Պիտակներ

, , , , , , , , , ,

Տարբեր տեսանկյուններից նայելով տարբեր հնարավոր պատճառներ ա կարելի գտնել Օռլանդոյի գեյ ակումբի վրա Օմար Մատինի կատարած ահաբեկչությունը բացատրելու համար:

Հիլըրի Քլինթընը նշեց, որ պատճառը զենքերի ազատ հասանելիությունն ա: Թրամփը գտավ, որ պետք ա մահմեդականներին արգելել ԱՄՆ մուտք գործել: Իսկ խոհանոցային դանակով հնարավոր չի՞ հարձակվել ու սպանել մարդկանց: Իսկ քրիստոնյա տեռորիստներ չկա՞ն, որ մտնում են դպրոցներ ու կրակում մարդկանց վրա, կամ սպանում սեփական ընտանիքի անդամներին, հարևաններին…

Ենթադրում եմ, որ խորքային խնդիրը կապված ա մոտիվացիայի հետ: Մոտիվացիան կախված ա մարդու ինքնությունից: Ինքնությունների արմատը գտնվում ա բոլորից անջատ, տարբերվող ես-ի մեջ: Ես-ը կարա գոյություն ունենա միայն սահմանների շնորհիվ: Հակառակ դեպքում դա կլինի ուղղակի մի մեծ համատիեզերական ես, որը կընդգրկի ամեն ինչն ու բոլորին: Իսկ սովորական, անջատ ես-երը հնարավոր են միայն սահմանների կառուցման միջոցով: Հենց ստեղծվում ա ես, միանգամից ստեղծվում ա ոչ-ես, որը կոչում են դու, նա, նրանք կամ այլ ձևերով:

Ես-ի գոյության հիմնական գրավականը ինքն իրան մնացածից անջատ պահելն ա: Թե չէ կտարրալուծվի, կցնդի: Դրա համար ա պետք համեմատվել ոչ-եսի հետ ու հասկանալ կամ ստեղծել տարբերություններ. Ես ավելի լավն եմ/վատն եմ/հզոր եմ/ճիշտ եմ/հին եմ: Մի խոսքով, ես ուրիշ եմ, իմ պատմությունն ուրիշ ա: Մենք-ն էլ ես-ի հազարապատիկ մեծացրած տարբերակն ա, քանի որ հնարավոր չի մենք առանց ես-ի. դա տեղում դառնում ա դուք կամ նրանք: Էստեղից էլ գալիս են և՛ ներխմբակային որոշ դրական կամ օգտակար պրոցեսներ, և՛ մեծամասամբ բացասական պրոցեսներ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր տվյալ խմբի ներսում չեն գտնվում (հաճախ էդ դերում հանդես են գալիս հրեաները, գեյերը, կանայք, ներկայումս՝ նաև մահմեդականները, ու քաղաքական ուրիշները/հակառակորդները): Էս ամեն ինչից էլ առաջ ա գալիս ատելություն, որը հանգեցնում ա նաև հանցագործությունների:

Այլ կերպ ասած, բռնության հիմքը պառակտումն ա, որը գալիս ա ես-ի առանձին զգացողությունից

 

Կրիշնամուրտի

ԻՆՉԻ՞ ՎՆԱՍԵԼ

Իհարկե ամբողջ բռնությունը հնարավոր չի բացատրել միայն առանձին ես-ի զգացողությամբ: Չնայած ուրիշ-ն արդեն պոտենցիալ թիրախ ա, բայց կարծում եմ մեկ այլ նպաստող գործոն կա, որը մարդուն մղում ա ու հանգեցնում դեպի բռնության գործադրում:

Իմ ենթադրությունը հետևյալն ա. գիտակից ու ինքնագիտակից արարածներն ունեն անսահման զորություն, և՛ արարելու, և՛ կործանելու: Հասարակությունն ու քաղաքակրթությունը սահմանափակում ա էդ զորությունը. ոնց որ մենք ենք ընտելացնում կենդանիներին ու բույսերին, որ իրանց պահեն մեր ուզած ձևով, ունենան մեր ուզած արտաքինն ու քաշը, էնպես էլ հասարակությունն ա ընտելացնում ու մշակում անհատներին, որ վերջինս ծառայի իրա նպատակներին, սնի էդ հասարակությանը: Ամեն չի կարելի, մի արա, «արգելված ա» մեզ սահմանափակում ա: Շատ փոքր տարիքից երեխան ամենահաճախը երևի լսում ա «չի կարելի», «մի արա» արտահայտությունները:

Տարիներով էդ բոլոր պատնեշները կուտակվում են, ու մարդն իրան զգում ա անզոր, իշխանություն չունեցող: Ես չեմ կարա տկլոր ման գամ փողոցով, սեքս անելը վատ բան ա, առավել ևս շատ սեքս անելն ա վատ, սրտանց ուրախանալը նույնպես հիմարություն ա (հարևաններն ի՞նչ կասեն, բա որ քաղաքում մտածեն գիժ եմ ու շատրվան մտնելու համար գժանոց տանեն…):

Անզորությունից դրդված ու պատնեշների բախվող էն հսկայական պոտենցիալը փնտրում ա ելքեր, ու կոնֆլիկտ ա տեղի ունենում մարդու ներսում: Քանի որ կան որոշ սոցիալական ու ոչ մարդկային խմբեր ու արարածներ, որոնք ես-ի ու մեր-ի մեջ չեն մտնում, իրանց հանդեպ զորություն/իշխանություն կարելի ա կիրառել ուզածդ ձևով: Ու էստեղից էլ կնոջը ծեծող տղամարդ, շանը/կատվին հարվածող/տանջող մարդ, գեյերին/հրեաներին/լիբերալներին ատող ու իրանց դեմ պայքարող մարդիկ/խմբեր: Որովհետև իրանց մեջ կա անսահման պոտենցիա, ու էդ պոտենցիան անընդհատ հանդիպում ա պատնեշների, ու էդ մարդիկ ի վերջո գտնում են էդ պոտենցիան արձակելու տվյալ ալիքները:

ԱՎԵԼԻ ՇԱՏ ՉԻ ԿԱՐԵԼԻ՞

Ինչպե՞ս լուծել խնդիրը: Ավելի շատ բանտե՞ր, ավելի շատ չի կարելինե՞ր: Իսկ գուցե հենց էդ ա ծնում ամեն ինչը: Մի կողմ դրած բնակչության շատ փոքր խումբ, ով հակված ա բռնության կենսաբանական պատճառներով ու ադապտացված չի հասարակության մեջ ապրելուն, մեծամասամբ նորմալ մարդիկ են, չէ՞, վերջում դուրս գալիս մանկապիղծներ, կնոջը ծեծողներ, ընտրակեղծիք իրականացնողներ… գուցե եթե իրանց ամենահիմնարար կարիքները հոգված լինեն, նրանք չհասնե՞ն էդ մտքերին (որ, ասենք, սեքսի համար պետք ա շանտաժ անել կամ բռնություն կիրառել):

ԸՆՏՐՈՎԻ ՑԱՎ

Հարևան Իրանում ավելի շատ գեյ ու ուրիշ մարդկանց են սպանել ու սպանում ամեն ամիս: Բայց Je suis Charlie, կամ, ասենք, I am Colorado ենք մենք անում, ոչ Je suis Iraq. Մենք ավելի ենք ցնցվում ոչ թե սպանված գեյերի համար, իրականում, այլ նրա համար, որ էդ գեյերը սպանվել են ԱՄՆ-ում, կամ որ լրագրողը սպանվել ա Ֆրանսիայում: Իրականում պատճառը պարզ ա. մարդկանց մտքում ԱՄՆ-ն ու Եվրոպան իդեալներ են, երազանքներ, էն տեղը, որտեղ մյուս մայրցամաքների բնակչության 95 տոկոսը կուզենար ապրեր: Ուստի երբ հարձակվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Անգլիայի վրա, հարձակվում են մոլորակի բնակչության մեծամասնության կամ հոծ զանգվածի իդեալների ու երազանքների վրա: Դրա համար էլ էս տեսակ պատմություններն ավելի մեծ արձագանք են ստանում: