Պիտակներ

, , ,

Հաշվի առնելով, որ տղաս երկար ժամանակ է, որ «Գլի»-ի (Glee) Բլեյնի (Blaine) վրա է սիրահարված, և նրա մասին խոսելիս նրան պարբերաբար անվանում է «զուգընկերս», ես մտածում էի, որ մեծ է հավանականությունը, որ մի օր նա կասեր. «Ես գեյ եմ»: Բայց երեխաս ընդամենը յոթը տարեկան է: Կարծում էի, որ դեռևս մի քանի տարի ունենք մինչև դրան հասնելը (եթե երբևէ դրան հասնեինք), հավանաբար դա կլիներ երբ նա 14 կամ 15 տարեկան լիներ: Երբեք չէի մտածում, որ դա այսչափ շուտ տեղի կունենար:

Վեցը ամիս առաջ «գեյ» բառը տղայիս բառապաշարում չկար էլ: Նա միշտ էլ իմացել է, որ արական սեռի մեր որոշ ընկերներն ամուսնացած են տղամարդկանց հետ և իգական սեռի ընկերներն էլ` կանանց, ու դա իր կյանքի այնքան նորմալ մի մասն է, որ նրանց նկարագրելու համար իրեն երբևէ հատուկ բառ պետք չի եղել:  Երբ այդ բառը նրա աչքով ընկավ և հարցրեց, թե դա ինչ է նշանակում, ես նրան ասացի, որ երբ տղաներն ուզում են տղաների հետ ամուսնանան, իսկ աղջիկները` աղջիկների, մենք դա անվանում ենք «գեյ»: Նա շատ հետաքրքրված չէր թվում, և շուտով մոր հետ լեզվական դասի փոխարեն ուրիշ, ավելի հետաքրքիր բանով սկսեց զբաղվել:

Անցավ մի քանի ամիս: Ես հեռախոսով էի խոսում մի ազգականիս հետ, որը հենց նոր էր բացահայտել, որ ես The Huffington Post-ում բլոգ էի պահում և բացահայտ քննարկում էի տղայիս սիրահարվածությունը Բլեյնի վրա: Մեկ այլ սենյակում էի մենակ (էդպես էի կարծում), ու բացատրում էի, որ «Մենք չգիտենք` նա գեյ է, թե հետերոսեքսուալ: Մենք գիտենք, որ սիրում ենք նրան», ու տղայիս ձայնը զրնգաց ետևումս:

«Հա, տենց եմ», ասաց նա:

«Ո՞նց, ձագուկս», հարցրեցի ես:

«Գեյ: Ես գեյ եմ»:

Մի ակնթարթ աշխարհը կանգ առավ, ու տղայիս դեմքին կարդացի «վաաայ, մամ, շուտվանից չգիտեի՞ր»:

Հեռախոսը մի կողմ դրեցի, կռացա նրա աչքերին հասնելու աստիճանի, և քիթս նրա քթին հպեցի: «Քեզ էնքան շատ եմ սիրում»:

«Գիտեմ», ասաց ու վազեց իր եղբայրների հետ խաղալու:

Այդ օրվանից հետո, ամեն անգամ երբ խոսակցության ընթացքում լսվում էր «գեյ» բառը, նա ուրախ-ուրախ իր կողքի մարդկանց հայտնում էր. «Ես գե՜յ եմ»: Շատ բնական և ուրախ ձևով է դա ասում, նույն ձևով, երբ իրեն մասին այլ բաներ է ասում, որոնք իրեն դուր են գալիս: Մոտն ասա, որ ինչ-որ մեկը բարձրահասակ է, ու նա արագ կասի. «Ես բարձրահասա՜կ եմ»: Եթե «Լեգո» բառն է լսում, մի վայրկյան էլ չի անցնում, ու ասում է. «Լեգո: Սիրում եմ լեգո»: «Ես գեյ եմ» ասելը նրա ձևն է մարդկանց ասելու` սա իմ մասին ինչ-որ բան է, որ ինձ դուր է գալիս:

Զարմանալի է, բայց նաև ցնցող: Քանի՞ մարդ կա, որոնց յոթնամյա երեխան արտագալուստ է արել: Շատերը չգիտեն, թե ինչպես արձագանքեն, և ես նրանց չեմ մեղադրում: Ես, մինչև տղայիս արտագալուստը, երբեք չեմ հանդիպել այս աստիճան երիտասարդ տարիքում արտագալուստ արած երեխայի, ու մենք ոչ ոքի չենք ճանաչում, ով այս տարիքում արտագալուստ արած լինի: Նույնիսկ այն փաստը, որ երեխաները կարող են սեռական կողմնորոշում ունենալ, շատերին է անհանգստացնում: Դա մի բան է, որի մասին մենք չենք մտածում (կամ չենք սիրում մտածել):

Բայց ահա փաստը. հետերոսեքսուալ երեխաները հայտարարելու բան էլ չունեն: Հետերոսեքսուալությունը ենթադրություն է: Ոչ ոք ծուռ աչքով չի նայում փոքրիկ աղջկա վրա, ով Ջասթին Բիբերի պոստեր ունի իր սենյակում, կամ երբ փոքր աղջիկները փոքր տղաների հետ հարսանիք են խաղում ամեն անգամ, երբ նման հնարավորություն է ընձեռվում: Եթե մեր սեռական կողմնորոշումն ուղղակի մեր էության մասն է, ինչո՞ւ այն մեր կյանքի սկզբնական տարիներից չպետք է լինի:

Անթիվ մեծահասակներից եմ լսել, որ գիտեին, որ գեյ են նույնիսկ երբ որ մանկապարտեզում էին, բայց չգիտեին, թե ինչ բառերով դա ասեին: Եվ մեծամասամբ նրանք գիտեին, թե դա ինչ-որ սխալ բան է, որը նրանք պետք է թաքցնեին: Քանի որ գեյ մարդիկ երեխայիս առօրյա կյանքի մի մասն են, նա բառապաշար ունի, ու նրա մտքով երբեք չի անցել, որ դա ինչ-որ սխալ բան է:

«Ես գեյ եմ» հերթական հայտարարությունից հետո, նայեցի, թե ինչպես ամուսինս ձեռքը երկարացրեք, որ մեր երեխայի մազերը գզգզի:  «Գիտեմ, ճուտ», ասաց ամուսինս: «Ու դու շատ լավն ես»: Էդպես ենք արձագանքում: Ուզում ենք, որ նա իմանա, որ իրեն լսում ենք, ու որ նա հրաշալի է: Կարծում ենք, որ դա է ճիշտը, ու այժմ այդպես ենք առաջ գնում: Մենք ուրիշ այլ օրինակներ չգիտենք:

Մենք, ինչևէ, մի քանի լրացուցիչ քայլ էլ ենք արել: Մի քանի օր առաջ նրա հետ ճեպազրույց ունեցանք այն բանի մասին, որ որոշ մարդիկ չեն սիրում գեյ մարդկանց` բացատրելով, որ այդ մարդիկ սխալ են: Եթե նա ինչ-որ մեկից լսի, որ գեյ լինելը վատ բան է, նա պետք է միանգամից վազի մեզ մոտ ու մեզ դա ասի: Նրա ուսուցիչների հետ կարճ խոսակցություն ենք ունեցել. մեր տղան ինքն իրեն ընդունում է որպես գեյ: Չենք կարծում, որ դրա մեջ ինչ-որ վատ բան կա: Եվ սա է այս թեմայով միակ ընդունելի կարծիքը: Նրա բոլոր ուսուցիչները, չնայած զարմացած, բայց մեզ հետ էին: Մենք իմացանք, որ նա դպրոցում այդ բառը դեռևս չի օգտագործել, ուստի դրա հետ գործ կունենանք, երբ ժամանակը գա:

Չեմ կարծում, որ միշտ հեշտ է լինելու: Չգիտենք` ինչ ակնկալել: Այս պահին մենք խնդիրներ չենք ուզում ունենալ, բայց միաժամանակ պատրաստվում ենք դրան: Գիտենք, որ մեր առջև մի ճանապարհորդություն ունենք, ինչպես որ բոլորը: Եվ սա մեր տղայի ու մեր ընտանիքի պատմության մի մասն է:

Արդյոք մտածո՞ւմ եմ, որ սա նրա վերջնական սեռական կողմնորոշումն է: Ես չգիտեմ: Նա 7 տարեկան է: Գուցե երբ մեծանա ուրիշ բան ասի, բայց նաև հնարավոր է, որ ուրիշ ոչ մի բան էլ չասի: Բայց իրոք, դա նույնիսկ կարևոր չէ: Կարևորը հենց հիման է: Ու հենց հիմա ես ունեմ երիտասարդ տղա, ով ուրախ հայտարարում է «Ես գեյ եմ»: Ու ես այնքան հպարտ եմ, որ նրա մայրն եմ: