Պիտակներ

, , , , , , ,

Ս.թ. հոկտեմբերի 4-7-ը Մոսկվայում կայացավ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) քրիստոնյաների 5-րդ ֆորումը:

Ֆորումի թեման էր «Հավատ, որ գործում է սիրով»:

Տվյալ ֆորումը Արևելյան Եվրոպայում անցկացվող հինգերորդն է իր թվով: Ֆորումի կարգախոսն ընտրվել է Բիբլիայի Գաղատացիներ 5-րդ գլխի 6-րդ խոսքից. «քանի որ նա, ով միացած է Քրիստոս Յիսուսին, ո՛չ թլփատուած լինելը արժէք ունի եւ ո՛չ անթլփատ լինելը, այլ՝ հաւատը, որ սիրով է գործում»։

Ֆորումին ընդհանուր թվով մասնակցել է մոտ 15 երկիր: Ընդհանուր թվով 50 մասնակիցներ էին ներգրավված ֆորումում, որոնցից մեկը՝ Հայաստանից:

2004-ից սկսած ֆորումներից վերջինի ժամանակ նաև տեղի ունեցավ ամուսնություն հենց ֆորումի ժամանակ:

Կլոր սեղանների, սեմինարների ու դասախոսությունների միջոցով նրանք ուսումնասիրեցին հետևյալ թեմաները.

— Քուիր և ֆեմինիստական աստվածաբանության հիմունքները,

— Աստվածաշունչն ինչ է ասում, ու ինչ չի ասում, նույնասեռականության մասին,

— Քրիստոնեական ծառայություն ԼԳԲՏ համայնքին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ԼԳԲՏ  մարդկանց, ՄԻԱՎ-դրական կարգավիճակ ունեցող մարդկանց, և այլ խոցելի խմբերի,

— Ինչպես փրկվել հոմոֆոբիայից և հակադարձել դրան,

— Խորհրդատվություն և հովիվների աշխատանքը ԼԳԲՏ համայնքում,

— Մեր պատմությունները. ԼԳԲՏ քրիստոնյաների վկայություններ ու պատմություններ,

— Նույնասեռականները եկեղեցում. հին պատմությունից ցայսօր,

և այլն:

Մասնակիցներն ուսումնասիրեցին նաև ԼԳԲՏ քրիստոնեական խմբակների համար նախատեսված միջազգային ծրագրեր:

Ֆորումին կարող են մասնակցել բոլոր քրիստոնեական ուղղությունների հոգոևորականները, ծառայողները, հավատացյալները, քրիստոնեությամբ և ԼԳԲՏ համայնքի կյանքով հետաքրքրվող անհատներ:

Ալեքսը 30-ամյա քրիստոնյա է, իրեն համարում է բողոքական-ավետարանչական եկեղեցու հետևորդ:

— Քանի՞ տարեկանից ես զգացել հոգևորի հանդեպ ձգտում:

— Ութ տարեկանից սկսել եմ հասկանալ, որ կա Աստված, և նրան ավելի մոտիկից ծանոթանալու ցանկություն ունեի: Գերբնական զորության ներկայության զգացողություն ունեի, զգում էի, որ Աստված իրական է, անհատականություն է, ինձ հետ է:

— Ֆորումի մասին ինչպե՞ս իմացար:

— Իմացա ընկերոջիցս՝ Յուրա Մաքսիմովից: Նա «Աշխարհի լույս» քրիստոնեական ԼԳԲՏ խմբի  առաջնորդ է:

— Ի՞նչ ակնկալիքներ ունեիր ֆորումից:

— Առաջին հերթին, գիտելիք առ նույնասեռականություն քրիստոնեության մեջ, հետո ծանոթություններ, նաև ԼԳԲՏ քրիստոնյաների հետ հոգևոր հարաբերություններ և այն բանի գիտակցում, որ ես միայնակ չեմ, որ կարող եմ այլոց հետ կիսվել, բարձրաձայն ասել, որ գեյ եմ և քրիստոնյա:

— Իրականությունը համապատասխանե՞ց ակնկալիքներիդ:

— Միանշանակ կարող եմ ասել՝ այո: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, մարդիկ շատ էին ջանացել, և ֆորումին շատ լուրջ էին նախապատրաստվել: Ի հեճուկս ամեն տեսակի ազգայնական կազմակերպությունների ծայրահեղական հայտարարությունների, ֆորումը կայացավ:

— Առաջի՞ն անգամ էր, որ մասնակցում էիր ԼԳԲՏ քրիստոնեական միջազգային միջոցառման:

— Ոչ, սա արդեն երկրորդ միջոցառումն էր: Առաջինը եղել է Ամստերդամում:

— Հայաստանում ի՞նչն ես ցանկանում փոխել՝ կապված քրիստոնեության և ԼԳԲՏ հավատացյալների հետ:

— Ուզում եմ, որ քրիստոնեական դենոմինացիաները հասկանան, որ գեյ լինելը մեղք չէ, մարդն ինքն իրեն սեռական կողմնորոշում չի ընտրում և կցանկանայի ընդգծել, որ Աստվածաշնչում շատ ավելի մեծ քանակով զգուշացումներ ու սահմանափակումներ կան տարասեռականների (հետերոսեքսուալների), քան թե հոմոսեքսուալների համար:

— Ի՞նչ կհորդորեիր Հայաստանում գեյ քրիստոնյաներին:

— Նախ և առաջ, դուք ձեզ ձեր կողմնորոշման պատճառով մի մեկուսացրեք: Աստծո հետ ավելի մտերմիկ հարաբերություններ հաստատեք և Աստված անձնական հայտնության միջոցով ձեզ ցույց կտա, որ գեյ լինելը մեղք չէ: Եվ կոչ կանեմ փորձել մշտական զուգընկեր ունենալ և խուսափել պատահական սեռական կապերից:

— Ի՞նչ կհորդորեիք այն քրիստոնյաներին, ովքեր Աստվածաշունչն օգտագործում են սեփական ատելությունն ու հոմոֆոբիան արդարացնելու համար.

— Ի՞նչ կարող եմ նրանց ասել: Կարող եմ ասել, որ Աստվածաշնչի մեջ կարելի է ամեն ինչ էլ գտնել: Աստվածաշունչը մի գիրք է, որը պարունակում է պատմվածքներ, դրամաներ, նույնիսկ բաժակ նայելով գուշակություն: Եթե մենք Աստվածաշնչով առաջնորդվեինք ըստ Հին Կտակարանի, ապա մենք պետք է կանանց քարկոծեինք, եթե օրինակ նրանք կույս չլինեին, հետո քարկոծել չար ու ծնողներին չենթարկվող երեխաներին: Սա հաշվի առնելով, ես նրանց կասեի՝ եկե՛ք ապրեքն Հիսուս Քրիստոսի պատգամով. սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ: Եվ որ մենք սիրենք զմիմեանս: Նաև կուզենայի ընդգծեի, որ ես նրանց կոչ չեմ անում սիրել մեղքը, քանի որ սերը մեղք չէ: Եթե տղան տղայի է սիրում, եթե աղջիկը աղջկա է սիրում, մենք ոչ մի դեպքում չպետք է փորձենք կոտրել կամ ոչնչացնել սերը, և սերը ոչնչացնելն ավելի մեծ մեղք կլինի: