եմ ուրիշ մարդու, ով ուզում էր խոսար: Էս դեպքում շատ արդյունավետ էղավ, որտև երեք մասնակիցներն էլ ասելու ու կիսելու շատ լավ բաներ ունեին, ուղղակի իրանց լրացուցիչ օգնություն էր պետք:

7. Ցնդացրու իշխանությունը:

Իշխանություն ինչ-որ մարդու ձեռքում/մտքում կենտրոնացնելը վտանգավոր ա նախ և առաջ հենց էդ մարդու համար: Ինչքան շատ իշխանություն ես վերցնում վրադ, էնքան ավելի խոցելի ես դառնում, ավելի այլասերվող: Միշտ աշխատի չկուտակել չափազանց շատ իշխանություն քո մեջ/մոտ, ու ֆասիլիտացիայի կամ առաջնորդության մասին մի մտածի որպես իշխելու կամ կառավարելու հնարավորություն:

Օրինակ ես բոլոր մասնակիցներին, ովքեր երկար էին խոսում, հիշացնում էի ժամանակի գործոնի մասին: Ես նաև հերթագրում էի մասնակիցներին, ըստ իրանց ցանկության (ձեռք բարձրացնելու սկզբունքով): Մի մասնակից, ով երկար էր խոսում, որոշեց ինքն իրա խոսքը սահմանափակել, ու իրա 4 կետերից մեր հետ կիսել 2-ը: Բայց որոշ այլ մասնակիցներ ասեցին, որ «ինքը լավ ա խոսում, թող մյուս 2 կետն էլ կիսի»: Էդտեղ ես ուրախությամբ արձանագրեցի (մտքումս), որ «իշխանության պատրանքը ցնդացնելու» լավ հնարավորություն ա բոլորիս (հատկապես ֆասիլիտատորի) համար, ու մասնակցին թույլ տվեցինք շարունակել իրա խոսքը (քանի որ դա բոլորիս ժամանակն ա, ու մյուսները, գոնե ոմանք, համաձայնեցին էդ ժամանակն էդպես օգտագործել):

Ութերորդը՝ բոնուս էն ընթերցողիս համար, ով էսքանը կարդացէլ ա❤. Վստահի կյանքին ու անորոշությանը:

Լավ ռազմավարությունն անգնահատելի ա: Ինչևէ, անորոշությունն իմ լավագույն ընկերն ա, ես հաճախ ասում եմ: Նույն ձևով էլ մոտեցել էի սեսիային. ամեն ինչ, ամեն րոպե նախագծված չէր (չնայած ունեի «պլան Բ» ու «Գ»), ու սեսիայի որոշ տարրեր որոշեցի սեսիայի առաջին րոպեների ընթացքում:

Լրացուցիչ Հնարքներ

Ես մասնակիցների միտքը փոխադրելով նույն բանը կրկնում էի (երբեմն, ու ոչ բոլոր մտքերը), ինչը ավելի էր բարձրացնում շատերիս կողմից էդ մարդու ասածն ավելի լավ ընկալելու հավանականությունը, ու միքիչ էլ մտածելու, մարսելու ժամանակ էր տալիս բոլորիս, մինչև նոր բան լսելը:

Երբ մոտս զգացողություն էր լինում, որ ընդհանուր գործընթացի ժամանակ ծնվեց/ասվեց մի նոր ու կարևոր գաղափար, ես դա կրկնում էի՝ բոլորին առաջարկելով միքիչ խորը մտածել դրա շուրջ մինչև շարունակելը: Բայց սա շատ հազվադեպ ա լինում օրգանապես, ու պետք չի չարաշահել (ինչպես ամեն բան):

Տերմիններ ու բացատրություններ.

ֆասիլիտացիա — ինչ-որ բանի օգնելու, դա ավելի հեշտ դարձնելու գործընթաց (ֆասիլ (լատ. ֆասիլիս) — հեշտ):

ֆորում — հանդիպման վայր, տարածք: Հին Հունաստանում ու Հռոմում՝ հրապարակներ, բաց տարածքներ առևտրի, գործի, քննարկումների համար:

ԼԳԲՏ — Լեսբուհի (կին սիրող կին), գեյ (տղամարդ սիրող տղամարդ), բիսեքսուալ (երկու սեռերին էլ սիրող մարդ), տրանսգենդեր (մարդիկ, ովքեր չեն հարմարվում իրանց հանդեպ ակնկալվող սոցիալական սեռային դերերին: Օրինակ՝ արական սեռի մարդ, ով ուզում ա լինի կին: Կամ մարդ, ով իրան համարում ա ո՛չ կին, ո՛չ էլ տղամարդ, այլ երրորդ գենդերի մարդ)

քամին աութ (նաև՝ արտագալուստ, ազնվացում) — քո սեռականության մասին (1) ինքդ քեզ խոստովանելը (արտագալուստ անել ինքդ քեզ), ինչպես նաև (2) ուրիշ մարդկանց պատմելը:

աութինգ — մարդու կամքին դեմ իրա սեռականության մասին ուրիշներին ասելը: Հատկապես կիրառվում ա էն հոմոֆոբների դեմ, ովքեր իրանք էլ են գեյ, ու չնայած դրան ատելություն են սերմանում այլ ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ:

հոմոֆոբիա — վախ ԼԳԲ մարդկանց նկատմամբ: Տրանսգենդերների դեմ վախը կոչում են տրանսֆոբիա:

ԼԳԲՏ Ֆորումի մասին՝ էստեղ: