Պիտակներ

, , , , , ,

Ծայրահեղական ու պահպանողական քրիստոնյաները չարաշահում են Բիբլիայի որոշ հատվածներ` դատապարտելու համար նույնասեռականներին: Թե ինչ տեսակի այլ տաբուներ ու ‘սուրբ օրենքներ’ կան Բիբլիայում, որոնցով կարելի է արդարացնել հրեշավոր արարքներ, ընդհուպ մինչև` քարկոծում ու սպանություն, կարող եք կարդալ էստեղ:

Իսկ հիմա` այդ հատվածներն ու դրանց մեկնաբանությունը: Հին Կտակարան.

  1. Ծննդոց 19:5 «Եւ Ղովտը կանչեցին ու անոր ըսին. «Ո՞ւր են այն մարդիկը, որոնք այս գիշեր քեզի եկան. զանոնք դուրս հանէ մեզի, որ գիտնանք զանոնք»»:
  2. Ղեւտացւոց 18:22 «Եւ արուի հետ՝ կնոջ հետ պառկելու պէս մի՛ պառկիր՝ պըղծութիւն է այդ»:
  3. Ղեւտացւոց/ Ղևտական 20:13. “Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն։ Երկուսն էլ մահուան թող դատապարտուեն, որովհետեւ մահապարտ են։”

Նոր Կտակարան`

Թուղթ առ հռովմայեցիս 1:26 «…Իրենց էգերն անգամ բնական պէտքը բնութեան դէմ եղող պէտքի փոխեցին»:

Թուղթ առ հռովմայեցիս 1:27 «Նույնպէս ալ արուները կնոջ բնական պէտքը թողուցած՝ իրենց ցանկութիւնովը իրարու հետ վառուեցան. արուները արուներու հետ խայտառակութիւն կը գործէին…»:

Ա. թուղթ առ կորնթացիս 6:9-10 «Չէ՞ք գիտեր թէ անիրաւները Աստուծոյ արքայութիւնը պիտի չժառանգեն: ՄԻ՛ խաբուիք: Ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, (10) Ո՛չ իգացեալները, ո՛չ արուագէտները…Աստուծոյ թագաւորութիւնը պիտի ժառանգեն»:

Ա թուղթ առ Տիմոթէոս 1:8-10 «Արդ գիտենք թէ օրենքը աղէկ է, եթէ մէկը զանիկա օրինավոր կերպով գործադրելու ըլլայ:(9)Բայց ա՛յս թող գիտնայ թէ արդարներուն համար չէ օրէնքը, հապա անօրէններուն ու անհնազանդներուն համար…(10) Պոռնիկներուն, արուագէտներուն…եւ թէ ուրիշ ոեւէ բանի որ հակառակ է ողջամիտ վարդապետութեան»:

Հին Կտակարան: Այն, ինչ քրիստոնյաներն անվանում են Հին Կտակարան, իրականում հուդայական Սուրբ Գրքի մի մասն է կազմում: Քրիստոնեական ուսմունքը հիմնված է հուդայականի վրա: Հուդայականությունն է, որ հին աշխարհում ջատագովել է մեկ Աստծո գաղափարը: Քրիստոնեությունը մի կողմից ներկայացվում է որպես միաստվածական կրոն, իսկ մյուս կողմից դրան հակասում է Սուրբ Երրորդության գաղափարը. դա բարդ գաղափար է ընկալման համար` երեք էություն, երեքն էլ անկախ, երեքն էլ` փոխկապակցված: Այդ գաղափարը ներկայացնելու լավագույն ձևերից էր բուրգը. ամեն մի կողմը մի էություն (Հայր, Որդի, Սուրբ Հոգի), սակայն` ոչ իրարից անկախ:

Հայրը Որդին չէ, Որդին Սուրբ Հոգին չէ, Սուրբ Հոգին Հայրը չէ...

... Հայրը Աստված է, Որդին Աստված է, Սուրբ Հոգին Աստված է

Սրա պատճառով էլ, մահմեդականներն ու հուդայականները քրիստոնեությունը չեն ընդունում որպես միաստվածային կրոն. հուդայականությունն ընդունում է մի Աստծո` տարբեր անուններով (Յահվե կամ Եհովա, Էլ, Էլոհիմ, Էլոհայ…), բայց մի Աստծո: Նույնն էլ իսլամը` Ալլահ, որն ունի շատ անուններ ու տիտղոսներ: Իսկ քրիստոնեության մեջ, Աստվածն ունի որդի, ինչպես նաև ‘գործիք’/’սուրհանդակ’/’երրորդ ուժ’… այն է` Սուրբ Հոգի: Մի կողմից այդ երեք էությունն էլ առանձին են, մյուս կողմից էլ` առանձին ու անկախ չեն, ու Քրիստոսը, ասում են, Սուրբ Հոգու հետ միասին, գոյություն է ունեցել ի սկզբանե, ու ոչ թե արարվել է Աստծո կողմից:

Ահա թե ինչու է, որ կա մեծ անդունդ իրական “Հին Կտակարանի” (ի սկզբանե` հրեաների Սուրբ Գրքի` Տանաքի) ու քրիստոնեության միջև: Հին Կտակարանի օրենքներից շատերն անկիրառելի են այսօր: Եվ անդունդը կրճատելու համար է, որ Քրիստոսն ինքն ասում է` եկել է Հին Ուխտը նորացնելու (բայց ոչ` կորցնելու):  Որպեսզի ընդունված լիներ Հին Կտակարանի Ժողովրդի` հրեաների կողմից: Նրան դա չհաջողվեց… ցայսօր էլ կան հուդայականներ; նույնիսկ հուդայականներ կան, որոնց համար գրեթե հարամ է ‘Քրիստոս’ բառն արտասանելը. նրան ընկալում են որպես կեղծ մարգարե, որպես խայտառակություն:

Այսպիսով, Հին Կտակարանը այդպես էլ մնաց հեռու Նորից. պատահական չէ, որ այսօր շատ եկեղեցիներ երկրորդական տեղ են տալիս Հին Կտակարանին` որպես Հին Ուխտ: Հին Ուխտի մեծագույն գործառույթներից էր, ի միջի այլոց, Քրիստոսին հաստատել որպես Մեսսիա: Դա էլ չի հաջողվել, որովհետև հուդայականները` ‘Հին Կտակարանի’ հեղինակները (քրիստոնեական Հին Կտակարանը կազմում է հուդայական սուրբ կամ սրբագրված գրերի մի մասը), ունեն իրենց սեփական Մեսսիան, որ դեռևս պիտի գա…

Դրա համար է, որ, չհաշված այլ պատճառներ, Հին Կտակարանն օգտագործել որպես իրական քրիստոնեական գիր… ‘իրավաբանորեն’ այնքան էլ արդար ու օրինավոր չէ (չնայած դա չի խանգարում, որ շատերը հենց այդպես էլ վարվեն): Ու, նաև, անիմաստ է այդ տեսանկյունից խոսել վերոնշյալ երեք հատվածներից (‘նույնասեռականությունը’ դատապարտող)` որպես քրիստոնեական օրենքների, այն էլ` արդի օրենքներ: Երբ այդ օրենքները գրվել են, քրիստոնեություն դեռևս չի էլ եղել: Նրանք, ովքեր այդպես են անում, հաշվի չեն առնում այն բաները, որոնց մասին նշեցի: Բացի դրանից, մեկ այլ հոդվածում շատ են օրինակները` Հին Օրենքների օրինակները: Սա առաջին կարևոր բանն է, որ պիտի հաշվի առնել` խոսելիս Հին Կտակարանի մասին ընդհանրապես, ու նրա հին օրենքների մասին հատկապես: Ուստի, այս ամենը հաշվի առնելով ու հասկանալով` գիտակցում ենք, որ ղևտական գրքի օրենքները, ի սկզբանե գրված հենց ղևտացոց համար, այսօր հին են ու անիրավական (չնայած, շատերը կան, որ կարելի է ընդունել որպես լավ օրինակ այսօր էլ, սակայն ոչ որպես տաբուներ հաստատ, ու, հատկապես, երբ նրանք բռնությունների են կոչ անում այս կամ այն սոցիալական խմբերի նկատմամբ` ներառելով քարկոծում ու սպանություն… ՄԻ´ ՍՊԱՆԻՐ):

Սակայն, այլ կարևոր բաներ էլ կան, որ պիտի հաշվի առնենք: Այժմ քննարկենք ամեն մի հատված` առանձին-առանձին:

  1. Ծննդոց 19:5 «Եւ Ղովտը կանչեցին ու անոր ըսին. «Ո՞ւր են այն մարդիկը, որոնք այս գիշեր քեզի եկան. զանոնք դուրս հանէ մեզի, որ գիտնանք զանոնք»»:

Ինչի՞ մասին է այս հատվածը: Սոդոմ ու Գոմոր: Հրեշտակները գալիս են Սոդոմ, Ղովտը նրանց իր տուն է հրավիրում` գիշերելու: Գիշերը քաղաքի բնակիչները գալիս են` պահանջելու “գիտենալ” հյուրերին: Ղովտն առաջարկում է իր երկու կույս դուստրերին: Ամբոխը հրաժարվում է, ու սպառնում Ղովտին: Մեկ այլ հոդվածում արդեն ներկայացրել եմ այս հատվածի մեկնաբանությունը` ոչ թե դասականը` իբր դա նույնասեռականությանն ու նույնասեռականներին է վերաբերում, այլ մեկ այլ, ավելի բանական մեկնաբանություն: Ուղղակի մեջբերում եմ մի քանի նախադասություն. “Այո, դա պատիժ էր (Սոդոմի ու Գոմորի անբարոյական բնակիչների կործանումը): Այո, դա պատիժ էր հյուրերին անարգելու համար: Այո, դա պատիժ էր բռնաբարության փորձի համար. բնակիչները փորձեցին բռնի կերպով մտնել Ղովտի տուն և «գիտենալ» հյուրերին: Դա պատիժ էր անբարոյականության համար: Դա նաև պատիժ էր ընդդեմ քսենոֆոբիայի (օտարավախության)…”: Բայց նույնասեռականների ու նույնասեռականության պատիժ դա չենք կարող անվանել:

Հենց սրա համար է, որ այս հատվածը ներկայացնել որպես մի հատված, որ քննադատում է նույնասեռականներին… ուղղակի անհիմն է: Ու ցանկացած խելամիտ նույնասեռական կհամաձայնվի, որ բռնաբարությունը (կապ չունի` նույնասեռ թե տարասեռ տեսակի) հանցավոր արարք է` արժանի պատժի ու փոխհատուցման: Այնպես որ, առաջին հատվածը, որ քրիստոնյաները սիրում են գործածել որպես նույնասեռականներին դատապարտող, իրականում նույնասեռականներին չէ, որ դատապարտում է: Նորից կարդացեք ամբողջ պատմությունը, ու կհասկանաք:

2. Ղեւտացւոց 18:22 «Եւ արուի հետ՝ կնոջ հետ պառկելու պէս մի՛ պառկիր՝ պըղծութիւն է այդ»:

3. Ղեւտացւոց/ Ղևտական 20:13. “Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն։ Երկուսն էլ մահուան թող դատապարտուեն, որովհետեւ մահապարտ են։”

Արդեն նշեցի` ինչու տվյալ խոսքերը չեն կարող մեջբերվել որպես իրական քրիստոնեական արժեքներ ներկայացնող խոսքեր.

Ա. Դրանք չեն գրվել քրիստոնյաների կողմից, ավելին` քրիստոնեություն կրոնը դեռևս գոյություն չուներ, երբ այս տողերը գրվել էին:

Բ. Դրանք չեն գրվել քրիստոնյաների համար (պատճառն ակնհայտ է նախորդ նախադասությունից):

Գ. Դրանք գրվել են հատկապես Ղևտացիների համար` հոգևորականներ, որոնք Իսրայելում ունեին սեփական կալվածքներն ու նույնիսկ քաղաքները:

Դ. Ընդունել ղևտական գրքի այս երկու հատվածը կնշանակի ընդունել ողջ ղևտական գիրքը: Դուք դա կանե՞ք: Քարկոծել, ֆիզիկական պատիժներ կիրառել…

Ղևտական 20:13-ը հատկապես չարաշահում են ծայրահեղ հոմոֆոբերը. նույնիսկ եթե այլ հանգամանքներում ոմանք իրենց չէին անվանի քրիստոնյա, ապա տվյալ դեպքում նրանք ակտիվանում են` նշելով, որ դա ահավոր մեղք է… Ամենաահավորն այն է, որ կան մարդիկ, որ արդարացնում են նույնասեռականների սպանությունները` նշելով, որ դա Աստվածահաճո գործ է… էսպիսի՞ն է քրիստոնյաների Աստվածը: Իրեն հաճելի է, որ այլ մարդկանց սպանե՞ն: Բա ՄԻ´ ՍՊԱՆԻՐ պատվիրանն ո՞ւմ համար էր… երկակի ստանդարտնե՞ր… պաշտպանում է ոմանց, բայց այդ պաշտպանությունը չի տարածվում բոլորի վրա՞: Բա քրիստոնեական եղբայրության ոգին ո՞ւր մնաց:

Հին Կտակարանում նույնասեռականությունը դատապարտող այս երեք հատվածներն են, որ առկա են: Ինչպես տեսանք, դրանք այնքան էլ էական չեն, ու չեն առնչվում մեր առօրյային ընդհանրապես: Շատ մանրամասն ու հետաքրքիր աշխատություններ կան գրված, որոնք բացատրում են ու ներկայացնում շատ հետաքրքիր փաստեր ու տվյալներ տվյալ թեմայի մասին: Բացի դրանից, այսօրվա աշխարհն է, որ շատ տարբեր է այն աշխարհից, որում գրվել է Բիբլիան: Այսօր կան տարաբնույթ եկեղեցիներ ու այլ տեսակի հոգևոր կենտրոններ, որ սրտաբաց կերպով են ընդունում բոլորին` առանց նախապաշարմունքների ու կարծրատիպերի:

Իրականում, Հին Կտակարանը մեծ արգելք չէ քրիստոնյա նույնասեռականների համար` միանալու իրենց եկեղեցիներին. հոգևորականների արգելքներն ու մոտեցումներն են, որ արգելք են:

Մեկ այլ շատ կարևոր բան, որ պիտի հաշվի առնել այն է, որ Հին Կտակարանում կան նաև այլ հատվածներ նույնասեռականների մասին. ավելի դրական: Դավթի և Հովնաթանի պատմությունը, օրինակ:

Այժմ Նոր Կտակարանի մասին.

1. Թուղթ առ հռովմայեցիս 1:26 «…Իրենց էգերն անգամ բնական պէտքը բնութեան դէմ եղող պէտքի փոխեցին»:

Առաջին կարևոր բանը, որ պիտի հաշվի առնել այն է, որ գործ ունենք թղթի հետ. առաքյալները թղթեր էին գրում այս ու այն քաղաք ու բնակավայր` այս ու այն անհատներին կամ եկեղեցիներին: Այս մեկը, օրինակ, գրվել է Հռոմի համար: Արդյո՞ք մենք Հռոմեացիներ ենք: 1600-1950 տարվա առաջվա Հռոմո՞ւմ ենք ապրում: Սրանք պատմական նշանակություն ունեցող աղբյուրներ են: Բայց աշխարհն առաջ է գնացել, ցանկանում եք ապրել ինչպես նախնադարյան Հռոմո՞ւմ: Հետևելո՞ւ եք բոլոր օրենքներին: Դե առաջին հերթին հրաժարվեք ինտերնետից, համակարգչից ու հեռուստացույցից: Իսկ եթե ոչ` ինչո՞ւ հենց նույնասեռականներին հետապնդել` չհետևելով բորոլ մյուս օրենքներին: